ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները 2019թ-ին. դրական միտումներ առանց արդյունքների

Հայաստանի-Եվրամիություն հարաբերությունները 2019թ-ին բեկումնային աճ չեն գրանցել, դրանց զարգացման դինամիկան կարելի է «ընթացիկ» անվանել:

Ինստիտուցիոնալ առումով հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջնային է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրի վավերացումն ու կյանքի կոչումը, ինչպես նաև դրան նպաստող գործընթացները:

Ըստ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի,  այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր, ԵՄ անդամ 28 պետություններից մնացել են 5-ը, որոնք դեռ չեն ավարտել վավերացման գործընթացը:

Նախքան համաձայնագրի լիարժեք վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից այն հնարավոր է կյանքի կոչել մոտավորապես 80 տոկոսով՝ բացառությամբ այն դրույթների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: Այս տեսանկյունից կարևոր է արդեն իսկ ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ժամանակացույցի համաձայնեցումը: Բավական երկար հետաձգումից հետո Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման Ճանապարհային քարտեզի համաձայնեցումն ավարտվել է 2019թ. հունիսին:

Որևէ առաջընթաց չի գրանցվել վիզաների ազատականացման գործընթացում: Եվրամիությունը դեռ մանդատ չի տվել ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելուն: Հայաստանի իշխանությունները դա բացատրում են Եվրամիությունում ներքին ընթացակարգերով և այլ երկրների հետ ծագած խնդիրներով: Սակայն, այս համատեքստում ուշագրավ էր Հայաստանում իր լիազորություններն ավարտող ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունն առ այն, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են Վրաստանի հետ՝ վրացական փորձից դասեր քաղելու համար և որ եթե ՀՀ քաղաքացիները չխախտեն կարգը՝ ապաստան չխնդրեն Եվրոպայում, չդիմեն անվճար բուժման, չխախտեն վիզաների ժամկետները, ամեն ինչ լավ կլինի: Այսինքն, ստացվում է, որ  կամ դեսպանն այնքան էլ անկեղծ չէր, կամ Հայաստանի իշխանությունները, համակերպվելով Վրաստանի բացասական փորձի պատճառով մեր գործընթացի արհեստականորեն դանդաղեցմամբ,  ընդունել են այդ մոտեցումն ու պարտավորվել այդ փորձից ելնելով նոր միջոցներ ձեռնարկել:

Տարվա առաջին կեսին բավական ակտիվ են եղել խոսակցությունները Հայաստանին ԵՄ ֆիանսական աջակցության մեծացման վերաբերյալ, սակայն՝ հստակ ծրագրերի դիմաց: Այդ թվում՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, քննարկվել են 13 համատեղ նախագծեր՝ վերաբերող, այդ թվում՝ ենթակառուցվածքներին: Իսկ տարեվերջին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Եվրամիությունը հաջորդ տարում Հայաստանին 150 մլն եվրո աջակցություն կտրամադրի:

Առաջին հայացքից ուրախալի այս լուրն իր մեջ, սակայն, բացասական միտումներ է պարունակում, եթե այն համադրում ենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և դրանց եվրոպական արձագանքի հետ: Տպավորություն է ստեղծվում, որ եթե նախկինում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարժիչ ուժն արժեքներն էին և բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը, ապա Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, դրանով պայմանավորված չարդարացած ակնկալիքների հետևանքով, առաջին պլան են մղվել շահերը: Հակառակ դեպքում Եվրամիությունը չէր կարող այդքան անտարբեր լինել Հայաստանում դատաիրավական համակարգի հանդեպ գործադրվող անթաքույց ճնշումներին և դրան հակազդելու փոխարեն ֆինանսական աջակցության նման աճ խոստանալ:  Իսկ անցումն արժեքներից շահերի երկարաժամկետ հեռնկարում Հայաստանի համար բարենպաստ չէ, քանի որ տարածաշրջանում բացառապես շահերով առաջ շարժվելու պարագայում Եվրամիության համար գերակայությունն ակնհայտորեն Հայաստանը չի լինելու:

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ տարվա ընթացքում կատարված փոխայցելություններից, արված հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում դեռևս 2018-ին վարչապետ Փաշինյանի առաջին բրյուսելյան այցից առաջացած լարվածությունն, ընդհանուր առմամբ, հաղթահարվել է, և փորձ է արվում զարգացնել համատեղ օրակարգը: Սակայն շոշափելի արդյունքների էական պակաս է զգացվում, իսկ Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարումը կարող է փոխել Եվրամիության հետ երկխոսության որակը՝ հանգեցնելով անցանկալի հետևանքների։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: