ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ – Չինաստան խորը համագործակցություն. երբ միավորում են խնդիրները

Նախորդ շաբաթ համաշխարհային տնտեսական անցուդարձը նշանավորվեց ԵՄ-Չինաստան գագաթաժողովի անցկացումով: Չինաստանի ղեկավարի եվրոպական շրջագայությունից հետո, որի ընթացքում եվրոպական առաջատար երկրների հետ կնքվեցին մի շարք, այդ թվում՝ ներդրումային պայմանագրեր, ապրիլի 9-ին տեղի ունեցավ սպասված գագաթաժողովը: Այն կարևորվեց փոխադարձ խոստումներով:

Անդրադառնանք գագաթաժողովի հիմնական արդյունքներին:

Եվրոպայի համար կարևոր է չինական իշխանությունների՝ շուկաներն ազատականացնելու խոստումը: Բացի այդ, չինական իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նվազեցնելու արտադրությունների սուբսիդավորման գործընթացներում պետության միջամտության մակարդակը: Գագաթաժողովի արդյունքում Չինաստանը նաև համաձայնել է ազատականացնել եվրոպական ուղղակի ներդրումների մուտքը չինական շուկա, ինչպես նաև մեղմացնել նոու-հաուների և տեխնոլոգիաների փոխանցման պահանջը, որը գործել է չին-եվրոպական համատեղ ձեռնարկությունների համար:

Չինաստանի համար գագաթաժողովը կարևոր էր երկու ասպեկտով: Առաջինը՝ Եվրոպայի, կարելի է ասել, առանցքային մասնակցության հարցն էր «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծին: Երկրորդը՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային անհամաձայնությունների ֆոնին, ի դեմս Եվրոպայի, այլընտրանքի «հաղթաթուղթ» ստանալն էր: 

Ընդհանուր առմամբ, գագաթաժողովն ու դրանում ձեռք բերված պայմանավորվածությունները երկու կողմերի համար «տնտեսական վերքերը» դարմանելու միտում ունեին, ընդ որում, ինչպես մինչ գագաթաժողովն ընկած ժամանակահատվածում, այնպես էլ դրա ընթացքում, կողմերը փորձում էին ավելի շատ շահողի տպավորություն ստեղծել: Մինչդեռ իրականում այս համատեքստում պատկերը խափուսիկ է և ոչ միարժեք:

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Չինաստանի կողմից իրականացվող զիջումները շատ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիրախում չինական տնտեսական քաղաքականության հիմքերի հիմքն է՝ պրոտեկցիոնիմզը:  Մինչդեռ, մյուս կողմում թուլացող եվրոպական տնտեսությունն է, որի իրական վիճակի շուրջ ԵՄ ղեկավարությունը կարծես մինչև վերջ չի անկեղծանում: Արդյունքում չինական կապիտալը, որը փաստացի եվրոպական տնտեսության սպեղանին կարող է դառնալ, միաժամանակ «ներխուժում» է միասնական համակարգ: Այս իմաստով, իհարկե հարց է՝ ով է ավելի շատ զիջում անում… Եվ որ այս ամենում ամենակարևորն է՝ երկու կողմերի միասնական «մրցակիցն» է՝ Միացյալ Նահանգները:

Հասկանալի է, որ այս ամենը համաշխարհային տնտեսության վրա կունենա ազդեցություն, մասնավորապես կապիտալի տեղաշարժերի ու համախառն տնտեսական աճի վրա, սակայն այդ ամենը միջնաժամկետ և ավելի երկար ժամանակահատվածի հեռանկարում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: