ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գլոբալ ցուցիչների առյուծի բաժնում Հայաստանն առաջընթաց է գրանցել. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ 2018-2019թթ. Հայաստանն իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես՝ ըստ «Գործարարություն» զեկուցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Կատարվել են նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ սնանկության ճանաչման և վարկերի ստացման գործընթացներում առաջընթաց ապահովելու նպատակով։ Համաշխարհային բանկի կողմից 2019 թ. հոկտեմբերի 24-ին հրապարակած` «Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 2019 թվականի 41-րդ տեղի փոխարեն: «Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցում Հայաստանի դիրքի վատթարացման պատճառը Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությունն է, որի արդյունքում «Փոքր բաժնետերերի պաշտպանության» ցուցիչի մասով Հայաստանի համար «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը նվազել է՝ գնահատվելով 42 միավոր` նախորդ տարվա 63.33-ի փոխարեն, իսկ դիրքը 51-ից դարձել է 120։

2020-2023 թթ. միջոցառումների ծրագրով յուրաքանչյուր ցուցիչի մասով կազմվել են թիրախային միջոցառումներ՝ «Գործարարություն 2021», ինչպես նաև հետագա զեկույցներում երկրի դիրքը բարելավելու նպատակով։ Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Նախատեսվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը: «Օրեր առաջ Անվտանգության խորհուրդն ինձ համար զեկույց էր պատրաստել՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի տեղի շարժընթացի վերաբերյալ: Աշխարհում, գիտեք, տասնյակ ցուցիչներ կան, ամենատարբեր ոլորտների, և այդ ցուցիչների մեծ մասում՝ առյուծի բաժնում Հայաստանը շատ հստակ առաջընթաց է գրանցել: Բայց կան ցուցիչներ, որտեղ կամ առաջընթաց չենք գրանցել, կամ արձանագրված առաջընթացը շոշափելի չէ: Ես դրանք առանձնացրել եմ, որպեսզի նաև փոխվարչապետների և կառավարության անդամների հետ դա դարձնենք օրակարգ: Իհարկե, մեզ ամենաանհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է, և մենք արձագանքում ենք: Ընդ որում՝ այստեղ մեր քաղաքական ուղենիշը պետք է լինի հստակ, որ գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է իսկապես ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները, և սրա համար կան բոլոր քաղաքական նախադրյալները»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը գործարարությամբ զբաղվելու օրակարգը հստակ ձևակերպել է: Գործադիրի ղեկավարն ընդգծել է գլոբալ ցուցիչների կարևորությունը նաև օտարերկրյա ներդրումների ներհոսքին նպաստելու առումով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության, պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը գործարար միջավայրի և ընդհանրապես քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինի բժշկական. «Նախ չխանգարել որևէ բանում, և որտեղ հնարավոր է օգնել՝ օգնել: Այս թեմային մի քանի անգամ անդրադարձել եմ, դա հասկանալիորեն մեծ և սուր արձագանք է գտնում, և դա վատ չէ, որ այդպես է: Եկեք արձանագրենք հետևյալը, այլ փաստեր էլ կան, որոնք դրա մասին են վկայում. այսօր պետական կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձևակերպել և ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի, ծավալի և այլնի: Այդ մարդիկ, եկեք արձանագրենք, շատ չարացած են այսօր, ներկաների վրա, առնվազն մեծ մասի վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա, և եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ կամ իրենց նախարարության շենք, ամբողջ այդ չարացածությունը պարպում են այդ մարդկանց վրա: Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ նաև նախարարների պարտականությունն է՝ կաբինետներում այդ մարդկանց գտնել և լիցքաթափվելու հնարավորություն տալ նրանց: Թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու: Այսօր մենք այս պրոբլեմն ունենք և կրկին կոչ եմ անում՝ պետք չէ, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել, պատմել, աղաղակել, որպեսզի այս խնդիրը լուծվի: Այսօր մենք գիտենք դա, և առաջին օրից եկել, ասել ենք՝ մենք չենք պատրաստվում գերանդին առնել, հնձել, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել, և այդպես էլ վարվել ենք: Բայց դա չի նշանակում, որ մեր՝ ամեն ինչ հարթ, սահուն իրականացնելու ցանկությունը պետք է չարաշահվի: Այսօր կոնկրետ չարաշահվում է շատ նախարարություններում, և ես ասում եմ՝ հերիք է, ժամանակն սպառվել է, այդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից թողնեն, գնան, զբաղվեն բոլորովին ուրիշ գործով»:

Վարչապետն անդրադարձել է նաև ըստ քաղաքների կյանքի որակի, տնտեսական ազատության ցուցիչներին, «Գլոբալ գենդերային ճեղքվածք» զեկույցին: Վերջինիս վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, ինչը համարել է շատ լուրջ պրոբլեմ, անթույլատրելի և անընդունելի երևույթ, որն անհամատեղելի է այսօրվա մեր իրականության հետ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել նման դեպքերը կանխարգելու ուղղությամբ:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախարարները, կառավարության անդամներն իրենց ուղղություններով այդ զեկույցների հետ կապված ուշադիր լինեն, որովհետև դա ինդիկատոր է՝ կամ մեր իրականության, կամ մեր իրականության աշխարհի ընկալումների մասին, որոնք շատ կարևոր են: Եվ պետք է աշխատել և նաև գուցե հաղորդակցությունն ապահովել՝ ստանալ այդ ազդակները և ըստ այդմ ճշգրտել մեր օրակարգը: Բայց ուզում եմ արձանագրել, ինչպես ասացի, զեկույցների 90 տոկոսում Հայաստանը շատ լուրջ առաջընթաց է արձանագրել: Դա ժողովրդավարության զեկույցն է, այսօր մենք տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար երկիր ենք համարվում, խոսքի ազատության, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, զբոսաշրջության զեկույցներն են, և տասնյակ զեկույցներում Հայաստանը հստակ շոշափելի մեծ քայլերով առաջընթաց է արձանագրում»:

Հավանության է արժանացել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ: Զեկույցի համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ վարչապետի կողմից պարբերաբար հայտարարված «Նոր Հայաստանի մասին 100 փաստերը»: Զեկույցի կառուցվածքը համապատասխանում է կառավարության ծրագրի կառուցվածքին և ներառում է 8 բաժին՝ իր ենթաբաժիններով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զեկույցին, նշել է. «Կարծում եմ՝ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևոր հատվածներից մեկն է և նկատի ունեմ ոչ միայն կառավարության ընդհանուր առմամբ, այլև յուրաքանչյուր նախարարության: Կարծում եմ, որ այսօրինակ զեկույցները և զեկույցում կոնկրետ սեգմենտների առկայությունը ցույց է տալիս նաև այս կամ այն նախարարության աշխատանքի որակը, այդ թվում՝ 100 փաստերը, որ արդեն 3 անգամ հրատարակել ենք: Ընդ որում՝ կարելի է ինքնաստուգում անել. ես առաջարկել եմ նախարարություններին անել ինքնաստուգում և ստուգել, թե այդ 100 փաստերի մեջ որ փաստն է վերաբերում այս կամ նախարարությանը, գերատեսչությանը և ըստ այդմ՝ կարելի է նույնիսկ աշխատանքի որակի սեփական գնահատում անել»:

Այնուհետև վարչապետն հրապարակել է զեկույցի նախաբանը: «2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:

Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։

Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7%-ով աճի կարևոր արտահայտություններից է:

Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4%), մրգային գինիների (70.8%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5%-ով:

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2․1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 միլիոն դոլարով կամ 27․6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով:

2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնել հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը և 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները։

2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչը, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը: 2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է և ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով:

Հաշվետու տարում նորոգվել և հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը կառավարության սուբվենցիոն ծրագրերով:

2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, և այն հասցնել 23.5%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1%:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը ավելացել է 5.8%-ով: 2019թ. հունիսի 1-ից զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը, կախված ծառայության վայրից և պայմաններից, բարձրացվել է մինչև 30%-ով: Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2,600 դասախոսների, առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 10-30%-ով: Հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության սպայական անձնակազմի և կրտսեր խմբերի աշխատավարձը բարձրացվել է մինչև 52%-ով: 2020թ. հունվարի 1-ից քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացվել է 30%-ով: 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացվել և սահմանվել է 68 հազար դրամ:

Կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64,084 նպաստառուի նպաստների և 3,307 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ սահմանելով 25,500 դրամ: Հունվարի 1-ից բարձրացվել է նաև 21,785 աշխատանքային և 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի մակարդակ սահմանելով 25,500 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով։

2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստներն աճել են 26.1%-ով կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ դոլարով՝ տարեվերջին հասնելով աննախադեպ 2.85 միլիարդ ԱՄՆ դոլար մակարդակի: Բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16.9%-ով կամ 842 միլիարդ դրամով, տրամադրված վարկերի ծավալը՝ 16.4%-ով կամ 482 միլիարդ դրամով, ներգրավված ավանդների ծավալը՝ 19.3%-ով կամ 527 միլիարդ դրամով:

Միջազգային վարկանիշային գործակալություները, արձանագրված տնտեսական ցուցանիշների և վարվող ոլորտային քաղաքականությունների գնահատման արդյունքում բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը, մասնավորապես՝ «Ֆիթչ»-ը այն բարձրացրել է «BB-», իսկ «Մուդիզ»-ը՝ «Ba3» մակարդակի»,- նշված է զեկույցում։

Միջազգային համագործակցություն. ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է վերցրել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թ.-ին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 647 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ըստ էության, ավելի քան 600 ապրանքների գծով արտոնյալ ռեժիմը պահպանվում է, երկարացվում է ևս մեկ տարի: Դա առնվազն 30 միլիոն դոլար խնայողություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, և մենք հույս ունենք, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու իմաստով: Բայց դեռ ընթացակարգերը պետք է անցնեն, և պետք է արագ անել, որպեսզի հնարավորինս արագ ուժի մեջ մտնի»:

Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ նշված ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը ՀՀ-ից երրորդ երկրներ։ Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին որոշում:

Կառավարությունը բավարարել է «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացված հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով արտոնություններից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կենցաղային կրակայրիչների արտադրության համար, ործունեություն է ծավալելու Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 109 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է իրականացնել ևս 170 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 140.5 մլն դրամ, որից 55.5 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 70 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 15 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: