ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ-ն հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի հետ: Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաև կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր:

Հանդիպմանը ներկա էր Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:

Ուրախություն հայտնելով Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլև միտված է նպաստելու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների և գործակցության առավել զորացմանը: Նորին Սրբությունը վերհիշեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի և իր ուսումնառության տարիները, անցած հոգևոր ծառայության ուղին:

Վեհափառ Հայրապետը կարևորեց նման այցելությունները` անդրադառնալով նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պավել միտրոպոլիտը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հաստատեց, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաև նշեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու անցած դժվարին ու հերոսական պատմական ուղուն և իր ծառայության տարբեր վայրերում մշտապես առնչվել է Հայոց Եկեղեցու կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնությունը Հայոց Հովվապետին ներկայացրեց նաև Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն ու հոգևոր կյանքի ներկայիս կացությունը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս անդրադարձ կատարեց Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառույցների վերականգնման, հոգևորականների պատրաստության և եկեղեցաշինության ոլորտներում: Մասնավորապես խոսվեց Միածնաէջ Մայր տաՃարի ամրակայման և վերանորոգության աշխատանքների մասին:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգևոր եղբորն ի Քրիստոս մաղթեց արևշատ կյանքի երկար օրեր և արդյունավետ գործունեություն ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Բելառուսի հավատավոր ժողովրդի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: