ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր ժողովուրդը մի նոր Հոբ էր. Գարեգին Բ-ն՝ Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակների զետեղումից հետո, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու պետական այրերի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվակավ համակրգից` նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Այս առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը: 
Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը: 

Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «....Արդյո՞ք Աստված ցանկանում էր, որ տեղի ունենար ցեղասպանությունը, և երկրորդ՝ ու՞ր էր Քրիստոս:

Նախ ինչո՞ւ Աստված թույլ տվեց մեր ժողովրդի դաժան կոտորածը: Այս հարցի առջև պետք է դնել մեկ այլ հարց` արդյո՞ք Աստված ցանկանում էր Իր Որդու չարչարանքներն ու մահը: Իմանալով Աստծո բարությունն ու սերը, գթությունն ու ողորմածությունը՝ կարող ենք ասել, որ Աստված չէր կամենում այդ արյունալի չարագործությունները: Մեր ժողովուրդը մի նոր Հոբ էր: Իրապես, աստվածաշնչյան Հոբի կերպարի մեջ կարող ենք մարմնացած տեսնել մեր ժողովրդի համբերությունը, նվիրվածությունը, առ Աստված ունեցած հավատարմությունը: Եթե առաքյալը երանի է տալիս այն մարդուն, անհատին, որ փորձության մեջ ընկնելով՝ չի կորցնում հավատարմությունն առ Աստված, ապա որքան առավել ևս երանելի է մի ողջ ազգ, մի ողջ հավաքականություն, որ ընդունեց իր Գողգոթան, խաչվեց, կորցրեց ու, թվաց, թե կորսվեց, բայց, ահավասիկ, խոսում ենք մեր լեզվով, հավատում մեր կրոնով և վայելում արդեն սրբացած մեր բյուրավոր նահատակների բարեխոսական օրհնությունը: 
Ու՞ր էր Քրիստոս, երբ մի ողջ ժողովուրդ սրի էր քաշվում և ոչնչացվում: Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր ժողովրդի մեջ էր, չարչարվում էր նրա հետ միասին և կրկին լսվում էր գոչյունը սաստիկ. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46): 

Այո՛, ցեղասպանությամբ սրբացած մեր նախնիները հանդիպեցին Քրիստոսի անվան համար երբևէ տեղի ունեցած ամենամեծ չարիքին»:

Հայր Թովման խոսեց նաև ցեղասպանություն իրագործած պետության և ժողովրդի ժառանգների հանդեպ ներողամտություն դրսևորելու վերաբերյալ:
«Ներման մասին կարող է խոսք լինել միայն, եթե մեղավորը զղջում է, խոստովանում կատարած հանցանքը և պատրաստակամություն դրսևորում փոխհատուցելու վնասը: Իհարկե, մեր պարագայում անհնար է խոսել փոխհատուցումից, քանի որ բարոյական վնասն այնքան խորն ու անբովանդակ է, որ թե՛ եկեղեցական և թե՛ աշխարհիկ իրավական չափանիշներով հնարավոր չէ մեր ժողովրդին պատճառած վնասի փոխհատուցումը սահմանել»,- հաստատեց Հայր Սուրբը՝ հավելելով, որ աշխարհը պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը նախ և առաջ հենց ինքն իր համար, որպեսզի չկրկնվեն հոլոքոստները, Ռուանդայի և Նիգերիայի ժողովուրդների ցեղասպանությունները, որպեսզի աշխարհի երեսից իսպառ վերանա հանցագործությունների հանցագործությունը՝ ցեղասպանությունը:

Թովմա վարդապետն ընդգծեց, որ ցեղասպանված հայ ժողովրդի սուրբ նահատակների պատգամն այսօրվա իր սերունդին` առավել հավատքի մարդ, աշխատասեր ու տքնաջան, հայրենի հողին կառչած ու միասնական լինելն է:
Վերջում Հայր Սուրբը հորդորեց ամենքին զորանալ Տիրոջ Սուրբ Հարության շնորհներով, աղոթել մեկը մյուսի համար, լինել միաբան ու միասնական և բյուրավոր սուրբ նահատակների զորավոր բարեխոսությունը հովանի լինի բոլորի վրա:
Սուրբ Պատարագի ավարտից հետո, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կատարվեց Հայոց նահատակների բարեխոսական կարգը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: