ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարգիս Թորոսյան` Գալիպոլիի ճակատամարտի հայ հերոսը, ում թուրքական իշխանությունները նախընտրում են մոռացության մատնել

1915 թվականի մարտի 18-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունալի ճակատամարտերից մեկը` Գալիպոլիի ճակատամարտը (հայտնի է նաև Դարդանելի գործողություն կամ Չանաքկալեի ճակատամարտ անուններով): Ներկայումս քչերը գիտեն, որ այն անմիջական կապ ունի մեր` հայերիս հետ, քանի որ հարյուրավոր հայեր Oսմանյան կայսրության բանակի կազմում նույնպես մասնակցել են այս ճակատամարտին:  

Չնայած Թուրքիայի կառավարությունը նախատեսում է մոռացության մատնել մեկ դար առաջ դաշնակիցների դեմ այս ճակատամարտում տարած հաղթանակում հայերի ունեցած դերը, սակայն, Սարգիս Թորոսյանի անունը պատմության էջերից ջնջելն այդքան էլ հեշտ չէ:

«Չանաքկալեում մի հայ սպա կար` Սարգիս Թորոսյան անունով: Նա Կեսարիայից էր: Հրետանու հրամանատար էր: Հակառակորդի մի քանի նավ էր խորտակել: Մարտերից մեկում ծանր վիրավորվել էր: Լեյտենանտի կոչում ուներ, հասավ մինչև մայոր»,- գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթի սյունակագիր Էնգին Արդըչը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ Սարգիս Թորոսյանը Չանաքկալեում մարտնչում էր Թուրքիայի համար, նույն այդ օրերին` 1915թ. ամռանը, Կեսարիայում թուրքերը կոտորում էին նրա ծնողներին: 

Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891 թվականին Թուրքիայի Էվերեկ քաղաքում։ Ավարտել է տեղի հայկական ծխական դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ադրիանապոլսի պետական քոլեջը։ Վաղ տարիքից նա երազում էր զինվորական դառնալու մասին, սակայն Օսմանյան կայսրությունում մինչև 1908 թ.-ը քրիստոնյաներին խստորեն արգելված էր զինվորական դառնալ: Քոլեջում ուսանելու տարիներին Սարգիսը ընկերանում է ազգությամբ արաբ Մուհարեմի հետ, ում հայրն օսմանյան բանակի փաշա էր: Վերջինիս միջոցով երկու տղաներն էլ ուսումը սկսում են շարունակել ռազմական դպրոցում: 1914 թվականին Սարգիսը հրետանային լեյտենանտի կոչում ստանալով` երեք ամսով ուղարկվում է Գերմանիա:

Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելուց առաջ Թորոսյանը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը։ Նա առաջինն էր, ով 1915 թվականի սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի ճակատամարտում: Սարգիս Թորոսյանի այս քայլը գնահատանքի արժանացավ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Գեներալ Ջևադ փաշան վերջինիս ներկայացնում է Ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային` ընդգծելով, որ կապիտան Թորոսյանի ղեկավարած ֆորտերը միակն էին, որոնց հաջողվեց ջրասույզ անել հակառակորդի նավերը:

Ընդունելության ընթացքում նախարար Էնվեր փաշան, իր հերթին, Սարգիս Թորոսյանին ներկայացնում է գերմանացի բարձրաստիճան սպաներ մարշալ Լիման ֆոն Սանդերսին և գեներալ Ֆոն դեր Գոլցին` որպես «Դարդանելի հայ հերոսի», հաղորդում է Genocide-museum-ը:

«Ինձ տարան Էնվեր փաշայի անձնական սենյակը: Մի րոպե համարյա Ձերդ գերազանցությունն ուշադիր զննում էր ինձ, հետո վեր կացավ ու ներկայացրեց ինձ իր գերմանացի խորհրդականներին` անվանելով ինձ Դարդանելի հայ հերոս»,- գրում է Թորոսյանն իր հուշերում:

Հանդիպման ընթացքում Էնվերն ու գերմանացի զինվորականները խորհրդակցում են Սարգիս Թորոսյանի հետ Չանաքկալեի ռազմաճակատում ստեղծված ռազմական իրադրության և բրիտանացիների հաջողության հասնելու հնարավարությունների մասին: Ավելին, ցուցաբերած քաջության համար Էնվեր Փաշան Թորոսյանին նաև մեդալներով է պարգևատրել:

«Միություն և առաջադիմություն կուսակցության առաջին դեմքը Թորոսյանին պատվոգիր էր ուղարկում, միևնույն ժամանակ նրա ընտանիքին էր կոտորում»,- նշում է  թուրք սյունակագիր Էնգին Արդըչը: 

1915թ. հունիսից, երբ սկսվեց կայսրության հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը ևս տեղահանվեցին ու ուղարկվեցին Դեր Զոր: Էվերեկի կայմակամ (շրջանի ղեկավար) Զեքին, նախքան տեղահանելն, առաջարկել էր Թորոսյանի ծնողներին իսլամ ընդունել և իրենց փոքր դստերը կնության տալ իր զարմիկին: Սակայն առաջարկը մերժվել է: 

Թորոսյանն Էնվեր փաշայից փորձում էր իր ընտանիքի փրկության համար միջնորդություն հայցել: «…Հեռագիր ստացա, որտեղ ասվում էր, որ ծնողներիս սխալմամբ արտաքսել են: Պաշտպանության նախարարին ուղղված խնդրագիր կազմեցի, զեկուցեցի Էվերեքի քաղաքապետի քայլերի մասին ու խնդրեցի անմիջապես շտկել իրավիճակը: Գերագույն օրենքն ասում էր, որ քրիստոնյա զինվորականների ընտանիքներին չի կարելի հետապդնել, սակայն Թալեաթ փաշան՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը, խախտեց այդ օրենքը»,- գրել է իր հուշերում Թորոսյանը:

Ավելին, Թալեաթ փաշան ոչ միայն խախտեց օրենքը, այլ նաև նրա կարգադրությամբ Թորոսյանի դեմ մահափորձ կատարվեց: Որոշ ժամանակ անց Թորոսյանի դեմ Պաղեստինում իրականացվեց երկրորդ մահափորձը:  «Լավ կլիներ` Դաշնակից զորքերը ճեղքեին օսմանյան պաշտպանությունը, այդ դեպքում գուցե ընտանիքս փրկվեր…»,- գրել է Թորոսյանը:

Երիտթուրքերի հանդեպ ունեցած ատելությունը ստիպում է Թորոսյանին միանալ արաբներին, որոնք Նուրի Յուսուֆի ղեկավարությամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքո:

Արաբական անապատներից մեկում Թորոսյանը գտնում է իր քրոջը` Բայզարին, սակայն կարճ ժամանակ անց նա մահանում է հիվանդությունից:

Կիլիկիահայերի վերադարձից հետո Թորոսյանը մասնակցում է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, սակայն դրա անհաջող ավարտից հետո տեղափոխվում է Միացյալ Նահանգներ:

1927 թ. Բոստոնում Սարգիս Թորոսյանը հրատարակում է իր հուշերը` «Դարդանելից Պաղեստին» վերնագրով, որն ուշագրավ տեղեկություններ է պարունակում ինչպես Գալիպոլիի ճակատամարտի, այնպես էլ Հայոց ցեղասպանության մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: