ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հոնկոնգի հայրը»` Խաչիկ Աստվածատրյան

Բոլոր ժամանակների ամենանշանավոր չինաբնակ հայը եղել է Պողոս Խաչիկ Աստվածատրյանը, նույն ինքը՝ Փոլ Չաթերը: Նա աշխատել է որպես Հոնկոնգի հաշտարար դատավոր, եղել է գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ, բազմաթիվ ընկերությունների սեփականատեր, ինչպես նաև ավելի քան 40 տարի հանդիսացել է Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդական:

Պողոս Խաչիկ Աստվածատրյանը ծնվել է 1846 թվականի սեպտեմբերի 8-ին Կալկաթայում (Հնդկաստան)` բազմազավակ ընտանիքում:  Մկրտվել է հայկական Սբ. Նազարեթ եկեղեցում:  Հայրը` Պավելը, հնդկական քաղաքացիական ծառայության անդամ էր, իսկ մայրը` Մարիամը, տնային տնտեսուհի, ով զբաղվում էր 14 երեխաների դաստիարակությամբ։  Թվում էր, թե կյանքը պետք է հանգիստ հունով ընթանար, սակայն յոթ տարեկան հասակում Խաչիկը կորցնում է հորը, իսկ երկու տարի անց մահանում է մայրը: 

Երեխաներին տեղափոխում են որբանոց: Փոլն այս տարիներին սկսում է սովորել Կալկաթայի La Martiniere քոլեջում: 18 տարին լրանալուն պես նա մեկնում է Հոնկոնգ՝ գումար վաստակելու և քույրերին ու եղբայրներին վերամիավորելու նպատակով, հայտնում է Barev Today-ը

Հոնկոնգում գտնվելու առաջին տարիներին նա սկսում է աշխատել որպես բանկի կառավարչի օգնական: Այնուհետև հրեա ընտանիքի օգնությամբ նա ներթափանցելով Հոնկոնգի բորսա, վերածվում է խոշոր ֆինանսական գործակալի` միևնույն ժամանակ զբաղվելով ոսկու սալակտորների ու հողատարածքների առևտրով:

Իր աշխատասիրության, գործարար բացառիկ ընդունակությունների շնորհիվ Փոլը մեծ հարստություն ձեռք բերեց: Դառնալով խոշոր բանկերի, հողատարածքների, առևտրական նավատորմի սեփականատեր` այդպիսով վերածվեց ամբողջ Ասիայի ամենահարուստ և Հոնկոնգի այդ ժամանակվա ամենաազդեցիկ դեմքերից մեկի: Նրա գործունեության շնորհիվ Հոնկոնգը մինչ այսօր էլ իր ուրույն տեղն ունի համաշխարհային տնտեսության մեջ։

1886 թվականին Չաթերի օգնությամբ ստեղծվեց Հոնկոնգի առաջին կաթնամթերային ֆերման (այսօր այն հայտնի է «Dairy Farm International Holdings» անունով): Նույն թվականին Չաթերը դարձավ Հոնկոնգի Օրենսդրական խորհրդի անդամ: Օգտագործելով իր կապերն օրենսդիր և գործադիր խորհրդի հետ` 1890 թվականին Չաթերը Վանչայի հին գերեզմանատանը հիմնադրեց գաղութի առաջին էլեկտրակայանը: Բացի այդ, նրա օժանդակությամբ կառուցվեց Հոնկոնգի համալսարանը, բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տներ, ինչպես նաև Հոնկոնգի նավահանգիստը։

Ավելին, Չաթերն անգլիական իշխանությունների ջանքերով իրականցրեց Պրայայի ծովեզերքի անմշակ հողերը շահագործելու «Praya Rocla mation» ծրագիրը, որի համաձայն` Վիկտորիա քաղաքի ծովեզրի մոտ ծովի մեջ հող լցվեց, ցամաքի վերածվեց ու կառուցվեց հազարից ավել տուն հազարավոր բնակիչների համար, հայտնում է westarm.org-ը

1897-ին անգլիական կառավարությունը նրան պարգևատրել է Սբ. Միքայելի և Սբ. Գեորգի շքանշաններով, իսկ 1902 թ. նրան ասպետի կոչում շնորհվեց, ինչի արդյունքում նրան սկսեցին կոչել Սըր Փոլ Չաթեր: 

«Կալկաթայի այս երիտասարդ հայն իրենով լցրեց ամբողջ Հոնգկոնգը,- նշվում է պատմական փաստագրությունում, - նա ամենուր է, ոչինչ հնարավոր չէ անել առանց նրա իմացության ու մասնակցության։ Նա Հոնկոնգի հայրն է»։

Չաթերը կրիկետի և ձիավարության սիրահար էր: Նա հաճախ էր ժամանակ անցկացնում Հոնկոնգի կրիկետի ակումբում և բաց չէր թողնում ձիարշավարանում ամեն շաբաթ տեղի ունեցող խաղերից և ոչ մեկը: 

1872-ին նա հիմնեց իր սեփական ձիարշավարանը (Chater Stable): 1955 թվականին ձիարշավի ասպարեզում Հոնկոնգի հեղինակավոր «Եռակի թագ» մրցանակը կոչվեց ի պատիվ Չաթերի (Hong Kong Champions & Chater Cup):

Հոնկոնգի հանդեպ ունեցած սիրո հետ մեկտեղ Աստվածատրյանը եղել է աշխարհում սփռված հայերի խոշոր բարերարը: Իր ողջ կյանքի ընթացքում նա հսկայական գումարներ էր նվիրաբերում Հոնկոնգի, Կալկաթայի, Լոնդոնի, Փարիզի, Նանկինի ու Պեկինի հայկական սոցիալական-հասարակական ու կրոնական-լուսավորչական կազմակերպություններին:  Բացի այդ, նյութական օգնություն է ցուցաբերել Հնդկաստանի հայ եկեղեցիներին, հայկական ծագում ունեցող որբերին, կառուցել է Կալկաթայի հայկական ծերանոցը, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին օգնելու նպատակով Բրիտանիայում հիմնել է «Հայ գաղթականների բարեգործական հիմնադրամը»:

Խաչիկ Փոլ Չաթերը մահացել է 1926թ․-ին. նրա աճյունն ամփոփված է հոնկոնգյան գերեզմանատանը: Երեխաներ չունենալու պատճառով, իր կտակի համաձայն, նրա կարողության մի մասը փոխանցվել է Կալկաթայի հայկական Սբ. Նազարեթ եկեղեցուն ու Հնդկաստանի և հարավարևելյան Ասիայի այլ եկեղեցիների, որոշ մաս էլ տրամադրվել է այն քոլեջին, որտեղ սովորել էր: Ուսումնական հաստատությունն, ի պատասխան այս քայլի, որոշում կայացրեց առավոտյան օրհներգն ուղեկցել «Մենք երախտապարտ ենք մեր բարերարին` հարգարժան Փոլ Չաթերին» տողերով, որը կատարվում էր Չաթերի նկարի առաջ: Իսկ Կալկաթայի հայկական եկեղեցին հիմնական շենքին կից կառույցն անվանեց «Սըր Պոլ Չաթերի տուն» անունով:

Հոնկոնգում այսօր էլ Չաթերի անունով են կոչվում բազմաթիվ կառույցներ, փողոցներ, այգիներ, մետրոյի կայարանը և այլն («Չաթերի այգի», «Չաթերի պողոտա», «Խաչիկի փողոց», «Սըր Փոլ Չաթերի» փողոց):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: