ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակի առիթով: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ մեր պետականության ամենամեծ նվաճման՝ Հայոց բանակի կազմակվորման նվիրական օրվա կապակցությամբ:

Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը, մեր նոր սերնդի ազգային ինքնագտակցության և ինքնաճանաչողության վրա ազդող ամենակարևոր արժեքներից մեկը, որը, ցանկացած գիտակից հայի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հոգում բորբոքում է պետականատիրության պատիվը, ջերմ զգացումն ու պատասխանատվությունը:

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է, որը թրծվել ու ամրացել է հերոսական ազատամարտի բովերում, որը դարձել է մեր նորագույն պատմության ամենանվիրական հաղթանակների կերտողը, որը կայացել է իր հազարավոր նվիրյալ զավակների՝ մեր ժոովրդի երազանքների զոհասեղանին դրված կյանքերի, արյան, բանակաշինության նվիրյալների թափած ջանք ու եռանդի շնորհիվ՝ հայ ժողովրդի անվերապահ սիրո ու գուրգուրանքի պայմաններում:

Ազգային բանակը կայացել է որպես իր պատմական բնօրրանի այս մի հատվածի վրա մեր հավաքական լինելիության հզոր պատվար, տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և հուսալի երշախավոր, որպես խաղաղություն պարտադրող մարտունակ, կուռ ու կազմակերպված համակարգ՝ Հայաստանի Հանրապետությանը տալով մեր ազգային ու պետական շահերն արտաքին բոլոր հարթակներում արժանապատվորեն պաշտպանելու կարևոր հաղթաթուղթ:  

Այսօրվա զինվորը հաստատակամ ու իր առաքելության խորքային գիտակցությամբ է պաշտպանում մեր հայրենիքի սահմանները՝ մեր սպաների ամենօրյա աչալուրջ, հայրական սրտացավության և խստապահանջության պայմաններում՝ իր կենցաղում, մարտական հերթապահության ժամին, թե դրանից դուրս, ամեն նոր օրվա հետ զգալով այն բարեփոխումների ազդեցությունը, որոնց ձեռնամուխ է եղել մեր պետությունը:

Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ՝ զերծ հանցածին երևույթներից ու գայթակղություններից: Վստահ եմ՝ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում համատեղ ուժերով հասնելու ենք մեր ցանկալի արդյունքներին:

Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ զինված ուժերի հզորացման, մարտունակության բարձրացման, մեր սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բոլոր ձեռնարկումներում, մաղթում եմ խաղաղ երկինք մեր զինվորների գլխավերևում:

Փա՜ռք մեր հերոսական բանակին, փա՜ռք մեր զինվորին և սպային, հավերժ հիաշտակ՝ հանուն մեր հայրենիքի և մեր բանակի ընկած բոլոր հայորդիներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 11 կմ/ժ
16 C°
 
13°  24° 
29.09.2020
12°  23° 
30.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: