ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայքլ Տեր-Պողոսյան` պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայրը

1977 թվականին ստեղծված պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի սկաները իրական հեղաշրջում առաջացրեց համաշխարհային բժշկության մեջ: Այդ ժամանակից սկսած հնարավորություն ստեղծվեց գնահատել ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը տարբեր մտավոր պրոցեսների ժամանակ, վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղը, ինչպես նաև բացահայտել սրտի հիվանդությունները:  Այդ նորամածությունն ի հայտ եկավ հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, գյուտարար Մայքլ Տեր-Պողոսյանի ջանքերի շնորհիվ:

Մայքլ Տեր-Պողոսյանը  ծնվել է 1925 թվականի ապրիլի 21-ին Բեռլինում: Նա եղել է Տեր-Պողոսյան ընտանիքի միակ զավակը, որը Գերմանիայում էր հաստատվել Հայոց ցեղասպանության տարիներին: Կարճ ժամանակ անց Գերմանիայում հասունացող նացիստական տրամադրությունները, սակայն, պատճառ հանդիսացան, որ ընտանիքն արագ տեղափոխվի Ֆրանսիա: 

Մայքլի մոտ սերը գիտության նկատմամբ, հատկապես` ֆիզիկայի և քիմիայի, ի հայտ եկավ դեռևս դպրոցական տարիներից: 1943 թվականին նա  գիտական աստիճան ստացավ Փարիզի համալսարանում, այնուհետև 1946 թվականին` Ռադիումի ինստիտուտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երիտասարդ Մայքլը Ֆրանսիայի Դիմադրության շարժման կազմում պայքարի մեջ մտավ նացիստների դեմ:  Հայրը, անհանգստանալով որդու ապագա ճակատագրով, 1946 թվականին որոշում կայացրեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ:  Այստեղ Մայքլն ընդունվեց Վաշինգտոնի Սբ. Լուիսի անվան համալսարան, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Արթուր Հոլլի Քոմփթոնը, հայտնում է beckerexhibits-ը: 

Ուսմանը զուգահեռաբար` Մայլքը սկսեց աշխատել ֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես գիտաշխատող։ 1948 թվականին նա ստացավ մագիստրոսի աստիճան, իսկ  1950 թվականին՝ միջուկային ֆիզիկայի դոկտորի աստիճան։ 

Նույն թվականին Մայքլը սկսեց աշխատել Մալինկրոդտ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Այստեղ աշխատելու տարիներին նա հայտնագործեց կարճ ապրող ռադիոակտիվ իզոտոպների ցուցանիշի ներուժը և դարձավ առաջիններից մեկը, ով դրա միջոցով կարողացավ հայտնաբերել ուղեղի ուռուցքները և չափել արյան հոսքը, հայտնում է The New York Times-ը: 

1961 թվականին Տեր-Պողոսյանը ստացավ ռադիացիոն ուսումնասիրությունների պրոֆեսորի կոչում։ Այնուհետև 1973 թվականին նա դարձավ Մալինկրոդտ համալսարանի Ռադիոակտիվ հետազոտությունների բաժնի ղեկավար։ 

Մայքլ Տեր-Պողոսյանը հանդիսանում է պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի «հայրը»: 1970-ական թվականներին, գլխավորելով բժիշկների, կենսաբանների և ֆիզիկոսների մասնագիտական խումբը, նա ստեղծեց համակարգչային տոմոգրաֆիայի սարքը, ինչն էլ ուշագրավ է նրանով, որ ի տարբերություն մնացած սարքերի, որոնք պատկերում են միայն մարմնի հյուսվածքների քարտեզը` ցույց է տալիս նաև այդ հյուսվածքներում ընթացող շարժումը:

Չորս տասնամյակից ավելի ձգվող իր կարիերայի ընթացքում Տեր-Պողոսյանը մեծ նվաճումների է հասել միջուկային գիտության բնագավառում, որոնց համար էլ արժանացել է Ֆրանսիայի «Ոսկե շքանշանի», Կանադայի «Gairdner» հեղինակավոր մրցանակի, ինչպես նաև ԱՄՆ-ի Սենտ Լուիսի գիտությունների ակադեմիայի մրցանակի, Ջորջ Չարլզ դե Հևեսիի Միջուկային բժշկության ասոցիացիայի «Միջուկային բժշկության պիոներ» մրցանակի:

Տեր-Պողոսյանը եղել է բազմաթիվ արհմիությունների անդամ, ինչպես նաև աշխատել է մի շարք գլխավոր գիտական ամսագրերի խմբագրություններում («Roentgenology», «Միջուկային բժշկություն»,  «de Biophysique» և  «Medecine Nucleaire»)։ Նա հանդիսացել է Ամերիկյան միջուկային ասոցացիայի և Ամերիկյան Ֆիզիկայի միության անդամ:

Ավելին, նա եղել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության և ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի խորհրդատու: Հեղինակել է նաև ավելի քան 250 գիտական աշխատություն: 

Համաշխարհային բժկության մեջ հեղաշրջում կատարած հայազգի գիտնականը մահացել է 1996 թվականին` 71 տարեկան հասակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: