ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,434.78 դրամ ԱՐԾԱԹ - 448.59 դրամ ՊԼԱՏԻՆ - 20,679.84 դրամ

Ո՞ւմ է ձեռնտու ԱՄՆ-ում շարունակվող «շաթդաունը»

AFP via Getty Images

ԱՄՆ-ում շարունակվող «շաթդաունը», որի հետևանքով ԱՄՆ դաշնային հաստատությունները մասամբ դադարեցրել են իրենց աշխատանքը և հազարավոր դաշնային ծառայողներ հարկադիր պարապուրդի են մատնվել, գերազանցում է երկրի պատմության մեջ ամենաերկար շաթդաունի ռեկորդը (1995-1996-ին` 21 օր):

Եթե ավելի վաղ ակնկալվում էր, որ Թրամփն ու դեմոկրատները  կշարունակեն քննարկումները ու կքվեարկեն որևէ հստակ օրինագծի օգտին, որը թույլ կտա կառավարությանը վերսկսել իր աշխատանքը, ապա աստիճանաբար հանրապետականների և դեմոկրատների միջև հակասություններն այնքան խորացան, որ համաձայնության հասնելու հնարավորությունները ներկայում բավականին քիչ են:  Այդ մասին է վկայում վերջերս Թրամփի փոխզիջումային պլան առաջարկելու չհաջողված փորձը:

Նշենք, որ փոխզիջումը, որն առաջարկում է Թրամփը Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 5,7 մլրդ դոլարի հատկացումն է այն օրենքի ընդունման դիմաց, որը երեք տարով կհետաձգի անօրինական ճանապարհով ծնողների հետ եկած միգրանտների արտաքսումը: Խոսքը  մանուկ հասակում ապօրինաբար Միացյալ Նահանգներ եկած ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն ընձեռող «Deferred Action for Childhood Arrivals» (Daca) ծրագրի մասին է, ըստ որի անօրինական միգրանտների երեխաներն իրավունք ունեն մնալ երկրի տարածքում և ենթակա չեն արտաքսման (Բարաք Օբամայի կողմից ընդունված այս օրենքը Թրամփը չեղյալ էր հայտարարել դեռ 2017-ին):  Բացի այդ, Թրամփի ծրագրով առաջարկվում է նաև որոշակի արտոնություններ տալ այն 300 հազար միգրանտներին, ովքեր հնարավորություն չունեն վերադառնալու իրենց ծագման երկրներ:

Սակայն այդ առաջարկն իր մեջ ներառում է նախկինում մերժված դրույթներ, որոնք ներկայացուցիչների պալատի անդամների համար անընդունելի են:  Առաջարկված ծրագիրն, իհարկե, շահավետ է ԱՄՆ նախագահի համար, քանի որ դրանով Թրամփը ստանում է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հնարավորություն` ժամանակավոր փոխզիջումների դիմաց: Եվ չնայած նրան, որ Թրամփն անգամ համաձայնվել է պատը կառուցել սահմանամերձ միայն մի քանի գոտում, Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատները կտրականապես դեմ են դրա ֆինանսավորմանը:

Հատկանշական է, որ «շաթդաունի» հետևանքով տնտեսությանը հասցված վնասն ամեն շաբաթ կազմում է 1.2 միլիարդ դոլար: Այսպիսով, վերջին չորս շաբաթվա ընթացքում կառավարության աշխատանքի կասեցումը արժեցել է գրեթե 5 միլիարդ դոլար, իսկ մինչև ընթացիկ շաբաթվա վերջ այն կգերազանցի 5,7 միլիարդը (այնքան, որքան անհրաժեշտ է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար): Սակայն ստեղծված այս իրավիճակում, ինչպես երևում է, կողմերից ոչ մեկը չի պատրաստվում որևէ զիջումների գնալ:

Տպավորություն է ստեղծվում, որ երկու կողմերն էլ հնարավորինս օգտագործում են ներկայիս իրավիճակը 2020թ.-ի ընտրություններում դիվիդենտներ քաղելու նպատակով: Իսկ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու և միգրանտ երեխաների պաշտպանության հարցերն օգտագործվում են որպես խաղաթուղթ: Դեմոկրատներն, իրենց հերթին, կարծես միտումնավոր ձգձգում են հարցի լուծումը` ստեղծված իրավիճակի համար Թրամփին մեղադրելու, ինչպես նաև ԱՄՆ հասարակությանը ցույց տալու համար, որ վերջինս ի վիճակի չէ կատարել միգրանտների հարցով  տված խոստումը: Իսկ Թրամփը, ով 2016-ի ընտրություններում հաղթանակ տարավ մեծամասամբ միգրանտների դեմ պայքար մղելու խոստման շնորհիվ,  փորձում է անել ամեն հնարավորը պատի կառուցման  թեման մինչև հաջորդ ընտրություններ շահարկելու համար:  

Նշենք, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում ներգաղթյալների ընդհանուր թիվը հասել է 43.7 միլիոն մարդու, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 13.5% -ը: Իսկ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգներում ստեղծված աշխատատեղերի 67 տոկոսը զբաղեցրել են ներգաղթած անձինք, ինչն էլ տարիներ շարունակ հարուցել է տեղաբնակների զայրույթը: Հաշվի առնելով այս հանգամանքը` ինչպես նախկինում, այնպես էլ 2020թ.-ի ընտրություններին ընդառաջ Թրամփը  փորձում է միգրանտների դեմ պայքարով բարձրացնել սեփական վարկանիշը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 7 կմ/ժ
13 C°
 
11°  22° 
08.05.2021
13°  23° 
09.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: