ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարբերվող լինելու Փաշինյանի մոլուցքը ռիսկեր է առաջացնում Հայաստանի և Արցախի համար

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին օրերից նպատակ է հետապնդում ցույց տալ, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ունի տարբերվող մոտեցումներ, սեփական կետը, որից սկսել է բանակցությունները և այլն: Այդ տրամաբանության մեջ էր տեղավորվում Արցախը անհապաղ բանակցային գործընթաց լիարժեք վերադարձնելու նպատակի սահմանումը:

Իշխանության գալու առաջին օրերից Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը չի ներկայացնում Արցախի ժողովրդին, չի կարող բանակցել Արցախի անունից և Արցախը պետք է անհապաղ վերադառնա բանակցային գործընթաց: Այսօր արդեն Փաշինյանն ընդունում է, որ այդ հարցում կան դժվարություններ, կա դասավորված ավանդույթ և որ «չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան, այնպես ինչպես Արցախին չի հաջողվել բանակցային սեղան վերադարձնել վերջին 22 տարում»: Այս մասին նա հայտարարեց իր վերջին մամուլիսի ասուլիսի ընթացքում:

Այստեղ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները մշտապես կարևորել են Արցախը լիարժեք բանակցային գործընթաց վերադարձնելը: Արցախը մշտապես անուղղակի կերպով ներգրավված է եղել բանակցություններում՝ համանախագահների Արցախ կատարվող այցերի, Հայաստանի իշխանությունների կողմից բանակցային գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցով: Սակայն, դրան զուգահեռ հայտարարվել է, որ Արցախի ժողովուրդը պետք է լինի Արցախի հարցը որոշողը, մշտապես աշխատանք է տարվել միջազգային ընկալումներում ամրագրելու, որ առանց Արցախի ներգրավման բանակցային գործընթացում վերջնական կարգավորման հասնել հնարավոր չէ: Արդյունքում, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահի կողմից հայտարարվել է, որ կարգավորման սկզբունքների համաձայնեցումից հետո շրջանակային համաձայնագրի բանակցման փուլում Արցախը պետք է միանա բանակցություններին:

Հայաստանի նախկին իշխանությունները գիտակցում էին, որ Արցախի վերադարձն ապահովելու համար շատ մեծ դիվանագիտական ռեսուրս է պահանջվելու, Ադրբեջանը մեծ դիմադրություն է ցույց տալու:

Սակայն Նիկոլ Փաշինյանը բավականաչափ խորքային չէր տիրապետում խնդրին և ժամանակ «չվերցրեց» դա անելու համար, նրա համար առաջնային էր ավելի «հայրենասեր»  երևալ, քան նախորդ իշխանություններն էին և անհապաղ սեփական տարբերվող առաջնահերթություններն ու մոտեցումները հայտարարել: Բնականաբար, դրա ռիսկերն ու դժվարությունները հաշվարկված չէին:

Արդյունքում, այսօր Փաշինյանը ստիպված է խոստովոնել, որ այդ հարցում դժվարություններ կան և ինչպես նախորդ 22 տարիներին չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան, այնպես էլ այսօր չի հաջողվում: Իսկ Ադրբեջանն ակտիվ քայլերով մեծացնում է իր այդ կեղծ միավորի ակտիվությունը, լեգիտիմությունը և փորձում է նրանց ներկայացնել միջազգային հանրությանը որպես Արցախի ընտրված ներկայացուցիչներ. այդ միավորի ղեկավարը որպես Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր արդեն ներգրավվել է միջազգային խորհրդարանական պատվիրակություններում և միջազգային հանրության հետ ուղղակի շփման հնարավորություններ ստացել: Ավելին, նրա գրասենյակ են այցելում տարբեր երկրների, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպաններ: Հայաստանի իշխանությունները նախընտրում են չնկատել այս աճող խնդիրը:

Փաշինյանը փորձեց տարբերվել նաև բանակցային գործընթացի բովանդակության հարցում: Նա հայտարարել էր, որ չի շարունակել բանակցությունները Սարգսյանի կետից, այլ սկսել է իր կետից: Մամուլի ասուլիսի ժամանակ էլ ասաց. «Ինչ վերաբերվում է փաստաթղթին, ուզում եմ ասել հետևյալը, որ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հին փաստաթղթի շուրջ մենք հրաժարվել ենք, ասել ենք դա անընդունելի է»:

Հայաստանի ներկայիս իշխանությունը համառորեն պնդում է, որ բանակցային սեղանին չկա փաստաթուղթ, քննարկվում են կողմերի մոտեցումները: Մինչդեռ ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ 2019-ին կողմերին նախագծեր են առաջարկվել, որոնք այժմ ակտիվ քննարկվում են:

Այս հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում: Որքանո՞վ է Հայաստանը բառացիորեն մերժել այդ նախկին փաստաթուղթը և որքանո՞վ է դա միանշանակ ընկալվել միջնորդների կողմից: Որովհետև այդ պարագայում, դա մի կողմից պետք է որոշակի արձագանքի հանգեցներ, մյուս կողմից՝ տաներ նոր փաստաթղթի մշակման: Այդ մասին որևէ հստակ ազդակներ մինչ այժմ չեն հնչել: Հակառակ պարագայում, եթե Հայաստանը չի մերժել այդ փաստաթուղթը, կամ որպես մերժում է ներկայացնում մի բան, որը միջնորդների կողմից այդպես չի ընկալվել, ստացվում է, որ Հայաստանի վարչապետը տարբեր ազդակներ է հաղորդում բանակցային գործընթացի մասնակցիներին և իր հանրությանը:

Արդյունքում, ակնհայտ է, որ տարբերվող լինելու և սեփականն առաջարկելու Փաշինյանի մոլուցքը մի շարք խնդիրներ ու ռիսկեր է առաջացնում Հայաստանի և Արցախի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: