ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Ինչպե՞ս է ձևավորվել Արցախի հարցում համազգային կոնսենսուսը

Իսկզբանե վարչապետն ասում էր, որ հայ ժողովուրդը չունի կոնսենսուս Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ: «Որովհետև դուք բոլորդ երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք տալիս նաև, չեք ասում՝ «այ, կգնաս, և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես»»,- 2019թ. ապրիլի 22-ին իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ հայտարարում էր վարչապետ Փաշինյանը: «Պետք է ձգտել համազգային կոնսենսուսի»,- պնդում էր նա:

Երեկ Ազգային ժողովում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պնդում էր, որ, այնուամենայնիվ, կա այդպիսի կոնսենսուս և դա իրեն ավելի ամուր է դարձնում բանակցային գործընթացում:  «Բայց այս ամենի մեջ ավելի էական է վստահ լինել, որ մեր ներգրավումը բանակցությունների մեջ հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի` համազգային կոնսենսուսի վրա, որի համաձայն Արցախի անվտանգային խնդիրներն առաջնային են, Հայաստանը եղել և մնում է անվտանգության միակ երաշխավորը, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, որ կարգավիճակի և անվտանգության հարցերը դիտարկում ենք այնպիսի համադրությամբ, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք մեր առաջնայնությունները»,- ասել է նախարարը, ըստ ԱԳՆ հաղորդագրության: Նշենք նաև, որ ԱԳՆ կայքում նախարարի խոսքերը հերթական անգամ զգալիորեն խմբագրվել են՝ ենթադրվողը ներկայացնելով որպես ասված:

Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ի՞նչ է փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում, որ կառավարությունն եկել է համոզման, որ ձևավորվել է համազգային կոնսենսուսը և ինչպե՞ս է ժողովուրդն արտահայտել իր համաձայնությունը: Եվ բացի այդ, որքանո՞վ են արտգործնախարարի այս հայտարարություններն արտացոլվում իրական գործընթացի վրա և նպաստում հայկական կողմերի դիրքորոշումների առաջմղմանը:

Եթե անդրադառնանք նախարարի առաջ քաշած կոնսենսուսի բովանդակությանը, այստեղ ևս անհասկանալի դրույթներ կան:

Առաջինը, ինչո՞ւ կոնսենսուսի այս բանաձևային ամփոփման մեջ հստակ ամրագրված չէ ինքնորոշման իրավունքը: Կարգավիճակի հարցի շաղկապումն անվտանգության հետ և անվտանգության դիտարկումը որպես գերակայություն կարող է կիրառելի լինել այն թեզի համատեքստում, որ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի դիտարկումն անվտանգության սպառնալիք է, սակայն դա որոշակիորեն խեղում է հակամարտության էությունը: Հակամարտության հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարն է, իսկ անվտանգության հարցն արդեն ծագել է, որպես Ադրբեջանի ագրեսիվ և ոչ ադեկվատ արձագանքի հետևանք: Ուստի, համազգային կոնսենսուսի հավակնող այս բանաձևում ինքնորոշումը չի կարող ուղղակիորեն չհիշատակվել:

Երկրորդը, խիստ անորոշ և մանևրելու լայն դաշտ ստեղծող է մեր առաջնայնությունների վերաբերյալ ձևակերպումը: Որո՞նք են այդ առաջնայնությունները՝ Արցախի անկախության ճանաչո՞ւմը, հանրաքվեի միջոցով կարգավիճակի որոշո՞ւմը, թե՞ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը: Եթե չենք հստակեցնում դրանք ինքներս մեզ համար, ապա ինչպես ենք համոզվելու, թե որքանով են դրանք պահպանվում կարգավիճակի և անվտանգության հարցերի այն համադրության մեջ, որը կառաջարկվի միջնորդների կողմից: Եվ ընդհանրապես վիճելի է, թե որքանով է նպատակահարմար կարգավիճակի հարցը շաղկապել անվտանգության հետ, որովհետև նման մոտեցումը կարող է հանգեցնել անվտանգության միջազգային երաշխիքների այնպիսի առաջարկի, որի պարագայում կարգավիճակի հարցում մեր պահանջներն անհիմն և առավելապաշտական կթվան:

Եվ երրորդը, նախարարը պնդում է, որ սպառնալիքի լեզուն ժխտված է: Ո՞ւմ կողմից և արդյո՞ք այդ ժխտումն ընկալվել է Ադրբեջանի կողմից: Կամ արդյո՞ք եղել է երբևէ իրավիճակ, երբ այն ժխտված չի եղել: Այս պարագայում խոսքը երևի վերաբերում է նրան, որ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող օգտագործվել որպես ճնշման գործիք հայկական կողմերի վրա բանակցային գործընթացում, սակայն դա ևս ավելի հստակ ձևակերպման կարիք ունի:

Ողջունելի է ԱԳՆ-ի կողմից հայկական կողմի դիրքորոշման բյուրեղացման ուղղությամբ տարվող աշխատանքը, սակայն այն պետք է լինի շատ ավելի հետևողական և բացթողումները հաշվի առնող, դրանք շտկող: Եվ վերջապես, պետք է լինի երկրի միասնական դիրքորոշում: Իրավիճակը, երբ ԱԳՆ-ն մեկ բան է պնդում, իսկ վարչապետը՝ մեկ այլ բան, որևէ դրական ազդեցություն չի կարող ունենալ բանակցային գործընթացում մեր դիրքերի ամրապնդման վրա:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 8 կմ/ժ
24 C°
 
14°  26° 
06.06.2020
14°  27° 
07.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: