ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի մարզպետներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, 
Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի հյուրեր, 
Գործարարներ,

ուրախ եմ ողջունելու ձեզ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովում։ Ուզում եմ արձանագրել, որ ժամանակակից Կոտայքն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել, Հրազդան քաղաքը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ տանող ուժի անբաժանելի մասը։

Այսօրվա մեր հավաքն առիթ է՝ ևս մեկ անգամ արձանագրելու համար, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր։ Սա իսկապես կարևոր արձանագրում է, որ մենք անընդհատ պիտի անենք և պետք է ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այս մասին, այլև պետք է մեր գործողություններն ուղղված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը։

Ուզում եմ ասել, որ այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ, և մեր քաղաքական առաջնային խնդիրներից է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն։ Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել։ Ինչո՞ւ է նուրբ այս աշխատանքը, որովհետև արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս մենք պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականություն և ոչ թե պարզապես նրանց, կներեք այս կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու հնարավորությունները։

Կոտայքի մարզը նաև շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի։ Այս ընթացքում էլ, իհարկե, եղել են նվիրյալներ, ովքեր խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել, և ես ուզում եմ, որ մենք այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետև, կարծում եմ, նրանք, ովքեր շփվել են, կարող են համոզվել, որ արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, ովքեր, բացի արդյունաբերությունից, որևէ ուրիշ բան չեն ուզում տեսնել, որևէ ուրիշ բանի մասին չեն ուզում լսել, և դա շատ կարևոր հատկանիշ է։ Իհարկե, սա չի նշանակում, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք տնտեսության մյուս ճյուղերի կարևորությունը։

Կոտայքը շատ մեծ զբոսաշրջային ներուժ ունի, և այսօր էլ նաև Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից է։ Կարծում եմ, որ կառավարության հաջորդ առաջնահերթությունը, որ մենք հայտարարել ենք՝ զբոսաշրջությունը, Կոտայքում նույնպես պիտի զարգանա։

Կոտայքի մարզում նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան։ Մենք հույս ունենք, և կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները ոտքի տեղ անելու, ձևավորվելու և ոտքի կանգնելու հնարավորություն ստանան։

Եվ, իհարկե, գյուղատնտեսությունը, արդյունաբերական գյուղատնտեսությունը նույնպես մեզ համար շատ կարևոր է, և Կոտայքի մարզն այստեղ էլ մեծ պոտենցիալ ունի։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով։ Այս ասելով նկատի է առնվում հետևյալը՝ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պիտի լրջորեն ավելանա, և սա մեզ համար ռազմավարական խնդիր է։ Ի՞նչ նկատի ունենք օգտակար գործողության գործակից ավելացնել ասելով։ Ենթադրենք` եթե 100 կգ կամ 1 տոննա խաղողի արտադրության վրա աշխատում է 10 մարդ, քաղաքական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ 1 տոննա խաղողի մշակման վրա աշխատի, օրինակ, 2 կամ 1 մարդ, որպեսզի ստացվող եկամուտը, ներդրվող միջոցները լինեն առավել արդյունավետ։

Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ սա մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ ռացիոնալությունը։ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից վերջացրած մնացած բոլոր ոլորտներով։ Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից շարունակած կրթությամբ, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ՝ ամեն ինչում, որովհետև հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը։ Կարծում եմ, որ նաև այս կարգի քննարկումները շատ կարևոր են՝ այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու և այս գաղափարով առաջնորդվելու համար։

Ուզում եմ նաև ընդգծել, որ համաժողովների այս շարքը նույնպես շատ կարևոր է, որովհետև տնտեսության մեջ, նաև քաղաքականության մեջ, ինչպես հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում, շատ կարևոր է շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը, որովհետև մեր գաղափարները երբեմն և շատ հաճախ և հիմնականում հղկվում և ուժեղանում են այլ գաղափարների հետ շփման մեջ։

Սա իսկապես շփման շատ լավ հարթակ է, և շատ լավ է, որ այս քննարկումների շարքը մենք շարունակում ենք և արդեն հասել ենք Կոտայքի մարզ։ Մենք այս միջոցառումները, այս համաժողովներն անցկացնելու ենք բոլոր մարզերում, և ես ուզում եմ մեր այսօրվա աշխատանքին հաջողություն մաղթել։ Անհամբերությամբ սպասում ենք՝ ծանոթանալու, թե ինչ հաջողություներ ունեն գործարարները Կոտայքում և անհամբերությամբ սպասում ենք՝ տեսնելու, թե ինչ ծրագրեր ունեն գործարարները Կոտայքում, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել այդ ծրագրերը և եղած հաջողությունները դարձնել ավելի մեծ։

Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ մեր համընդհանուր, հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությանն առնչվող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լավ լուրերով, այդ լավ լուրերից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը։ Հույս ունեմ՝ այսօր մենք այս հարթակից կլսենք հետաքրքիր, լավ լուրեր, որոնք կոգեշնչեն ոչ միայն ներկաներին, այլև այն մարդկանց, ովքեր մեր համաժողովի ընթացքին հետևում են համացանցով ու լրատվության միջոցներով։

Շնորհակալ եմ»։

Համաժողովի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներդրումային ներուժը. ցուցադրվել է մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, ներկայացվել են մարզի հաջողված 10 ձեռնարկությունների պատմությունները։ Հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում «ՀՀ Կոտայքի մարզի արտադրատնտեսական հնարավորությունները և ներդրումների ներգրավման հեռանկարները» թեմայով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի, «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն, գործարար Հարություն Մնացականյանի և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հայաստանյան համակարգող, «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերության գործընկեր Սևակ Հովհաննիսյանի մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներդրումային համաժողովի մասնակիցների մի շարք հարցերին։

***

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նպատակն է՝ համախմբել պետական և մասնավոր հատվածին, ակտիվացնել ներդրումային միջավայրը մարզում, հաստատել նոր գործակցային կապեր գործարար ոլորտում, մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 7 կմ/ժ
19 C°
 
11°  18° 
21.10.2019
10°  18° 
22.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: