ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-Բելառուս. ի՞նչ սպասել երկկողմ հարաբերությունների վերամեկնարկից

Փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնական այցով Բելառուսում էր: Այցը կարևոր էր և սպասված՝ հատկապես, հաշվի առնելով, որ վերջին անգամ ամերիկացի պետքարտուղարի Մինսկում ընդունել էին հեռավոր 1993-ին: Պետքարտուղարությունում որպես այցի նպատակ նշել էին ԱՄՆ ձգտումը «ընդգծելու Միացյալ Նահանգների հավատարմությունն ինքնիշխան, անկախ, կայուն և զարգացող Բելառուսի նկատմամբ և կարգավորելու երկկողմ հարաբերությունները»: Ի դեպ, հարաբերությունները վատթարացել էին 2007-2008 թվականներից, երբ բելառուսական ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կողմերը հետ կանչեցին անգամ իրենց դեսպաններին:

ԱՄՆ պետքարտուղարի՝ բելառուսյան այցից ակնկալիքները կողմերի մոտ, ըստ էության, բավական տարբեր էին: Պաշտոնական Մինսկի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումն, ի թիվս այլնի, առաջին հերթին նպատակ է հետապնդում լուծելու տնտեսական խնդիրներ: Գաղտնիք չէ, որ ՌԴ-ի հետ վերջինիս հարաբերությունները, տնտեսական առումով, այնքան էլ հարթ չեն, և արդեն տևական ժամանակ է Բելառուսը հայտարարել է նավթի և գազի ձեռքբերման այլընտրանքային տարբերակներ փնտրելու մասին: Միացյալ Նահանգների համար խնդիրը նախ և առաջ քաղաքական տիրույթում է. Վաշինգտոնը փորձում է ցուցադրել իր «կարողությունը»՝ խաղալու անմիջականորեն Ռուսաստանի քթի տակ, Ռուսաստանի համար կարևոր կետերում: Եվ Պոմպեոյի այցն, այս տեսանկյունից, բոլորովին էլ պատահական չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ պետքարտուղարի՝ հետխորդային երկրներ իրականացրած շրջագայության մաս էր կազմում:

ԱՄՆ պետքարտուղարի և Բելառուսի նախագահի հանդիպումն անցավ բավական ջերմ մթնոլորտում: Լուկաշենկոն անգամ կատակներ արեց «բռնապետական Բելառուս» ամերիկացի պետքարտուղարի այցի վերաբերյալ: Հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում Պոմպեոն անդրադարձավ նաև տնտեսական հարցերին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է «Բելառուսին 100 տոկոսով ապահովել գազով՝ մրցակցային գներով»:

Հանդիպման կարևոր արդյունքներից էր և այն, որ ամերիկյան կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը և ցանկությունը Մինսկ ուղարկելու իր դեսպանին՝ 12 տարի ընդմիջումից հետո: Այն, թե կոնկրետ երբ Բելառուս կժամանի ամերիկացի դեսպանը, հայտնի չէ: Սակայն փորձագետները կարծում են, որ դեսպանի նշանակումը սպասեցնել չի տա, և, ամենայն հավանականությամբ, մինչև ամառ վերջինս կհանձնի արդեն իր հավատարմագրերը: Հիշեցնենք՝ դեսպանի նշանակման մասին կողմերը խոսել էին դեռ նախորդ տարի, երբ Բելառուս էր այցելել այն ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Պոմպեոն հիշեցրեց նաև այն, որ իրենք չեն մոռացել ՌԴ-ի հետ պաշտոնական Մինսկի հարաբերությունների մասին. «Մենք չենք առաջարկում ընտրություն կատարել մեր կամ նրանց միջև: Մենք խոսում ենք զուտ դիվանագիտական հարաբերություններից»:

Եվ չնայած ամերիկացի պաշտոնյայի «պնդումներին»՝ ռուսական ողջ լրատվական և վերլուծական դաշտն այս օրերին ուշի ուշով հետևում էր այցին՝ դրա մեջ փնտրելով ԱՄՆ հակառուսական քաղաքականության հետքեր: Թեմային անդրադարձավ նաև ՌԴ նախագահի մամլո խոսնակը՝ համոզմունք հայտնելով, որ «դժվար թե այնտեղ գործ ունենանք գերարագ մերձեցման հետ»:

Եվ այնուամենայնիվ, փաստը, որ ԱՄՆ-ն փոխել է իր քաղաքականությունը հետխորհրդային երկրների հետ հարաբերություններում, միանշանակ է: Եվ մերձեցում, անկախ դրա աստիճանից և ծավալներից, անշուշտ կլինի: Կարծում ենք՝ չի ուշանա և ռուսական կողմի «համապատասխան» արձագանքը՝ կրկին կախված այդ մերձեցման աստիճանից և ծավալներից:      


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: