ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք նպատակաուղղված ենք Հայաստանում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հանդես է եկել ներածական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործըննկերներ, մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելն ուզում եմ անդրադարձ կատարել մի հարցի: Խնդիրն այն է, որ մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է և հանդիպում է այսպես ասած սոցիալ-հոգեբանական կամ քաղաքաքակթական մի շարք խնդիրների, որոնց մասին ես կուզենայի այսօր այստեղ ես բարձրաձայնել:

Մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետությունում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ և դա սկսել է մեզ մոտ ստացվել: Բայց մենք ի՞նչ խնդրի հետ ենք բախվում, երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք՝ պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ այդ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մեր հարցը:
Սա իրականում քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է և երբեմն տպավորություն է ստացվում, թե ավելի լավ է ընդհանրապես ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ, համակերպված հուսահատության հետ, ինչպես ձեզ հայտնի նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն: Ընդհանրապես սա լուրջ խնդիր է, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ 30 տարի Հայաստանի Հանրապետությունում կամ 5 տարի, մեկ տարի, էական չէ, կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, որովհետև եթե մենք փորձենք մեկ գործողությամբ լուծել բոլոր խնդիրները՝ մեծ հավանականությամբ, 100 տոկոս հավանականությամբ մենք մեր երկիրը կկանգնեցնենք կոլապսի և ձախողումների առաջ:

Ինչո՞ւ եմ սա կոչում քաղաքակրթական խնդիր, որովհետև երբ մտածում եմ՝ ո՞րն է այս երևույթի հիմքը, այդ մտածումների ընթացքում եկա այն եզրակացության, որ Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում: Երբ որևէ տեղ, որևէ բան տեղի ունեցել է, ծառայություն առաջարկվել է՝ բոլորն աշխատել են հնարավորինս շուտ վազել և բռնել այդ ծառայությունը մատուցողի կոկորդից, որպեսզի նա առաջինը հենց իրենց մատուցի ծառայությունը: Սա իսկապես շատ լուրջ քաղաքակրթական խնդիր է և ես ուրախ եմ, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում սկսել են ներդրվել, մասնավորապես բանկային համակարգում, մաքսային ծառայությունում հերթ արձանագրող մեքենաներ: Ուզում եմ ասել, որ մենք պետք է ըստ էության բոլոր այն տեղերում, որտեղ այսպիսի խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների տեղադրումը և գործունեությունը:

Մեկ այլ քաղաքակրթական խնդիր, որի մասին ես հիշեցի իմ աշխատասենյակից բարձրանալով մինչև կառավարության նիստի այս դահլիճ: Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունում շինարարություն անել՝ նշանակում աղբ տարածել ամենուր: Չեմ կարողանում դա հասկանալ և ընդ որում ես Ձեզ, պարոն Վերմիշյան, դեռ շատ ամիսներ առաջ հանձնարարություն եմ տվել այս հարցով և չեմ հասկանում, թե ինչո՞ւ համապատասխան տեսչությունը չի տուգանում և պատժամիջոցներ չի կիրառում այդ շինարարների նկատմամբ: Նրանք համատարած են Հայաստանի Հանրապետությունում, որոնք շինարարություն անելով աղբ են կուտակում հնարավորինս լայն շառավղով: Չեմ հասկանում, եթե հիմա կառավարության շենքում տեղի է ունենում նորոգման աշխատանք՝ ինչո՞ւ պետք է մենք բոլորս աղբի մեջով քայլենք և գնանք գանք՝ սկսած կառավարության շենքից, վերջացրած ամենահեռու տեղերից:

Ընդհանրապես եկենք գնանք աշխարհում տեսնենք շինարարությանն աղբ շրջապատում է, թե՞ չի շրջապատում: Շինարարն առաջին հերթին, ամեն օր պետք է իր շուրջը մաքրի աշխատանքի սկզբից և աշխատանքի վերջից: Այս առումով, քաղաքաշինության տեսչությունն ունի շատ կոնկրետ անելիք, որովհետև ես շատ ծանոթ չեն, բայց բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետության նորմերով դա նորմալ լինի, որ որտեղ շինարարություն լինի, այնտեղ աղբի մեծ կուտակումներ: Էլ չեմ ասում այդ թեման, որ Կոտայքի մարզ այցի ընթացքում անդրադարձա՝ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է շինարարությունում աշխատել՝ նշանակի աշխատել տնից վերցրած հին շորերով:
Այդ մարդիկ համազգեստ պետք է ունենան, դա նույնն է, որ մենք գալիս ենք կառավարության նիստի՝ տանն ինչ մաշած շոր ունենք, հագնենք՝ գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստին: Դա աշխատանքի, մարդու և միջավայրի նկատմամբ որոշակի վերաբերմունք է չէ՞: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, հիմա այդ միլիոններից դժվա՞ր է մի փոքր հատկացնել՝ ամենաէժան համազգեստը գնել բանվորների համար: Եվ ինչո՞ւ Քաղաքաշինության տեսչական մարմինն այս թեմաներով կոնկրետ աշխատանք չի իրականացնում:

Կարծում եմ, որ ընդհանրապես այս խնդիրները շատ լուրջ հոգեբանական և քաղաքական խնդիրներ են, որովհետև օրինակ, տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր սիրելի հայրենակիցները պատրաստվում են կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է՝ նոտարով հաստատված: Մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում ենք ժողովուրդ ջան այսպիսի խնդիր կա, ասում են՝ այո, այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, պարտադրել է, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, հասկանում ենք, բայց ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսևորումը տեղի է ունենում: Կա պարզ պատճառ, որովհետև մենք 1.2 միլիարդ դրամ տրամադրել ենք փախստականների համար, կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բայց փախստականները նույնիսկ դա չեն ստացել:

Այս ի՞նչ երևույթ է, չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչո՞ւ նրա հարցը լուծեցիք: Կամ ի՞նչ է ակնկալվում, մեզնի՞ց էլ է ակնկալվում, որ մենք էլ բիրտ լինե՞նք: Նույնն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ էր, ասում էինք ժողովուրդ ջան, 5 տարի ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի էր ունենում, ձեր ձայնն ինչո՞ւ չէիք բարձրացնում, ասում էին՝ մեզ կբռնեին, բիրտ էր իշխանությունը, մեզ հետապնդումների կենթարկեին:
Այսինքն ի՞նչ, ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ, ա՞յդ է մեր ակնկալիքը, ա՞յդ է մեր ուզածը: Ասում եմ, եթե մենք հարցեր լուծենք՝ առաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ քաղաքական կամ անձնային շահերով, մեր հորեղբոր որդիներին կամ հորաքրոջ թոռների նկատմամբ ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունքով, այս ամեն ինչը հասկանալի կլիներ: Բայց ընդհանրապես ասում եմ՝ հարաբերությունների այս ձևը բացարձակապես անընդունելի է, որովհետև սա քաղաքակրթական առումով փորձ է Հայաստանը կրկին հետ գլորել բոլորովին ուրիշ տրամաբանության մեջ:

Մենք չենք վախենալու հարցեր լուծել, ինչ է թե այդ հարցը լուծում ենք, կամ որ խմբի հարցը լուծում ենք՝ չուզող հարևանը դուրս է գալու ու ասի՝ ինչո՞ւ մեր հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, մենք բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բոլոր հարցերն էլ քննարկելու ենք, բայց զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, որովհետև դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

Հիմա նույն աղետի գոտու հետ կապված խնդիրներ են լինելու: Այո, մենք հստակ ասում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության 453 քաղաքացու նկատմամբ է արձանագրված պետության դե յուրե պարտավորությունը: Ուրիշ որևէ մարդ Հայաստանի Հանրապետությունում չկա, որ փաստաթուղթ լինի, որ պետությունն իր նկատմամբ ունի պարտավորություն: Շատ լավ, մենք հասկանում ենք, որ կարող են լինել տեխնիկական խնդիրներ, կարող են լինել այլ խնդիրներ, ասում ենք կրկին կնայենք, բայց կրկին ասում եմ՝ ցույց տալու համար, որ այս 453 շահառուի հարցը երբ մենք լուծենք, իսկ մենք դա 2020 թվականի արդյունքներով վստահաբար լուծելու ենք, կռահում եմ, որ այստեղ էլ են լինելու, ասելու են՝ ինչո՞ւ իրենց հարցը լուծեցիք, մեր հարցը չլուծեցիք:

Անեկդոտ կա չէ՞, ասում է՝ իմ դարդը քիչ էր, հարևանս էլ 06 է շահել: Հիմա այս տրամաբանությունը դարձել է Հայաստանում հանրային հարաբերությունների կանոն: Սա չի կարելի, սա անթույլատրելի է, լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա, տրամաբանություն կա: Մեկի հարցը լուծում ես, մյուսը նեղվածությունից գալիս է կառավարության դռների առաջ է պարկում: Սա ինչքան կարելի է՞»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: