ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Փաշինյանն անդրադարձավ հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Եկեք նայենք, թե Ղարաբաղի հարցում ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը (ՀՀ երրորդ նախագահ-խմբ.): Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել բանակցային գործընթացը, և նախկին իշխանությունների կողմից պաշտոնական հերքումներ չեն եղել …. Պարբերություն առաջին, երեք հիմնական պարբերություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպես, ինչպես դրանք կապված են միմյանց հետ)` 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները: Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:

Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:

Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա այն ժառանգությունն է, որը եղել է առկա բանակցությունների սեղանին:

«Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք: Որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ցանկանա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Ես առաջարկում եմ՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն` այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե ոչ, թող հայ ժողովուրդն ու Արցախի ժողովուրդը ասի՝ ընդունելի է, թե ոչ: Եթե Արցախի ու Հայաստանի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ ՀՀ որևէ կառավարություն Արցախի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան իր կառավարությունն է:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 7 կմ/ժ
-1 C°
 
-2°   
27.02.2020
  10° 
28.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: