ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի արտաքին քաղաքականության եվրասիական ուղղությունը 2019-ին

2019-ը բավական հագեցած էր եվրասիական ուղղության ներքո տեղի ունեցող հանդիպումների տեսանկյունից: Հայաստանը ստանձնել էր նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում, որը նշանավորվեց հատկապես ԵԱՏՄ արտաքին հարաբերությունների խորացմամբ:

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ անդամ երկրների գագաթաժողովին հրավիրված էին նաև Իրանի Իսլամական հանրապետության, Մոլդովայի նախագահները և Սինգապուրի հանրապետության վարչապետը: Նիստի շրջանակներում Սինգապուրի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրվեց:

Հոկտեմբերի 25-ին Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրվել նաև Սերբիայի հետ: Տարվա ընթացքում ուժի մեջ են մտել Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր  համաձայնագիրն Իրանի հետ և Չինաստանի հետ Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:

ՀԱՊԿ-ում Հայաստանին չհաջողվեց փոխարինել իր կողմից հեռացված գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ում դեմ քրեական գործ էր հարուցվել: Պաշտոնը զբաղեցրեց ժամանակավոր պաշտոնակատար Վալերիյ Սեմերիկովը, ում 2020թ հունվարից կփոխարինի արդեն իր լիազորությունները ստանձնող Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը:

Տարվա ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը վավերացրել են նախորդ տարվա դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու և դիտորդի կարգավիճակ սահմանելու վերաբերյալ: Հայաստանի ԱԺ-ն այն վավերացրեց սեպտեմբերին՝ չնայած այս կարգավիճակի հնարավոր շնորհման հետ կապված հանրության շրջանում առկա մի շարք մտավախություններին:

Հատկապես ուշագրավ էր նոյեմբերի 28-ին Բիշկեկում ՀԱՊԿ գագաթաժողովին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն առ այն, որ  ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար՝ «հարկավոր է անպատասխան թողնել Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները»: Սրանով վարչապետը փաստացի ՀԱՊԿ գործընկերներին ևս անուղղակիորեն «հանցակից» դարձրեց Ադրբեջանին՝ հնարավոր էսկալացիայի պարագայում:

Հայաստանի իշխանությունները եվրասիական ուղղության իրենց գերակայություններից մեկը հայտարարեցին վստահության մակարդակի ամրապնդումը, սակայն իրական քայլեր այս ուղղությամբ այդպես էլ չարձանագրվեցին: Դժվար թե վստահությանը նպաստող քայլ համարվեր ռուսական ընկերություններում պարբերաբար ստուգումներ անցկացնելը, ՌԴ նախագահին օդանավակայանում չդիմավորելը, ԵԱՏՄ երկրների համար ոչ բնորոշ պահվածքը՝ ի դեմս նախագահների ստորագրությունները նկարելուն և համացանցում տեղադրելուն՝ իբրև ԵԱՏՄ-ն գովազդելու քայլ, և այլն:

Հայտարարությունների մակարդակով հայ-ռուսական հարաբերություններն ու եվրասիական տարածաշրջանի գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունները բավական ջերմ են ու դրական, սակայն ավելի կարևոր է, թե ինչ է իրականում թաքնված այդ հայտարարությունների տակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: