ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ հայտարարությունը նախազգուշացում էր Հայաստանի իշխանություններին

ԵԽԽՎ հայտարարությունը նախազգուշացում էր Հայաստանի իշխանություններին: Իսկ իշխող կուսակցության պատգամավորների կողմից հայտարարության մասնակի՝ միայն իրենց համար ձեռնտու հատվածների, ներկայացումը պարզ մանիպուլյացիա է, որը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև ծիծաղելի դրության մեջ է դնում Հայաստանի իշխանություններին:

Երեկ ԵԽԽՎ Մոնիտորինթի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուղոցները հայտարարություն են տարածել՝ Հայաստանում Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին:

«Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից»,- նշված է հայտարարության մեջ։ ԵԽԽՎ համազեկուցողները նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Հայտարարության ամբողջական տեքստը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

Հայտարարությամբ ԵԽԽՎ զեկուցողները դրական են գնահատում ՍԴ հետ առաջացած լարվածությանն իրավական, օրինական լուծում տալու իշխանության փորձերը, սակայն, դրա հետ մեկտեղ, արձագանքում են Հայաստանի վարչապետի և իշխանության այլ ներկայացուցիչների բացահայտ հակասահմանադրական մի շարք հայտարարություններին և քայլերին և կոչ են անում զերծ մնալ դատական իշխանության նկատմամբ ճնշումներից:

Ըստ էության, սա որոշակի նախազգուշացում է Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ չխախտելու իշխանության ճյուղերի միջև բալանսները: Չի բացառվում, որ այս հայտարարությանը կարող է հետևել նաև ԵԽԽՎ զեկույց, ինչն էլ ավելի մեծ հարված կլինի Հայաստանի, որպես ժողովրդավար երկրի, հեղինակությանը:

Գուցե այս հայտարարությունը իրավական ուժ չունի: Սակայն Հայաստանի հետհեղափոխական իշխանությունները արդեն գրեթե երկու տարի է փորձում են արտաքին աշխարհում ընկալում ձևավորել, որ Հայաստանն իշխանափոխությունից հետո «ժողովրդավարության կղզյակ» է դարձել տարածաշրջանում, «ժողովրդավարության հույսն է» աշխարհի համար: Միաժամանակ, երկրի ներսում նրանք կոպտորեն խախտում են ժողովրդավարության նորմերը: Միջազգային հանրությունը, որոշակի ուշացումով և սպասելիից շատ ավելի զուսպ, բայց փաստացի սկսում է արձագանքել առկա իրավիճակին և կոչ է անում հավատարիմ մնալ հռչակված արժեքներին: Ակնհայտ է որոշակի զգուշացումը, որ այս ձեռագրի շարունակման դեպքում՝ հարվածն ավելի ուժեղ է լինելու:

Այս իրավիճակում բավական զավեշտալի էր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մի քանիսի, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի վարքը, ովքեր հանրությանը ներկայացրեցին ԵԽԽՎ զեկուցողների հայտարարության միայն այն հատվածները, որոնք իրենց համար շահեկան համարեցին՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով հանրությանն ու փորձելով թաքցնել Հայաստանի հեղինակությանը հասցվող հարվածը:

Նման պահվածքը ոչ միայն արդյունավետ չէ, այլև նույնիսկ վնասակար, և ծիծաղելի դրության մեջ է դնում Հայաստանի իշխանություններին՝ էլ ավելի խորացնելով նրանց անլուրջ ընկալումը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային գործընկերների շրջանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: