ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը հակասում է նախկինում ընդուված փաստաթղթերին (համեմատական վերլուծություն)

Եվրախորհրդարանի երեք պաշտոնյաների՝ Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդիի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոի նախօրեին տարածած համատեղ հայտարարությունը «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ» հակասում են մինչ այդ Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտարարություններին և փաստաթղթերին:

Հունիսի 10-ին ընդունված այդ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և նրանց 2009թ-ի հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»: Այսինքն, հայտարարությամբ հստակ կանխորոշվում է Արցախի վերջնական կարգավիճակը՝ սահմանափակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները: Մինչդեռ անցյալում Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերում նման ձևակերպում չի եղել:

Առաջինը, հարկ է նշել, որ անցյալում նման ձևաչափով՝ այս պաշտոնյաների կողմից համատեղ հայտարարություն չի ընդունվել: Այս երևույթն ինքնին աննախադեպ է, ուստի լիարժեք կոռեկտ համեմատություն նախկին հայտարարությունների հետ անել հնարավոր չէ:

Սակայն Եվրախորհրդարանի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության այս հանձնաժողովը գրեթե ամեն տարի երկկողմ նիստեր է անցկացնում, որոնց արդյունքում ընդունվում են համատեղ հայտարարություններ:

Հայաստանի հետ նախորդ նիստը կայացել է 2018թ-ի հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում՝ 2019-ին Եվրախորհրդարանի ընտրություններով պայմանավորված նիստ չի անցկացվել: 2018-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքում ընդունված հայտարարության՝ Արցախյան հակամարտությանն առնչվող կետում նշվում է. «ընդգծում եմ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքի անհրաժեշտությունը՝ համաձայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի և նրանց 2009թ հիմնարար սկզբունքների, որոնք վայելում են Եվրամիության և Եվրախորհրդարանի աջակցությունը»:

Դրան նախորդած տարում՝ 2017թ. դեկտեմբերի 19-20-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  16--րդ նիստի արդյունքում Երևանում ընդունված հայտարարության մեջ նշվում էր. «Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և 2009 թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների հավասար իրավունքներն և ինքնորոշման իրավունքը, և իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Ընդգծում է, որ այդ ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում և համապատասխան այլ բազմակողմ փաստաթղթերում, որոնք ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող համաձայնեցված ձևաչափերի կարևորությունը»: Նաև նշվում էր. «Վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և որին աջակցում են Եվրոպական միությունը և Եվրոպական խորհրդարանը»:

Ինչպես տեսնում ենք, այն մարմնի կողմից, որը ղեկավարում է այս համատեղ հայտարարությունը ստորագրած Մարինա Կալյուռանդին, ընդունված հայտարարություններում որևէ ընդհանրություն չկա նախօրեի հակահայկական այս հայտարարության մեջ տեղ գտած տրամաբանության հետ:

Ավելին, համատեղ այս հայտարարությունը հակասում է նաև 2009-ի այն սկզբունքներին, որոնց վրա հղվում է: 2009-ին Լ՛Աքվիլայում և Մուսկոկայում այս հիմնարար սկզբունքները մասամբ գաղտնազերծող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունների մեջ նշվում է. «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հետագայում որոշում՝  իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»:  

Որևէ կերպ կարգավիճակի հարցը չի սահմափակվում նաև Հայաստանի և Եվրամիության միջև 2017-ին կնքված և Եվրախորհրդարանի կողմից վավերացված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որի վրա հղում է կատարվել 2017-ին վերոշարադրյալ հայտարարության մեջ: Ի դեպ, նշենք, որ սա Եվրախորհրդարանի կողմից ընդունված՝ վավերացված, միակ իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթն է, քանի որ Եվրախորհրդարանի բանաձևերն ու հռչակագրերն պարտադիր իրավական ուժ չունեն:

Այդ թվում՝ եթե դիտարկենք Եվրախորհրդարանի նախորդ բանաձևերը, որոնցում անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը, կտեսնենք, որ դրանցում նույնպես չի կանխորոշվում Արցախի կարգավիճակը: Օրինակ՝ վերջին նման բանաձևն ընդունվեծ է 2017թ. նոյեմբերի 15-ին՝ ԱլԳ գագաթաժողովի նախաշեմին: Դրանում նշվում է. «Եվրախորհրդարանը վերահաստատում է աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը և նրանց 2009թ. Հիմնարար սկզբունքներին, որոք ներառում են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը և ուժի չկիրառումը»:

Այսպիսով, Եվրախորհրդարանի այս երեք պաշտոնյաների համատեղ հայտարարությունը հակասում է Եվրախորհրդարանի, Եվրամիության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախկինում արված հայտարարություններով հաստատված կարգավորման տրամաբանությանը: Անկախ այս երեք պաշտոնյաների նման հայտարարությամբ հանդես գալու դրդապատճառներից՝ հայկական կողմի խնդիրը պետք է լինի բարձրաձայնել այս հակասությունների ու ընդգծված հակահայկական պահվածքի մասին և կանխել հետագայում նման ձևակերպումների արտացոլումը եվրոպական կողմի հայտարարություններում ու փաստաթղթերում: Ադրբեջանի ազդեցության ներքո և խնդրանքով ընդունված նմանատիպ հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում հակամարտության կարգավորմանը, այլև էլ ավելի են խթանում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքին և վերջինիս մոտ ամենաթողության տպավորություն են ստեղծում: Սա պետք է շատ հստակ ընկալելի լինի եվրոպական կողմի համար:

 Հայաստանի ԱԳՆ-ի, խորհրդարանական դիվանագիտության այս ուղղության պատասխանատուների լռությունն ու նման դրսևորումների անտեսումը մեծացնում են հատագայում հայկական շահերին էլ ավելի մեծ հարվածների հավանականությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: