ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքանո՞վ արդարացան ՀՀ սպասելիքները. ավարտվեց Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Հայաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր։ Սա նրա առաջին այցն էր Հայաստան նախագահի պաշտոնում։ Դրանից առաջ Զուրաբիշվիլին այցելել էր Ադրբեջան, որտեղ արված աղմկահարույց հայտարարությունից հետո բոլորը սպասում էին, թե ի՞նչ է ասելու Վրաստանի նախագահը Երևանում։

Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար տարածած հայտարարության մեջ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է. «Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որի համար խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն: Դա նրա զարգացման և մեր երկրների տնտեսության զարգացման պայմաններն են»: Նրա խոսքով՝ տարածաշրջանում մեծ թվով մարտահրավերներ կան, և անհրաժեշտ է հիշել, որ գլխավոր ճանապարհը հակամարտությունների խաղաղ կարգավորումն է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Իր հերթին, Սարգսյանն ընդգծել է Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգման կարևորությունը: Այստեղ է թերևս ուրվագծվում հայաստանյան կողմի պատասխանը Զուրաբիշվիլիի՝ Բաքվում արած հայտարարությանը:

Հետաքրքրական է, որ Արմեն Սարգսյանն անուղղակի անդրադարձել է նաև Բաքվում Զուրաբիշվիլիի կողմից հնչեցված հայտարարությանը՝ նշելով. «իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար` նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը»: Նախագահի վերոնշյալ միտքը հուսադրում է, որ դռնփակ քննարկումների ժամանակ ստացվել է վրացի գործընկերոջ հետ համաձայնության գալ հակամարտությունների տարբերության ու դրանց կարգավորման ուղիների տարբեր լինելու շուրջ:

Խնդրո առակա հայտարարության հետ կապված իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պետք է առաջնորդվել միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով: ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումները պետք է այսուհետ ուղենիշ լինեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բոլոր հայտարարություններում: Խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները: Ինչին ի պատասխան Վրաստանի նախագահը նշել է, որ տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին:

Սալոմե Զուրաբիշվիլին նաև ասել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի հակամարտությունը չտեղափոխվի Վրաստանի տարածք, իսկ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրեն: Անդրադառնալով Ջավախքի հայերին՝ Վրաստանի նախագահը հատուկ նշել  է որ ցանկանում է, որ վրացերենը նրանց համար դառնա ավելի մատչելի, որպեսզի նրանց համար լինեն ավելի մեծ հնարավորություններ: Կարևորելով հայ բնակչության կողմից վրացերեն սովորելու մակարդակի բարձրացումը՝ նա ասել է, որ ցանկանում է, որ Ջավախքի հայությունը լինի երկրի զարգացման լիարժեք մասնակից. ներգրավված լինի քաղաքական, սոցիալ-տնտեսական և կյանքի այլ ոլորտներին:

Հայ համայնքի ներգրավվածությունը Վրաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում, հիրավի, կարող է հուսալի կամուրջ լինել երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման համար:

Բացի վերոնշյալ խնդրից երկու երկրների նախագահները քննարկել են տարածաշրջանի ներուժը, խոսել Սալոմե Զրուաբիշվիլիի՝ ԵՄ այցի և ԵՄ-ի վերաբերյալ Վրաստանի ծրագրերի մասին: Վրաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին` Հայաստանի դիրքորոշումը լսելու համար, ով ընդունել է հրավերը: Համագործակցության առաջնային ուղղությունների թվում Սալոմե Զուրաբիշվիլին նշել է տուրիզմը, նոր տեխնոլոգիաները, էներգետիկան, դեպի Հայաստան տրանսպորտային ենթակառուցվածքները: ՀՀ նախագահն էլ իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը:

Համագործակցության առաջնային ուղղությունների թվում Սալոմե Զուրաբիշվիլին նշել է տուրիզմը, նոր տեխնոլոգիաները, էներգետիկան, դեպի Հայաստան տրանսպորտային ենթակառուցվածքները:

Նշենք, որ Վրաստանի նախագահը հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ընդգծել է երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ հարաբերություններում ընդհանուր ռազմավարական շահերի վրա հիմնվելու կարևորությունը: Իր հերթին Ս.Զուրաբիշվիլին հայտարարել է, որ 2 երկրներին շատ բան է միավորում՝ սկսած պատմությունից մինչև ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Նա հույս է հայտնել, որ  կարելի է օգտագործել համագործակցության՝ Եվրամիության հետ կապված հնարավորությունները։ «Մենք միասին շատ բան կարող ենք անել, և շատ համատեղ գործեր ունենք»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ամփոփելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան, կարելի է այն համարել կայացած՝ վրացական կողմի հետ փոխադարձ վստահության և գործընկերային մթնոլորտի հաստատման, կուտակված կնճռոտ խնդիրներին անդրադառնալու տեսանկյունից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: