ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան պատերազմի դասերը

Ապրիլյան պատերազմից երեք տարի է անցել, սակայն այդ օրերն ու դրանց սարսափելի հետևանքները դեռ այնքան թարմ են, որ դժվար է հարցին մոտենալ վերլուծական հայացքով՝ մի կողմ դնելով հուզականը: Սակայն, փորձենք վերլուծել և հասկանալ, թե ինչ փոխեց ապրիլյան պատերազմը տարածաշրջանում և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Պատերազմի վտանգը միշտ կախված է եղել օդում… Ադրբեջանը սպառնացել է պատերազմով, Հայաստանն ու Արցախն էլ պատերազմից ոչ խուսափել են, ոչ վախեցել: Սակայն, իրական պատերազմի վտանգն անցած 20 տարիների ընթացքում բթացել էր, իսկ Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունն էլ ավելի շատ ընկալվում էր որպես ներքին լսարանին ուղղված ազդակ: 2016թ-ի ապրիլը ցույց տվեց, որ պատերազմն իսկապես ամեն պահ հնարավոր է, առավել քան հավանական…  

Եթե անդրադառնանք բանակցային գործընթացում տեղի ունեցած փոփոխություններին, ապա բնական է, որ Ապրիլյան պատերազմից հետո առաջին պլան մղվեց հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը, կտրուկ նվազեց առանց այդ էլ խիստ կասկածելի փոխվստահությունը, իսկ փոխզիջումների մասին խոսակցություններն էլ ավելի անիմաստ ու ոչ հիմնավոր դարձան:

Ապրիլյան պատերազմից հետո Բաքուն ջանքեր էր գործադրում օրակարգից դուրս մղել 1994թ-ին կնքված եռակողմ հրադադարի համաձայնագիրը՝ փորձելով այն փոխարինել 2016 ապրիլին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի Գլխավոր Շտաբերի ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությամբ: Բնական է, որ հայկական կողմերն ամեն ինչ արեցին դա թույլ չտալու համար:

Հրադադարի ռեժիմի ամրապնդման նպատակով՝ միջազգային հանրության ճնշման ներքո, Ադրբեջանը ստիպված եղավ համաձայնություն տալ այնպիսի մեխանիզմների ստեղծմանը, որոնք թույլ կտային հետագայում կանխարգելել սահմանային միջադեպերը, ինչպես նաև օբյեկտիվ և միջազգային հանրության համար վստահելի մեխանիզմների միջոցով հստակ արձանագրել մեղավոր կողմին: Այդ պայմանավորվածությունները ամրագրվեցին Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի հանդիպումների ամփոփիչ արձանագրություններում: Հետագայում ադրբեջանական կողմն ամեն ինչ արեց այդ համաձայնությունների դրանք կյանքի չկոչելու, դրանցից ձերբազատվելու համար: Դրան ծառայեցվեց նաև հետագայում Դուշանբեում արդեն Ալիև-Փաշինյան ձևաչափով բանավոր պայմանավորվածությունը՝ հրադադարի պահպանման վերաբերյալ:

Ինչպես արդեն նշվեց, Ապրիլյան պատերազմն ակնհայտ դարձրեց, թե ինչ դեմք ունի Ադրբեջանը, և Հայաստանի ու Արցախի հանրությունները հերթական անգամ համոզվեցին, որ այդ Ադրբեջանի հետ փոխզիջումների մասին խոսելն անհնար է և վտանգավոր: Դա ընկալելի էր նաև միջնորդների համար: Ուստի, չնայած վստահության միջոցառումների համաձայնեցմանը զուգահեռ փորձ էր արվում բանակցային սեղան վերադարձնել նաև հակամարտության կարգավորման բովանդակային հարցերը՝ միջնորդների ճնշումն այդ հարցում զգալիորեն թուլացավ: Այդ թվում՝ ետին պլան մղվեց, այսպես կոչված, Լավրովի պլանը, եթե այդպիսին կար:

Պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի հոխորտանքները, թե այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը գերհզոր են, իսկ Արցախն ու Հայաստանը՝ թույլ ու անկարող, և թե իբրև պատերազմ չսկսելն Ադրբեջանի կողմից մեծ զիջում է, կեղծ են և անհիմն: Բաքուն փորձեց ու տապալվեց, հայ զինվորը ցույց տվեց իր կամքի ու բազկի ուժը…

2016-ի ապրիլը հերթական անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսելն անհնար է, իսկ խաղաղությունն այլընտրանք չունի: Ցավոք, դա եղավ պատանի զինվորների կյանքի գնով…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: