ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 123,45 դրամ ԱՐԾԱԹ - 238,83 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 747,47 դրամ

Սումգայիթի ողբերգությունը և դրանից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: 1988թ. փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնություններն՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին կտտանքներով, բռնաբարությամբ և հայերի ունեցվածքի թալանով ու հրկիզմամբ: Պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության արդյունքում սպանվեցին բազմաթիվ հայազգի բնակիչներ, շատերն էլ վիրավորվեցին, բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին:

Սումգայիթում, իսկ հետագայում Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու դաժանություններն իրենց բնույթով հիշեցրին 1915թ. Հայոց ցեղասպանության մղձավանջային օրերը: Դրանք հետևանք էին տասնամյակներով Ադրբեջանում խրախուսվող այլատյացության ու հատկապես հայատյացության, որոնք այսօր ավելի են խորացել և ստացել պետական համակարգված քաղաքականության բնույթ:

Հիշելով ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերը և ոգեկոչելով զոհ գնացած մեր հայրենակիցներին, Հայաստանում և Արցախում փետրվարի 28-ը հռչակելով Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, մենք նաև ուղերձ ենք հղում մարդկությանը՝ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով:

Յուրաքանչյուր չպատժված դեպք, յուրաքանչյուր կեղծվող փաստ, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն և հավանականություն, նշանակում է աջակցություն այլատյացություն հրահրողներին, քարոզողներին և այն որպես զենք օգտագործողներին, նշանակում է ատելության չընդհատվող ալիք տարածաշրջանում, նշանակում է անխոչընդոտ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի մարդկության դեմ ուղղված ավելի ծանր հանցագործություն՝ ցեղասպանություն:

Սումգայիթի ողբերգությունը և դրանից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին: «Դարչնագույն ժանտախտի» ճանապարհն այսօր էլ բաց պահելը անարգանք է բոլոր ժամանակներում ֆաշիզմին և այլատյացությանը զոհ գնացած բոլոր մարդկանց հիշատակի հանդեպ:

Խոնարհվում եմ Սումգայիթում և Բաքվում ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև:

Հանգստություն նրանց հոգիներին»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 6 կմ/ժ
10 C°
 
  12° 
11.04.2020
  13° 
12.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: