ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանություն. 1915 թվականի ապրիլի 24 ...

1965 թվականից սկսած ամեն ապրիլի 24-ի վաղ առավոտյան մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրն է, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 44-մետրանոց քարակոթողը, որտեղ անմար կրակի մոտ առավոտվանից սերնդեսերունդ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի՝ մեր նախնիների հիշատակին: Հուշարձանի 12 քարակոթողները խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Որպես Հայոց Ցեղասպանության օր համարվում է ապրիլի 24-ը, քանի որ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան և այլք: 

Հայերի նկատմամբ ցեղասպան գործողություններ իրականացվել են 1915-1923 թվականներին, երբ Երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանություններ և ջարդեր: Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ, ավելի ուշ` զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից, ապա թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում, հրապարակվեց հայությանը պատճառած վնասի չափը. 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ: Չհաշված այն, որ ոչնչացվեցին ու հրո ճարակ դարձան նյութական ու մշակութային հազարավոր հուշարձաններ ու կոթողներ, հարուստ գրականություն ու ձեռագրեր:

Վիճակագրական տվյալների համաձայն` կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Այս ողբերգական շրջանից պատմությանը հայտնի են հայերի ինքնապաշտպանության հերոսական դրվագներ, Մուսա Լեռ, Վանի, Ուրֆայի, Մուշի ու Վանի ինքնապաշտպանություն: Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը: Հայ ժողովրդի դահճապետ Թալեաթը մարդասպանի գոռոզամտությամբ դեռևս 1915 թվականի օգոստոսի 31-ին գոչեց․ «Հայկական հարցը լուծելու տեսակետից ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարում»:

Այս ողբերգական իրադարձութունների հետևանքով աշխարհի բոլոր ծագերում առաջացավ Հայկական Սփյուռքը` Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: