ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը:

-Պարոն նախագահ, թույլ տվեք սկսել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ ցավոտ հարցից։ Ի՞նչ եք մտածում աշխարհում այս ոչ սովորական իրավիճակի հետևանքների մասին: Ինչպե՞ս կարող է այն ազդել Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների վրա։

Այս իրավիճակի յուրահատկությունը ոչ թե վիրուսի բնույթն է, այլ՝ պայմանները, որոնցում այն զարգանում է։ Աշխարհը դարձել է շատ ավելի դինամիկ, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխությունները տեղի են ունենում մարդու կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև մարդկային պարզ հարաբերություններ: Կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ վերափոխումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա:

Այս իմաստով կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ: Ուստի պետք է նախ նայել այն միտումներին, որոնք սկսվել են վիրուսից շատ ավելի առաջ:

Թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը, այսօր ակտիվորեն քննարկվում է բոլոր մակարդակներում: Ակնհայտ են համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները և շարունակական անկման փուլը: Սակայն, իմ կարծիքով, համավարակն ունի մի շարք ավելի խորքային հետևանքներ: Նախ, միջազգային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների առաջ, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ են կրում: Երկրորդը՝ պետությունն ու հասարակությունը զգացին, թե որքան կարևոր է միջոցներ ներդնել հենց գիտության, առողջապահության ոլորտներում, ինչը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր:

Խոսելով ԵԱՏՄ-ի մասին՝ կարելի է նկատել, որ յուրաքանչյուր երկիր ընտրել է պայքարի իր սեփական մեթոդը: Հետևաբար, հետևանքները տարբեր կլինեն: Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ այս ճգնաժամն ինչ-որ առումով կծառայի որպես ինտեգրման կատալիզատոր, առաջին հերթին՝ գիտական և առողջապահական ոլորտում: Արմատական փոփոխություններ տեղի կունենան աշխատանքի շուկայում, որը, պարզվեց, համավարակի ֆոնին ամենախոցելիներից է: Բարձր որակավորում ունեցող անձնակազմի պահանջարկը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի: Անհրաժեշտ է լուծել այս կարևորագույն խնդիրները, ինչը կպայմանավորի ակտիվացումը համագործակցության երեք ուղղությամբ՝ գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ: Սիներգետիկ արդյունքը, որին հնարավոր է հասնել ԵԱՏՄ երկրների՝ այս ոլորտներում հնարավորությունների համադրման միջոցով, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման գործում:

Առողջապահության ոլորտի համաշխարհային ճգնաժամը, հնարավոր է, կլիմայի փոփոխությունն առանցքային հարց դարձնի քաղաքական օրակարգում, քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ մտահոգությունները գնալով ավելի իրական են դառնում: Բացի այդ, երկրներն առավելագույն ջանքեր կներդնեն և ի ցույց կդնեն իրենց ներուժը՝ փորձելով վերագործարկել տնտեսությունը, ինչը կարող է ավելի խորացնել կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունն այն իմաստով, որ բնապահպանական կանոնները, ամենայն հավանականությամբ, կթուլանան կամ ամբողջովին կանտեսվեն:

-Երկու տարի առաջ, երբ Դուք ստանձնեցիք նախագահի պաշտոնը, Հայաստանում քաղաքական համակարգ փոխվեց: Սահմանադրության համաձայն, վարչապետը դարձավ պետության փաստացի ղեկավարը: Բարեփոխումը համընկավ քաղաքական լուրջ ճգնաժամի հետ, որի արդյունքում իշխանությունն առանց արյունահեղության փոխվեց: Բոլորը հիշում են Ձեր մասնակցությունն այդ ժամանակաշրջանի բարդ գործընթացներին: Դա ճակատագրի մարտահրավե՞ր էր: Ինչպիսի՞ նոր փորձ ձեռքբերեցիք որպես առաջնորդ:

Ողջ հայոց պատմությունը ճակատագրի մշտական մարտահրավեր է, որը մեր ժողովուրդը հաղթահարել է արժանապատվորեն ՝ դառնալով ավելի ուժեղ և իմաստուն: Լինելով Երրորդ հանրապետության ակունքներում ՝ ես չէի ցանկանա գնահատականներ հնչեցնել այս կամ այն առանձին քաղաքական գործընթացների վերաբերյալ: Իմ խնդիրը, որպես երկար քաղաքական ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր լինելը՝ պաշտպանելով մեր խորքային երկարաժամկետ շահերը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը: Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ իմ իրավասությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ո՛չ ազդել քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ՝ դրանց որևէ գնահատական տալ: Այնուամենայնիվ, հասկանում եմ, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից:

Համոզված եմ, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական գործիչ և իշխանության ոչ մի ճյուղ չի կարող հաղթահարել մեր առջև կանգնած խնդիրների լայն շրջանակը: Համակարգված մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք գտնվում ենք համաշխարհային փոփոխությունների խաչմերուկում, որոնք արդեն տեղի են ունենում մեր աչքի առաջ:

Մեր խնդիրների մեծ մասը բարդ, խճճված բնույթի են, ինչը մեզանից պահանջում է ունենալ ոչ ստանդարտ մտածողություն՝ գտնելու առավել արդյունավետ լուծումներ: Հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել պատմության ճամփեզրին:

-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք վաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արարողակարգային հանդիպումներից բացի շփումներ ունե՞ք:

Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և քաղաքական ու հասարակական այլ գործիչների հետ անհրաժեշտություն է, ուստի այս հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ես՝ որպես պետականության և Սահմանադրության երաշխավոր, չեմ կարող ինձ ճոխություն թույլ տալ խոսելու անձնային հարաբերությունների մասին: Նախագահը պարտավոր է մտածել բացառապես պետական կատերգորիաներով՝ ձգտելով օժանդակել որակապես այլ քաղաքական մշակույթի ձևավորմանը, որից ուղղակիորեն կախված կլինի մեր ապագան:

- Ձեր ելույթներում հաճախ հնչում է այն միտքը, որ հարկավոր է արդյունավետ օգտագործել ամբողջ աշխարհի հայերի ներուժը: Ինչպիսի՞ գործնական մեխանիզմներ եք տեսնում այդ գաղափարըկյանքի կոչելու համար:

Մեր պատմությունն այնպես է զարգացել, որ դարեր շարունակ զրկվածենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր մասերում գտնվողհայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու երազանքից: Առանց այդ նպատակի, որը փոխանցվել է սերնդեսերունդ, մեզ համար շատ ավելի դժվար կլիներ անկախ Հայաստանի պետականաշինության արդյունավետ գործընթաց իրականացնել Խորհրդային Միության փլուզումից հետո:

Հայկական սփյուռքը իրապես ֆենոմենալ է և մայր հայրենիքի հանդեպ վերաբերմունքի առումով աշխարհում իրավամբ համարվում է օրինակելի։ Ի տարբերություն հարուստ, բայց սպառվող բնական ռեսուրսներ ունեցող շատ երկրների՝ հայկական սփյուռքը անսպառ ներուժ է, որի համալրման մշտական աղբյուրը Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունն է:

Հայերն իրենց բնակության երկրի օրինակելի, հարգված և հաջողակ քաղաքացիներ են: Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը՝ Սփյուռքը Հայաստանը և աշխարհը կապող օղակ և կամուրջ է: Արտերկրում 4-5 անգամ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում: Ռուսաստանում նույնքան հայեր են ապրում, որքան Հայաստանում: Երևանում ապրում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում կամ Մերձավոր Արևելքում: Կարծում եմ, որ սփյուռքահայերի ներուժը, հատկապես նրանց գիտելիքներն ու փորձն առավել արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ` օրենսդրական և գործնական միջոցառումների համադրմամբ, որոնք ուղղված կլինեն նրանց մասնակցության ընդլայնմանը հասարակական, քաղաքական կյանքում և, հատկապես՝ երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ:

Ցավոք, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մեզ դեռևս չիհաջողվել գտնել անհրաժեշտ ժամանակակից մոդել` սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների հաստատման համար: Մի կողմից, հնարավոր է՝ խնդիրը Հայաստանի կողմից տեսլականի բացակայությունն է, մյուս կողմից՝ այն համայնքների, որոնց ինքնությունը առավելապես կապված է ոչ այնքան հայկական պետականության, որքան ցեղասպանության ողբերգական իրադարձությունների հետ: Ես կասեի, որ սփյուռքը հզոր էներգիայի խտացում է՝ կապանքված ցավով և արդարության ծարավով: Սակայն համոզված եմ, որ հաջողության և արդարության հնարավոր է հասնել միայն ակտիվ մասնակցություն ունենալով մեր երկրի՝ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև հայկական ազգային ինքնության անվտանգության միակ երաշխավորի, հզորացման գործում։ Մեր առաքելությունը հասկանալի է` ուժեղ պետության միջոցով հասնել ազգի ցանցային մոդելի։

-Անդրադառնանք Ռուսաստանի հետ համագործակցությանը: Երկկողմ հարաբերությունների ո՞ր ուղղություններն են առաջնահերթ: Ո՞ր ոլորտներում փոխգործակցության խորացման կարիք կա:

Ռուսաստանը համարվում է Հայաստանի ոչ միայն ռազմավարական գործընկերը և դաշնակիցը: Մեզ կապում են համատեղ հաղթահարված դժվարությունների փորձություն անցած և համատեղ հաջողություններովամրապնդված բազմադարյա բարեկամական և ջերմհարաբերությունները, ինչպես նաև բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու բնական ցանկությունը: Այդ իսկ պատճառով այդ հարաբերություններն այսօր դարձել են անխախտելի: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունն ունի նվազագույն և առավելագույն հիմնարար խնդիրներ:

Նվազագույն խնդիրն է պահպանել ռազմավարական երկխոսության նախկին մակարդակը, որը հիմնված է խորը պատմական և արժեքային կապերի վրա: Մենք պետք է գնահատենք մեր համատեղ ժառանգությունը և այս կամ այն քաղաքականությունն իրականացնելիս ուղղորդվենք հենց դրանով: Այդ դեպքում մենք զերծ կմնանք լուրջսխալներից:

Առավելագույն խնդիրն է մեր փոխհարաբերությունները հասցնել նոր մակարդակի, բացահայտել «անձեռնմխելի մնացած» ոլորտները և ստեղծել նոր հնարավորություններ: Մեր փիլիսոփայությունը պետք է բխի երկկողմ և բազմակողմ հարաբերություններում «միմյանց ուժեղացնելու» բանաձևից՝ տարածաշրջանային և համաշխարհային ձևաչափերով: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք գործնականում ցուցադրելու մեր ռազմավարական դաշինքը՝ անկախ առանձին խնդիրներից:

Նոր ուղղությունների շարքում ես կառանձնացնեի տարածաշրջանների մակարդակով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի ամրապնդումը: Առավել հստակ լինելու համար ասեմ, որ մենք ունենք հսկայական ներուժ:

Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է և ընդգրկում է մեր հարաբերությունների ողջ սպեկտրը: Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարության, պարենի անվտանգության ոլորտներում: Անհրաժեշտ է ավելի սերտ փոխգործակցություն ծավալել էներգետիկայի ոլորտում, ներառյալ՝ միջուկայինը: Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքայիններից մեկը լինելՌուսաստանի սննդի և պարենային անվտանգությանն աջակցելու գործում:

Դժբախտաբար, նոր սերունդն ավելի վատ է տիրապետում ռուսական դասական մեծ մշակույթին, հնարավորություն չունի Երևանում դիտելու թատերական ներկայացումներ և լսելու երաժշտություն, որը խոր հետք է թողել մեր՝ որպես անհատի ձևավորման և հասունացման վրա: Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր ժառանգությունը բազմապատկելու կարևորության մասին:

Ես կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունները նաև կարող են կարևորգործոն դառնալ մեր երկրների բազմակողման կապերում: Հայաստանըկարող է ծառայել կամուրջ տարբեր ինտեգրացիոն նախագծերի և տարածաշրջանների միջև, ինչպիսիք են` ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն:

- Հայկական կողմը Մոսկվայի հետ բանակցությունների օրակարգում ընդգրկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են գազի գինը, ներդրումների ավելացումը և տրանսպորտային խնդիրների լուծումը: Միևնույն ժամանակ, Հայաստանում որոշ ռուսական ընկերություններ դժվարություններ են ունենում: Հայտարարվեց, որ նրանք լուրջ խախտումներ են թույլ տվել, ինչն ազդել է նրանց գործունեության և ծրագրերի վրա: Քննությունը մինչ այժմ հստակ պատասխաններ չի տվել: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, և ինչպե՞ս պետք է այն լուծվի:

Խնդիրները, թյուրըմբռնումներն ու դժվարությունները միանգամայն նորմալ երևույթ են, երբ խոսքը միջպետական և առևտրայինհարաբերությունների մասին է: Այնուամենայնիվ, դրանք չպետք է ազդեն մեր ռազմավարական կապերի որակի վրա: Կա մի կարևոր բառ ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ: Մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակների կարգավորման հիմքը:

Որպես անձ, ով մոտ է կանգնած հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ռազմավարական ուղղությունների ձևավորման գործընթացն, այդ թվում՝ լոգիստիկայի, էներգետիկայի և այլ ոլորտներում, ես իմ գիտելիքները, հնարավորությունները և փորձը կներդնեմ՝ օգտակար լինելու Նախագահի ինստիտուտի իրավասությունների և հնարավորությունների շրջանակում:

- ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունը դառնում է առավել քան արդիական՝ հաշվի առնելով իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում, երբ վերլուծում եք Սիրիայում և դրա շուրջ տիրող իրավիճակը:

Մեզ համար կենսական նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Կարծում եմ, որ մենք հավասարապես շահագրգռված ենք ՀԱՊԿ շրջանակում հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայնմամբ` բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին արագ և արդյունավետ արձագանքելու համար: Սիրիան մեզ համար օտար երկիր չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում հանգրվան են գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայեր: Հալեպում և Քեսաբում հայերն ապրել են այդ քաղաքների հիմնադրումից ի վեր և, ըստ էության, մենք չէինք կարող անմասն մնալ: Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն ուղղակիորեն, Ռուսաստանի հետ միասին, մասնակցում է մարդասիրական գործողություններին, այդ թվում՝ ուղարկելով զինվորական բժիշկներ և սակրավորներ: Իհարկե, մենքբարձր ենք գնահատում այն կարևոր առաքելությունը, որը Ռուսաստանն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարում:

Պետք է ընդունել, որ հայերն ու հայկական համայնքները Միջին Արևելքի խճանկարի յուրահատուկ տարր են՝ քաղաքակրթությունների համակեցության և քրիստոնեական ու մահմեդական աշխարհների համերաշխության խորհրդանիշ: Մենք պետք է պահպանենք այս խճանկարի ամբողջականությունը:

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը հայկականկողմի համար վաղուց հիմնարար է դարձել: Ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի զարգացումը:

Կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, ուստի ես չէի ցանկանա կանգ առնել հարցի բանակցային կողմի վրա, որը գտնվում է վարչապետի և արտաքին գործերի նախարարության իրավասության շրջանակում:

Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունները այլընտրանք չունեն:

Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, մենք պատրաստ ենք և կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձի դեպքում: Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է:

Խնդրի լուծման համար ուժի կիրառման սպառնալիքն ու ռազմական սցենարը բացարձակապես անընդունելի են և պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Մենք ապրում ենք անընդհատ շարունակվող «սև կարապների» անկանխատեսելի ժամանակաշրջանում, և ինձ համար պարզ է, որ ռազմական սցենարը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների բոլորի համար: Միևնույն ժամանակ, ես ցանկանում եմ հատկապես շեշտել, որ արցախյան հիմնահարցը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և ծայրաստիճան զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որն ունի հստակ լսելի ձայն և ազդեցություն գլոբալ մակարդակում:

Մեզ համար գերակայություն է Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի կարգավորման խնդիր` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, կայուն խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունը և Արցախի ժողովրդի իրացրած ինքնորոշման իրավունքի ամրապնդումը:

- Ի՞նչ կարծիքի եք Մարտի 1-ի դատավարության մասին, որտեղ լուրջ մեղադրանքներ են առաջադրված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հետ աշխատել եք:

Ես չափազանց ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ տալը՝ միջամտելով իշխանության այլ ինստիտուտների, ներառյալ՝ դատական համակարգի իրավասություններին:

Ես շարունակում եմ հետևել տվյալ իրավիճակին՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես պետության գլուխ և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի:

-Հայաստանի նախագահի պաշտոնում ունե՞ք նվիրական նպատակ, որին հասնելով կհամարեք, որ իզուր չեք զբաղեցրել այդ պաշտոնը:

Հայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալն այն գլխավոր առաքելությունն է, որն իր առջև դնում է Նախագահի ինստիտուտը:

Ես շատ նվիրական նպատակներ ունեմ՝ սկսած Ցեղասպանության ճանաչումից և դրա հետևանքների վերացումից մինչև հզոր, տնտեսապես զարգացած, տարածաշրջանում և աշխարհում արժանի տեղ ունեցող Հայաստանի ստեղծումը:

Ես կցանկանայի Հայաստանը տեսնել որպես տեխնոլոգիապես առաջադեմ երկրներից մեկը՝ արհեստական բանականության կիրառման վրա հիմնված համակարգեր մշակող և ներդնող առաջատարների շարքում: Այս ճանապարհը, իմ կարծիքով, թույլ կտա Հայաստանին գտնել իր նոր տեղն աշխարհում և ապացուցել, որ փոքր երկիրը կարող է «հաջողակ» լինել: Հենց դրան են ուղղված նախագահական նախաձեռնությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 12 կմ/ժ
18 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: