ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարող եմ հանգիստ լինել, որ սահմանին կանգնած են ուժեղ տղաներ, ունենք ուժեղ բանակ. ազատամարտիկ

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ  «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախյան պատերազմի մասնակից, Եղեգնաձորի կամավորական ջոկատի ազատամարտիկ, ներկայումս ՊՆ Սպառազինության վարչության  պահեստազորի գնդապետ Մանվել Զաքարյանի հետ:

 


-         Ինչպե՞ս որոշեցիք մեկնել ռազմաճակատ:

-         Ծնունդով Նախիջևանից եմ: Ադրբեջանցիների հետ փոքրուց եմ հարցեր ունեցել. իրենց պահվածքն, իրենց մոտեցումները մեր ազգին, մեր ժողովրդին, ստիպողաբար մեզ տարհանելը։ Այդ ամեն ինչն ինձ մոտ կուտակված էր: Նախիջևանի մեր Նորաշեն գյուղում թուրքական դպրոցը շատ ճոխ էր, ամեն դասարան իր սենյակն ուներ, իսկ հայերի դպրոցը մի փոքրիկ սենյակ էր, որտեղ ուսուցանում էին առաջինից ութերորդ դասարանցի աշակերտները: Վիրավորանքը փոքրուց էր գալիս:

-         Եղել եք 92թ. պատերազմի մասնակից, եղաք նաև Ապրիլյան պատերազմի ականատեսը: Ի՞նչ հիմնական տարբերություններ կնշեք այդ տարիների միջև:

-         Պետք է անկեղծանամ՝ ամեն ինչի սպասում էի, բայց որ մեր երիտասարդներն այդ կերպ կկանգնեին հակառակորդի առաջ, անկեղծ ասեմ, որպես պահեստազորի գնդապետ, ինձ համար մի փոքր անսպասելի էր:  Այդ ամենը տեսնելով՝ շատ ուրախացա, չնայած, որ զոհեր ունեցանք, բայց...

-         Հայոց բանակն այս տարի դառնում է 25 տարեկան: Այս  տարիների ընթացքում, լինելով նաև բանակի մարդ, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

-         Առաջինն այն է, որ մեր բանակն արդեն լիարժեք կայացած է: Չնայած, որ բանակում միշտ էլ կան վերազինվելու, վերակառուցվելու աշխատանքներ, բանակը կայացած է, և այն, որ մենք, սկսելով որսորդական հրացաններով, հիմա ունենք ամեն ինչ՝ համակարգչային, ավտոմատացված համակարգեր, կարծում եմ, մեր ձեռքբերումներն են:

-         Ինչն էր ամենատպավորիչը պատերազմից:

-         Հիշելու շատ բաներ կան, այդ թվում՝ շատ տխուր:  Ամենահաճելի պահերից մեկն այն էր, Շուշիի ազատագրումից հետո Լաչինի ճանապարհով զինտեխնիկան տեղափոխեցինք Ստեփանակերտ արդեն ոչ շրջանցող ճանապարհով: Այդ ընթացքում Շուշիի վերևի հատվածից, երբ կանգնեցինք նայեցիքն, պահը շատ հաճելի էր: Մնացած պահերը, ցավոք, ավելի շատ տխուր էին, որոնց մասին չէի ցանկանա հիշել... Պատահել է մի պահ կանգ ենք առել, մեր կանգնած տեղը ռմբակոծել են: Ընկերս է մահացել ձեռքերիս վրա: Դրանք շատ տխուր պահեր են, սակայն չպետք է մոռացվեն:

-         92-ի պատերազմական գործողությունների ընթացքում մարտավարական ի՞նչ հնարքներ կհիշեք, որ կիրառել եք:

-         Մի դեպք պատմեմ: Որպես նախարարության մասնագետների՝ մեզ շատ էին գործուղում ռազմաճակատային գծեր, տեխնիկայի նորոգումը կազմակերպելու, անսարք տեխնիկան դուրս բերելու և այն: 1993 թ. աշնանն էր, ընկանք շրջափակման մեջ:  «Արծիվ 28» ջոկատի հետ էինք, ջոկատավարն Արթուրն էր: Այդ ժամանակ, երեք տանկից աշխատում էր միայն մեկը: Մինչև առավոտ մեկն էլ նորոգեցինք: Մասնագետների հարցում մի քիչ խեղճանում էինք, օրինակ ինձ համար T-78 տանկերը մի քիչ անծանոթ տանկեր էին, և աննշան սխալի դեպքում տանկն ավտոմատ անջատվում էր: Այդ ժամանակ, փաստորեն երրորդ զինտեխնիկան պետք է ետ բերեինք, մոտ 50-60 կմ սարերի միջով պետք է անցկացնեինք և բերեինք Գորիս: Ստացվեց այնպես, որ շրջափակման մեջ հայտնվելուց հետո երրորդ օրը, մեր վարչության պետն, ով մեզ հետ էր, կարգադրեց, որ քարշակ զինտեխնիկայով, որ մենք ունեինք (тягач), այդ տանկը տեղափոխենք Գորիս: Վարչության պետը հրամայել էր, մենք էլ պետք է կատարեինք: Մի խոսքով ստացվեց, որ ճանապարհին, մեծ շրջապտույտով մի տեղ կար, որտեղ տանկն իր ընթացքով էինք անցկացնում, այն իջավ ձորի մեջ: Մեզանից բարձր դիրքերում ավտոմատներով զինված թուրքերն էին: Այդ պահին մենք անսարք տանկի հրանոթն ուղղեցինք վերև, քարշակի ատրճանակը (пулемёт ) դրեցինք շարժունակ վիճակում: Նրանք մեր այդ գործողություններից վախեցան մոտ գալ՝ չհասկանալով անգամ, որ տանկն անսարք վիճակում է: Մի խոսքով այդ դրությունից դուրս եկանք և հետո միայն, որոշակի ժամանակ անց, հասկացանք, որ հրանոթը շարժելով վախեցրել էինք թուրքերին, հակառակ դեպքում շատ հանգիստ կարող էին մեզ ոչնչացնել:

-         Ո՞րն է հայ զինվորի հավաքական կերպարը:

-         Կրկին ապրիլյան դեպքերը պետք է հիշեմ: Նախորդ պատերազմի ժամանակ տղաները՝ թե՛ մեծերը, թե՛ կրտսեր սերունդը, այլ մտածելակերպ ունեին: Ես այսօրվա սերնդից նման համախմբվածություն, նման քաջություն չէի սպասում: Ես փառք եմ տալիս մեր ջահելներին, մեր ծնողներին, որ նման երեխաներ են դաստիարակում: Կարող եմ հանգիստ լինել, որ սահմանին կանգնած են ուժեղ տղաներ, ունենք ուժեղ բանակ:

-Ի՞նչ կմախթեք Բանակի օրվա կապակցությամբ

- Առաջնահերթ մաղթում եմ կապույտ երկինք: Կրակոցները թող լինեն միայն ուսումնամարզական կայաններում և թող մեր ջահելները շարունակեն այսպես հոգով ամուր մնալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: