ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դանիան և Նիդեռլանդներն ընդդեմ Իրանի. ի՞նչ հետևանքներ կունենան ԵՄ-ի նոր պատժամիջոցները

Եվրոպական մի քանի երկրների և Իրանի հարաբերություններում որոշակի լարվածություն է ի հայտ գալիս:  Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել է 2011թ.-ին ընդունած Իրանի դեմ պատժամիջոցների սև ցուցակը: Այս անգամ հակաահաբեկչական ցուցակում են ներառվել երկու ֆիզիկական անձ և մեկ կառույց` Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության ներքին անվտանգության տնօրինությունը: Նշենք, որ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Եվրոպական միության մի քանի երկրների կողմից առաջադրված մեղադրանքներն են:

Դանիայի անվտանգության ծառայության տվյալներով` Իրանի հետախուզությունը կասկածվում է Իսլամական Հանրապետությունում գործող «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժում» անջատողական խմբավորման առաջնորդի վրա Դանիայում հարձակում կազմակերպելու մեջ: Իրանի նկատմամբ նմանատիպ մեղադրանքներ է առաջ քաշել նաև Նիդեռլանդները: Ամստերդամի պնդմամբ` Իրանի հետախուզության աշխատակիցները ներգրավված են եղել իրենց երկրում երկու քաղաքացիների սպանության գործում  (միջադեպերը տեղի են ունեցել 2015 թվականին Ալմերում և 2017 թվականին Հաագայում) և ապացույցներ կան, որ այդ սպանությունների հետևում կանգնած են անմիջապես Իրանի իշխանությունները: Ըստ նրանց` սպանությունները կատարվել են այն պատճառով, որ տվյալ անձինք քննադատաբար են հանդես եկել Իրանի իշխանությունների նկատմամբ:  ԵՄ կողմից հրապարակված փաստաթղթում հիշատակվում է նաև Ֆրանսիայի  կողմից Իրանի դեմ ուղղված մեղադրանքները. 2018թ.-ի հոկտեմբերին Փարիզը Իրանի իշխանություններին մեղադրել էր իրանական ընդդիմադիր կուսակցության դեմ ահաբեկչական հարձակում կազմակերպելու համար: Սակայն Թեհրանը հերքում է ահաբեկչության մեջ իր ներգրավվածությունը:

Նշենք, որ այդքան էլ զարմանալի չէ, որ Դանիան հանդես է գալիս հակաիրանական պատժամիջոցներ սահմանելու օգտին: Վերջինս հանդիսանում է Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկը և նրա դիրքորոշումը հաճախ չի համընկնում ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշման հետ: Դանիայի կողմից հակաիրանական տրամադրություններ տարածելու հարցում նպաստում է նաև այն հանգամանքը, որ Դանիայի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը այդքան էլ մեծ չէ. Իրանը հիմնականում համագործակցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան: Ինչ վերաբերում է Նիդեռլանդներին, ապա վերջինս ևս պարբերաբար այս կամ այն հարցի վերաբերյալ ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում է որդեգրում: Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ վերջերս Նիդեռլանդները հրաժարվեց աջակցել Ֆրանսիայի կողմից միասնական եվրոպական բանակ ստեղծելու  գաղափարին:

Հատկանշականն այն է, որ ԵՄ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները սահմանվեցին այն բանից հետո, երբ հունվարի 8-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին, որ Իրանի նկատմամբ կրկնակի ճնշում կգործադրվի, եթե Իրանը չսկսի իրեն «կարգին» պահել: Դոնալդ Թրամփը փորձում է նոր գործարք կնքել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ և պահանջում է դադարեցնել միջուկային և բալիստիկ հրթիռների զարգացման իրանական հեռանկարները:

Սակայն հարկ է նշել, որ այս պատժամիջոցները ոչ մի կապ չունեն այն պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը չեղարկել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ: Այս անգամ ԵՄ-ի երկրներն Իրանի ուժային կառույցներին մեղադրում են երկրի ընդդիմության՝ արտասահմանում գտնվող ներկայացուցիչների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար: Այսպես կոչված սև ցուցակը ԵՄ-ի կողմից ընդունվել է 2011-ին. ներկայում ցուցակը ներառում է 15 մարդ և 21 կազմակերպություն:

Նշենք, որ եթե պատժամիջոցները տնտեսական բնույթի լինեին, ապա Իրանն այդ դեպքում անհանգստանալու առիթ կունենար, սակայն ԵՄ-ն պատժիչ միջոցները կիրառել է միայն հատուկ ծառայությունների նկատմամբ:  Տնտեսական ճգնաժամի հանգեցնող լուրջ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ նպատակահարմար չեն այդ թվում նաև ԵՄ-ի համար: ԵՄ երկրները փորձում են շարժվել Վաշինգտոնից նախևառաջ ֆինանսական անկախություն ձեռք բերելու ուղիով, ուստի եվրոպական բազմաթիվ ընկերությունների համար կարևոր է Իրանի հետ բիզնես վարելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նշենք, որ վերջինս չի շտապում որևէ կտրուկ քայլի դիմել: Իրանը կախվածություն ունի ԵՄ-ից` միջուկային գործարքի պահպանման տեսանկյունից: Ուստի այս պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ միջուկային գործարքի պահպանման հարցում Թեհրանի դիրքորոշման վրա: Բացի այդ եվրոպական որոշ երկրների հետ միասին Իրանն ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմի շուրջ, ուստի Իրանի համար շահավետ չէ փչացնել հարաբերությունները եվրոպական դաշնակիցների հետ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.10.2024
       
    17.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: