ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Վարչապետը կառավարության նիստում ադրադարձ է կատարել պետական կառավարման համակարգում առկա վիճակին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը, որը կնպաստի հարկային և մաքսային մարմիններին անչվող ուղենիշերի իրագործմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ծրագրով նախանշվում են ՊԵԿ-ի առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը: Ռազմավարական ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակներ և այդ նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումներ, որոնք ընդգրկում են ՊԵԿ-ի առաջիկա 5 տարիների զարգացման ուղղությունները՝ հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործման, հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման, ստվերի դեմ պայքարի, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման բնագավառներում: Ռազմավարական ծրագրով նախատեսվում է շարունակական աշխատանքների արդյունքում զարգացնել ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների կարողությունները, գնահատել և կրճատել հարկային ճեղքը (Tax GAP), նպաստել հարկ վճարողների կարգապահության բարձրացմանը՝ ապահովելով հարկային եկամուտների կայուն աճ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է ռազմավարությունն առկախել այնքան ժամանակ, քանի դեռ հարկային համակարգի բարեփոխումները չունենք․ «Եթե մենք զուգահեռ ռազմավարություններ ընդունենք, և դրանք ներդաշնակեցված չլինեն, պարզ չի լինի, թե որ ուղղությամբ են ընթանում փոփոխությունները»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշվել է սահմանել ռազմավարությունների աստիճանակարգություն, որի ամենավերևում պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարությունը: «Եթե գնանք ձեր ասած տրամաբանությամբ պետք է մինչև ազգային անվտանգության ռազմավարությունը չլինի, մնացած ռազմավարությունները պետք է չքննարկենք և չընդունենք: Դա ճիշտ ճանապարհ չէ: Մենք որոշել ենք, որ այն ռազմավարությունները որոնք պատրաստ կլինեն՝ կընդունենք և հետագայում այդ ռազմավարությունների կարգաբերման աշխատանքը տեղի կունենա: Որովհետև եթե ձեր կանխավարկածն այն է, որ մենք միանգամից այնպիսի ռազմավարություններ ենք ընդունելու, որոնք իրար 100 տոկոսով ներդաշնակվեն, ապա 50 տարի էլ սպասենք՝ այդպիսի բան չի լինի, եթե մենք այսօրվանից չսկսենք դրա վրա աշխատել: Քանի որ այդ փազլի բոլոր հատվածները, միանգամից, առաջին փորձից չեն ներդաշնակվելու իրար հետ, մեկ անգամ պետք է փորձենք ներադաշնակեցնել, հետո տեսնենք որտեղ լավ չեն համընկնում իրար, հետո սկսենք կարգաբերման գործընթացը»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով Գյումրիի ավտոմաքսատան տարածքում արտաքին տնեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցելու համար ծախսերի ավելացմանը, որը նախատեսված է oրակարգի 64-րդ չզեկուցվող հարցով, Նիկոլ Փաշինյանն ասել է․«Մենք ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու պարտավորություն ստանձնեցինք։ Այս պարտավորությունը ժամկետներով սահմանափակված չէին, բայց, հաշվի առնելով ավտոմեքենաների բումը, մենք մտածեցինք, եթե արագ գործենք, դրանով կնպաստենք, որ ֆինանսական հոսքեր կկենտրոնան Գյումրիում: Կարծում եմ՝ այդ նկատառումը լեգիտիմ էր, և այսօր կարող ենք ասել, որ այն արդարացրեց և արդարացնում է իրեն»:

Նախահաշվային հաշվարկները կրկնապատկվել են այն ժամանակ, երբ որոշվել է ավտոմաքսատան մոտ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն ստեղծել։ «Մարդը որևէ ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս պետք է ունենա ֆիզիկապես մեկ տարածքում իր բոլոր գործերն ավարտելու հնարավորություն: Այսինքն՝ ոչ թե պետք է գնա մի հատ տեղեկանք Մասիվից վերցնի, իջնի 3-րդ մաս, հետո Աշտարակ, հետո գնա Գյումրի ու վերադառնա Բավրա: Պետք է արտահանելիս կամ ներմուծելիս գործ ունենա մի շենքի հետ, որտեղ կլինեն այդ բոլոր ծառայությունները»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Հարցի քննարկման շրջանակում վարչապետն ադրադարձ է կատարել նաև պետական կառավարման համակարգի ներկայիս վիճակին՝ նշելով, որ այսօր նորմալ աշխատելու ընդունակ պետական կառավարման համակարգ չունենք։ «Մեր տնտեսական աճի, մեր տնտեսության ընթացիկ իրավիճակի մասին հնարավո՞ր է նորմալ տեղեկատվություն ստանալ այսօր Հայաստանի Հանրապետությունում: Հնարավոր չէ, ես, օրինակ, չեմ կարողանում ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: Հնարավո՞ր է ստանալ գնահատական մեր պետական մարմինների, որը շատ թե քիչ իրար մոտիկ կլինեն, մեր տնտեսական վիճակի մասին, մեր տնտեսության պոտենցիալի մասին, մեր տնտեսական աճի վերաբերյալ: Հետևաբար ինչի ենք այսպես աշխատում, որովհետև միակ ձևը, որ հնարավոր է աշխատել՝ քաղաքական շեշտադրումներ դնելով և պետական համակարգին հրելով, որ գնացեք այս խնդիրը լուծեք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այսօր պետական կառավարման համակարգում չկա պոտենցիալ այդ ռազմավարությունները մշակելու:

«Լավ, եկեք այս պետական կառավարման համակարգը դնենք մի կողմ, ուրիշ կառավարման համակարգ ստեղծենք, եկեք ասենք՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բոլոր տեղերը թափուր են, հրավիրում ենք աշխատանքի, տեսնեք քանի մարդ կարձագանքի: Այդ արձագանքած մարդկանցից քանիսը կունենա անհրաժեշտ մասնագիտական հմտություն, անհրաժեշտ գիտելիք և այլն և այլն, կունենա, թե չի ունանա: Գիտենք, որ չի ունենա, չէ՞: Ինչո՞ւ չի ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ, որ պետք է սովորեցնեն: Կանգնեցնում են աթոռի վրա, ասում են՝ արտասանի, մի հատ էլ արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, այդպես տասը անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետը, որ նախագահը գան իրանց մասին բանաստեղծություն արտասանես»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ կառավարությունն այս տարի ինչ արդյունքներ արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողությունները՝ արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի և ի հեճուկս նախարարությունների։ «Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ Ու պատճառ միշտ էլ կգտվի, միշտ պատճառ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եվ եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք»,- ասել է վարչապետը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից կգործի ՀՀ մաքսային կցորդ. այն կնպաստի Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրների արագ բացահայտմանն ու օպերատիվ արձագանքմանը

Կառավարությունը սահմանել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը : Մաքսային կցորդը կգործի ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մաքսային ոլորտին առնչվող շահերը ՌԴ-ում ներկայացնելու, Հայաստանի և Ռուսաստանի միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու նպատակով: Այն պայմանավորված է նաև Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով ՌԴ-ում ՀՀ համապատասխան ներկայացուցիչ՝ մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ: Մաքսային կցորդի նստավայրը տեղակայվելու է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան շենքում՝ Վլադիկովկասում, ինչը Վերին Լարսի մաքսային կետից 20-25 կիլոմետր է հեռու:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այս ընթացքում Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չեն եղել: «Պետք է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ ունենք և շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի նաև մաքսային կցորդի կարգավիճակը մեզ կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ զբաղվեն։ Երբ կառավարության անդամները ստիպված են բոլոր հարցերով զբաղվել, շատ կարևոր հարցեր երբեմն տուժում են դրանից», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել 226.2-րդ հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները: ՀՀ քրեական օրենսգրքի հիմնական և առաջնային խնդիրներից է հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, այդ թվում նաև՝ կյանքի և առողջության, անձնական ազատության, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության պաշտպանությունը: Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ նախագծով առաջարկվող հանցակազմում նախատեսված արարքները, հանդիսանում են «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորումներ և օժտված են հանրային բարձր վտանգավորությամբ, դրանք կատարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն: Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած «բռնության կոչի», այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված «բռնության կոչերի» համար: Օրինագծով որպես քննարկվող հանցակազմի ծանրացնող հանգամանքներ առաջարկվում է նախատեսել արարքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարելը և պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է օրինագծի կարևորությունը՝ այն համարելով սկզբունքային նախագիծ, որը բխում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության տրամաբանությունից և գաղափարախոսությունից: «Մենք խնդիր ենք մեր առաջ դրել, որ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն: Մենք պետք է արձանագրենք, որ ինչքան էլ այս վերնագիրը, ըստ էության, կարելի է ասել կոնսենսուսային է Հայաստանի Հանրապետությունում, բայց այնուամենայնիվ մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք այնուամենայնիվ լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Սա նոր երևույթ չէ մեր օրակարգում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության. «Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման թեկուզ տեղային ճանապարհով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները և այլն։ Եվ մենք ասում ենք, որ ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է լինի։ Այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Այնտեղ, որտեղ երեխաների նկատմամբ է բռնություն գործադրվում, պետությունն այդտեղ միջամտելու իրավունք ունի։ Պետք է կանանց նկատմամբ բռնություն չգործադրվի, և այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ բռնություն է գործադրվում, այո՛, պետությունը պետք է միջամտի։ Որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»։

Այդ համատեքստում անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային՝ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվել է, թե արդյոք ստացվե՞լ է միջազգային գնահատականը դրա վերաբերյալ:

Նախարարը հայտնել է, որ ստացել են Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը, որի համաձայն բոլոր շահարկումներն անտեղի են։ «Կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային բռնության կանխարգելումն է։ Անընդհատ շահարկվում է, թե սա վերաբերում է միասեռական զույգերի ամուսնությանը կամ նրանց կողմից երեխա որդեգրելուն, բայց սևով սպիտակի վրա ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։

Վարչապետը նշել է, որ պետք է հստակ արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի։ «Իսկ որպեսզի դա լինի, մենք չպետք է սպասենք, որ բռնությունը տեղի ունենա, հետո մենք գնանք ասենք՝ եկեք պատասխանատվության ենթարկենք։ Շատ կարևոր է կանխարգելման քաղաքականությունը, և այս առումով այս նախագծի ընդունումը շատ կարևոր է։ Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որևէ կոնվենցիայից, Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Ինչո՞ւ եմ ասում՝ որոշակի լեգիտիմություն կա։ ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են ունենում դատական եզրափակում։ Ոչ բոլոր դեպքերում են, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեին, որովհետև կա որոշակի պատկերացում՝ «դե լավ, մի մուշտի է տվել կրկին, ի՞նչ է արել»։ Հիմա մենք պետք է հստակ հասկանանք, որ «մի մուշտի տալը» Հայաստանի Հանրապետությունում համարվում է քրեական հանցագործություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հավանություն է տրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ՀՀ-ում ապօրինի ճանապարհով ստացված գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը։ Նախագծի նպատակ է՝ որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Հիմնավորման համաձայն՝ առանձնապես վտանգավոր որոշ հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիոն հանցագործությունների հիմնական շարժառիթը դրանցից ստացվող ֆինանսական միջոցներն են։ Նման դեպքերում հանցագործները հաճախ նաև փորձում են թաքցնել այդ ֆինանսական միջոցների իրական աղբյուրները՝ դրանք «օրինականացնելով», իսկ ստացված միջոցներն արդեն օգտագործվում են քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու կամ նոր եկամուտներ ստանալու համար։ Այս հանցագործությունների, հատկապես փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարի միջոցներից է ֆինանսական ուսումնասիրությունների իրականացումը և հանցավոր ճանապարհով ստացված միջոցների սառեցումը և բռնագանձումը։ Օրինագծերի փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։

Օրինագծերի շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակություն, որի ժամանակ ներկայացվել են մի շարք դիտարկումներ, կարծիքներ և առաջարկություններ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ տրամաբանական է, որ օրենքը չպետք է ընդունվի միջազգային նորմերից ցածր չափանիշներով:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումն աննպատակահարմար համարելով: Օրինագծով հնարավորություն է տրվում 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից: Գործադիրի դիտարկմամբ՝ օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ խթանելու հանգամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավասարության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքի երկարաձգում այլևս չի լինելու, բայց այն շարունակում է ուժի մեջ մնալ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: «Կարևոր է արձանագրել հետևյալը, որ մինչ դեկտեմբերի 31-ը օրենքն ուժի մեջ է, և մեր սիրելի այն հայրենակիցները, որոնք համարում են, որ լավ չէ, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն հենց այսօր ինքնաթիռի տոմս գնել, գալ Հայաստան, այս բոլոր գործընթացներն անցնել և Նոր տարին էլ նշել Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը։


Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Այսպիսով՝ 2019 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թ. հունվարի 20-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Սահմանվել է նաև պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 74 բժիշկ-մասնագետ:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված: 2017 թ.-ից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.2 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1,823,702,113 ՀՀ դրամի ներդրում: Երեք տարվա ընթացքում կստեղծվի 175 նոր աշխատատեղ` 189 հազար դրամ միջին աշխատավարձով:

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 2 կմ/ժ
-1 C°
 
-2°   
29.01.2020
-2°   
30.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: