ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես կցանկանայի իմ փոքր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում

 

Սոֆիա Վերդի (Ինգա Սեյրանովա), 

պոետ (Ռուսաստան)

- Մասնագիտությամբ կոսմետոլոգ եք, բայց նաև բանաստեղծություններ եք գրում: Գիտենք, որ այժմ դուք աշխատում եք «Հայաստանի լեռների արցունքները» պոեմի վրա: Ինչպե՞ս և ե՞րբ հայտնվեց այն գրելու գաղափարը:

-          Միշտ մտածել եմ պոեմ գրել հայերի կոտորածի մասին, քանի որ ծնողներս և տատս միշտ պատմում էին, թե թուրքերն ինչ դաժանությամբ են վերաբերվել հայերին և ինչպես են նվաստացրել:

-          Դուք ցեղասպանությունը վերապրածների ընտանիքի՞ց եք։ 

-          Այո, իմ մորական նախատատը՝ Դոնգարովա Զառվարդը պատմում էր, թե ինչպես էր թուքերից փախչում՝ հնգամյա որդուն գրկած։ Երբ թուրքը նրան բռնում է, ասում է, որ հիմա նրա որդուն ոչխարի նման կմորթի։ Այդ ժամանակ տատս սողում է նրա ոտքերի մոտ և աղաչում, որ բաց թողնի տղային։ Նրանք հրաշքով են փրկվում։ Բանն այն է, որ երբ թուրքը թուրը բարձրացնում է, որ խփի՝ փռշտում է։ Այդ ժամանակ նա կտրուկ շուռ է գալիս, թուրը խրում ծառի բնի մեջ և ասում․ «Փախիր, թշվառ կին, փախիր և շնորհակալություն ասա ոչ թե քո Աստծուն, այլ իմ Ալլահին»...

Այս պատմությունը չափածո տեսքով նկարագրում եմ «Հայաստանի լեռների արցունքները» պոեմում։ Ամեն անգամ, երբ ինձ պատմում էին այս պատմությունը, ես վրդովմունքից դողում էի։ Նման սարսափելի պատմություններից հետո ես այդ ցավն իմ միջով էի անցկացնում։ Հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ միտք առաջացավ՝ ստեղծել մի այնպիսի հզոր բան, որ մարդկանց վրա մեծ ազդեցություն թողնի։ Գաղափարն, իհարկե, առաջացել է շատ վաղուց, բայց, ըստ ամենայնի, հիմա է եկել գրելու ժամանակը: Սա փոքրիկ տուրք է իմ նախնիներին: Պոեմի յուրաքանչյուր գլուխը մեկ իրական կյանքի պատմություն է:

Ես ցանկանում եմ իմ փոքրիկ ավանդն ունենալ Ցեղասպանության ճանաչման գործում։ Քանի որ, քանի դեռ ճանաչում չկա, նրանք միշտ մեզ կսպանեն, կմորթեն, կբռնաբարեն։ Եվ դա տեղի կունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն ոչնչացրել մեր ավանդույթները, մեր լեզուն և, ի վերջո, մեր աշխարհը։ Ամեն ինչ կարող է նորից կրկնվել, եթե մենք դրան չխանգարենք։ Իմ առաքելությունը սա է՝ հավաքել աշխարհի հայերին և պահանջել Ցեղասպանության ճանաչումը։

-        Որտեղի՞ց է Ձեր ցեղը։

- Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Պահպանվել է մեր ցեղի գիրքը, որտեղ պատմվում է, որ 8-րդ դարի երկրորդ կեսին պարսիկները գերեվարել և Պարսկաստան են քշել հայ արհեստավորների մի մեծ խումբ։ Նրանց մեջ էին նաև իմ նախնիները։ Պարսկաստանում նրանց խմբերով բնակեցնում են խոշոր քաղաքներում, և դարերի ընթացքում նրանք կառուցում են ամրոցներ, պալատներ, տներ, կամուրջներ, շենքեր։ Նրանք արհեստավորների կարգավիճակում էին, ստրուկ չէին, բայց հայրենիք վերադառնալու իրավունք չունեին, և պարսիկների լեզուն՝ ֆարսին, ժամանակի ընթացքում դառնում է իրենցը։ Նրանք կազմակերպում են դպրոցներ, հավանաբար՝ եկեղեցական, և իրենց երեխաներին հայկական գիր ու գրականություն են սովորեցնում։

11-րդ դարում, պարսից շահի հրավերով, Հնդկաստանից Պարսկաստան է գալիս Մադրասի Մահառաջան: Նրա վրա մեծ տպավորություն են թողնում ամուր և գեղեցիկ կառուցված պալատները, բերդերը, տները, կամուրջներն ու ճանապարհները: Հետաքրքրվելով, թե դրանք ովքեր են կառուցել, նա իմանում է, որ սա գերեվարված հայերի ձեռքի գործն է:

Մահառաջան դիմում է Շահին՝ խնդրելով իրեն մի քանի հայ վարպետներ տալ իրենց ընտանիքներով: Մադրաս պետությունում նրանք ընդունվում են որպես ազատ արհեստավորներ և զբաղվում են շինարարությամբ: 12-րդ դարում, Մադրաս քաղաք-պետությունը, պատերազմների և համաճարակի արդյունքում, անկում է ապրում և սնանկանում: Հայ համայնքը գալիս է այն եզրակացության, որ եկել է իշխանություններին դիմելու ժամանակը, որ իրենց թույլ տան հայրենիք վերադառնալ: Եվ նրանք գալիս են Շեմախի`քաղաք Արևելյան Հայաստանում:

Իմ նախնիները վերադառնում են Հայաստան, իրենց գյուղն անվանում Մադրաս` ի պատիվ վերջին քաղաքի, որտեղ նրանք ապրում էին: Նրանք իրենց համար տներ են կառուցում և զբաղվում խաղողագործությամբ և գինեգործությամբ: Նրանց արտադրանքը միշտ էլ պահանջարկ է ունեցել:

- Ո՞վ է Ձեզ համար Գրիգոր Նարեկացին՝ 10-րդ դարի հայ մեծանուն պոետը, փիլիսոփան և աստվածաբանը։

- Շատ ուրախ եմ այս հարցի համար, քանի որ ինձ համար դա մի արտակարգ բան է: Նա զարմանալի անձնավորություն է, հզոր ուժի և ոգու տեր: Նարեկացու պոեզիան արտառոց է՝ ներթափանցված սրբազան պատմության պատկերներով, թեմաներով և իրողություններով: Կարդալով նրան հասկանում ես, թե ինչ է կյանքը (բառիս բոլոր իմաստներով), ինչքան անկատար է մարդը և ինչքան մեղավոր:

Երբ ես կարդացի «Մատյան ողբերգության» գիրքը, ինձ հետ սկսեցին զարմանալի բաներ պատահել, ասես ես սկսեցի աշխարհն այլ կերպ ընկալել: Որոշ ժամանակ ես չէի հասկանում, թե ընդհանրապես ինչ է կատարվում իմ շուրջը, իմ ներսում: Ասես վերակառուցվում էի, ինձ համար կյանքի այլ արժեքներ հայտնվեցին, ես սկսեցի այլ կերպ նայել աշխարհին:

Ես դառը ջուր եմ նրանց համար, ովքեր խմում են:

Ես չեմ կարողանա ինձանով նրանց խմեցնել:

Դուք միայն ուշադիր լսեք այս խոսքերը. ինչպիսի հսկայական իմաստ կա դրանց մեջ: Ընդհանրապես, Գրիգոր Նարեկացին ինձ ոգեշնչում է և ուղեկցում Ուղիով...

- Վերջերս լույս տեսավ ձեր «Սիրամարգի փետուրը» պոեմը: Ինչի՞ մասին է այն, ինչպե՞ս այն ընդունվեց Ռուսաստանում:

- Այո, իրոք, վերջերս լույս տեսավ իմ «Սիրամարգի փետուրը» գիրքը։ Ռուսաստանում այն լավ ընդունվեց, ընթերցողներին դուր է գալիս, լավ արձագանքներ կան։ Այս պոեմը ես գրում էի 7 տարի։ Կարելի է ասել, որ քնում-արթնանում էի իմ հերոսների մասին մտքերով, ես չգիտեի՝ նրանք կբաժանվե՞ն, թե՞ միասին կմնան։ Բայց պոեմի վերջում ես, այնուամենայնիվ, միացրեցի իմ հերոսներին․ դաժան կլիներ նրանց իրարից բաժանելը, երբ նրանք այդպես անսահմանորեն սիրում էին միմյանց։

- «Սիրամարգի փետուրը» սիրո՞ պատմություն է։

- Այո, խոսքը վեհ, խորը սիրո մասին է: Ես ուզում էի պատմել այն մասին, թե ինչ կարող է անել սերը մարդու հետ: Եվ եթե վերամիավորում է տեղի ունենում, ապա այն նախասահմանված է Աստծո կողմից: Սա կոչվում է՝ մեկ ճակատագիր երկուսի համար: Իմ հերոսները՝ Սոֆիան և Օլեգը, նախքան հանդիպելն անցնում են բազմաթիվ փորձությունների միջով: Նրանց ճանապարհին լինում է և՛ խաբեություն, և՛ ստորություն, և՛ դավաճանություն, և՛ խանդ, բայց միևնույնն է, սերը հաղթում է: Պոեմում դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարի սկզբին, մասնավորապես՝ 1812-1813 թվականներին՝ պատերազմի տարիներին: Իմ հերոսը հայրենասեր է, հերոս: Ես շատ եմ սիրում Ռուսաստանը, և այն ասոցացնում եմ կեչու հետ: Օլեգը երազում նրանց հետ է խոսում և նրանցից իմանում աղետի մասին։

Իմ ստեղծագործության մեջ ես պատմում եմ նաև Կուտուզովի մասին, ով իր մեծ ավանդն է ներդրել այս պատերազմում, և ես գտնում եմ, որ նրա հանճարեղության շնորհիվ Ռուսաստանը հաղթեց։ Պատմում եմ նաև ռուսական որոշ ավանդույթների, սուրբծնդդյան տոների գուշակությունների, ճակատագրի որոշ նշանների մասին։

- Դուք Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ եք, ապրում եք Ստավրոպոլի երկրամասում։ Ինչպե՞ս և ինչո՞վ է ապրում Ստավրոպոլի հայկական համայնքը։

- Ինչպես Ստավրոպոլի երկրամասում, այնպես էլ ողջ Ռուսաստանում, գործում են տարբեր հայկական կազմակերպություններ, որոնց նպատակն, առաջին հերթին, հայ բնակչության մշակույթին աջակցելն է։ Օրինակ, Ստավրոպոլում, բացվել է ազգային դպրոց, որտեղ էթնոմշակութային ազգային միավորումը հանդես է գալիս որպես հիմնական միջնակարգ կրթության լրացուցիչ մաս։ Այստեղ սովորեցնում են հայոց լեզու, ծանոթացնում հայ ժողովրդի հոգևոր հարստությանը, մշակութային արժեքներին, սովորույթներին և ավանդույթներին, զարգացնում են երեխաների երաժշտական ​​ունակությունները ռիթմային մեղեդու, գեղարվեստական ​​ավանդույթների նյութերի վրա, նպաստում ազգային և էթնոմշակութային հանդուրժողականության զարգացմանը:

Ռուսահայերի կյանքում ավանդույթ է դարձել հայերի համար համազգային նշանակության տարեթվերի նշումը: Մոռացված չեն նաև հայոց պատմության ողբալի էջերը` 1915թ․ ցեղասպանությունը և 1988-ի ավերիչ Սպիտակի երկրաշարժը: Հետևաբար, ամեն տարի ապրիլի 24-ին և դեկտեմբերի 7-ին անցկացվում են միջոցառումներ և հիշատակի երեկոներ: Պետք է նշել, որ Ռուսաստանի տարածքում, մասնավորապես՝ Հյուսիսային Կովկասի տարածքում, հայերի միգրացիայի և բնակավայրերի պատմության ուսումնասիրությունն արդիական է նաև ժամանակակից Ռուսաստանի համար, որն իրենից բազմազգ երկիր է ներկայացնում: Ռուսաստանը միշտ էլ շահագրգռված է եղել դեպի իրեն գրավել աշխատասեր հայ բնակչությանը. Ցարական կառավարության ժամանակներից ի վեր այն ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի հայ ժողովրդի կյանքն այստեղ արժանի լինի:

- Եվ վերջում, Սոֆիա Վերդին՝ դա՞․․․.

- Ես Ինգա Սեյրանովան եմ, իսկ Սոֆիա Վերդին իմ գրական կեղծանունն է։ Ես մկրտվել եմ Սոֆիա անունով, ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է իմաստություն։ Իսկ Վերդին Վերդիյանն է, տատիկիս օրիորդական ազգանունը։

 

Հարցազրույցը վարեց Նաիրա Ս Մկրտչյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: