ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում. Զ. Մնացականյանի հարցազրույցն իսպանական «EFE»-ին

«Հայաստանը Եվրոպա է, բայց Ռուսաստանը մեր դաշնակիցն է»,- EFE-ին վստահեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով խոստովանում է, որ ցանկացած երկրի համար շատ դժվարին հավասարակշռություն է, բայց կենսական՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Ասում են, որ մենք հեծնում ենք երկու ձիեր․ ոչ՝ հեծնում ենք մեկ ձի՝ Հայաստանինը»,-վստահեցնում է նախարարը տեսակոնֆերանսի միջոցով տրված հարցազրույցի ընթացքում:

Հավասարակշռություն Ռուսաստանի և ԵՄ միջև

Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է չամրապնդել մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին, որովհետև այդ «անպատասխանատու» գործունեությունը միայն կավելացնի «անկայունությունը» տարածաշրջանում:

«Մենք շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերով հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,-նշեց նա և հիշատակեց անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի կովկասյան այս երկրի տարածքում:

Նախարար Մնացականյանը նաև շեշտեց, որ Երևանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, իսկ Բրյուսելը նպաստում է ժողովրդավարական արժեքների և իրավական պետության զարգացմանը մի երկրում, որտեղ 2018թ. տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն:

«Եվրոպական միությունը չափազանց կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունը ներառում է տնտեսությունը, առևտուրը, ժողովրդավարական ինստիտուտները»,-բացատրում է ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը պնդում է, որ «Հայաստանը Եվրոպայի մաս է» կամ ավելի առանձնահատուկ կերպով ասած՝ «Եվրոպայի արևելյան կողմը»:

«Որոշներն ասում են, որ դա հակասություն է: Իհարկե, դա շատ դժվար հավասարակշռություն է: Ինչպե՞ս գտնել հավասարակշռություն: Բայց դա մի բան է, որը բխում է Հայաստանի շահերից»,-վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

Զուգահեռներ Բելառուսի հետ

Մնացականյանը չի ընդունում համեմատություններ 2018թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած հեղափոխության և մեկ այլ հետխորհրդային երկրում՝ Բելառուսում տեղի ունեցող բազմամարդ հակակառավարական ցույցերի միջև, բայց զուգահեռությունն անխուսափելի է:

Բելառուսի մասին հարցին պատասխանելիս նա կարծիք է հայտնում, որ Հայաստանի հեղափոխությունից դասը, որ կարելի է քաղել, այն է, որ «դա մի գործընթաց էր, որը վերաբերում էր միայն ու բացառապես հայերին, ուրիշ ոչ ոքի»:

«Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում: Հասնում ենք նրան, ինչին հասնում ենք և բավարարված ենք»,-ընդգծեց նա:

Բանն այն է, որ Երևանի հիմնական դաշնակից Մոսկվան չմիջամտեց Հայաստանի ցույցերին, որդեգրեց չմիջամտելու քաղաքականություն, ինչը սկզբում շփոթեցրեց վերլուծաբաններին:

«Հուսով ենք, որ Բելառուսում լուծում կգտնվի: Բայց առանցքայինն այն է, որ այդ լուծումը լինի բելառուսական հասարակության, Բելառուսի քաղաքացիների ձեռքում»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն «շատ լավ հարաբերություններ» ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով:

Կռիվներ Ադրբեջանի հետ

Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ լարվածությունը չի թուլանում: Նախարարը «շատ վտանգավոր» որակեց հուլիսի կեսերին տեղի ունեցածը, երբ երկու երկրների միջև սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի ունեցան ռազմական գործողություններ, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 20 զինվորականներ և քաղաքացիական անձինք:

«Գրոհում էին ոչ միան մեր դիրքերի, այլև՝ քաղաքացիական բնակչության վրա: 4 օրերի ընթացքում հետ մղեցինք գրոհը և մերժեցինք ագրեսիան»,-հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը: Նա կարծում է, որ գրոհների շարժառիթը իր բնակչության շրջանում «հակահայկական ոգին» առաջ մղելու և «ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու»՝ Ադրբեջանի ղեկավարության ցանկությունն է: «Միգուցե փորձում էին մեր զինված ուժերի պաշտպանությունն այդ դիրքերում: Մենք շահագրգիռ չենք, որ լինի ռազմական էսկալացիա»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը: Այս առնչությամբ Մնացականյանը հավաստիացնում է, որ Հայաստանի կառավարությունը միշտ «շատ պարզ» է եղել:

«Չկա խնդրի ռազմական լուծում: Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն և դա տարբերակ չէ»,- վստահեցնում է Զոհրաբ Մնացականյանը: Նախարարն ընդգծում է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը, որի ինքնիշխանության պատճառով է դիմակայությունը երկու երկրների միջև, ունեն «բավարար հնարավորություններ» պաշտպանվելու համար:

«Համավարակի ընթացքում բոլորս, նաև՝ Լեռնային Ղարաբաղը, պահպանել ենք հրադադարը: Ադրբեջանը չարեց դա: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Հայաստանն ունի պաշտպանվելու և Ադրբեջանին վնաս հասցնելու բավարար հնարավորություններ»,-վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

Խաղաղություն և խնդրի կարգավորում Լեռնային Ղարաբաղում

Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.–ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին:

«Բայց Բաքուն միշտ խուսափում է դրանից. lավ կանեին՝ ընդունեին այն: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Դա ամենակարևորն է»,-ընդգծեց նախարարը:

Նա նաև քննադատեց Ադրբեջանի դիրքորոշումը, որ կարծես թե Հայաստանին է «լավություն» անում ռազմական գործողությունները չվերսկսելով: «Եվ որ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցությունների ընթացքում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո»,-ասաց նա: Բայց նաև կարծիք հայտնեց, որ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև՝ «անհրաժեշտ»:

«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակել դրանք հնարավորինս շուտ».-ասաց նա և հիշեցրեց, որ վերջին շփումը եղել է հունվար ամսին, իսկ այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID-ի պատճառով:

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար: «Ոչ ոք չի կարող սպասել մի լուծման, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություններ՝ Լեռնային Ղարաբաղի՝ «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչումը և անվտանգության համաձայնագրեր, որոնք կխոչընդոտեն ռազմական գործողությունների վերսկսմանը:

«Մեզ համար ամեն ինչ սկսվում է անվտանգությունից: Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էկզիստենցիալ անվտանգությունից, բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց»,-շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը և պաշտպանեց խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ ստացել են բանակցելու համար:

Թուրքիան` անկայունության արտահանող

Նախարար Մնացականյանն ընդգծում է, որ Թուրքիան առանցքային երկիր է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար, բայց այնքան էլ լավատես չէ նրա հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության հարցում, քանի որ Անկարան շարունակում է չճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրագործած ցեղասպանությունը և զրկում է արդարության իրավունքից միլիոնավոր հայերի:

Զոհրաբ Մնացականյանը մեղադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2009թ. ֆուտբոլային դիվանագիտության հետ ի հայտ եկած հնարավորությունից չօգտվելու համար:

«Թուրքիայի հաշտության քաղաքականությունն այսօր ցույց տվել է իր սահմանափակումները»,-նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանը կարծում է, որ Թուրքիան զարգացնում է «անկայունության և ագրեսիայի քաղաքականությունը» և մինչ բոլոր երկրները Ադրբեջանի հետ դիմակայության դադարեցման կոչ են անում, Անկարան արեց ճիշտ հակառակը՝ բորբոքելով հակամարտությունը և աջակցելով Բաքվի ռազմական մանիպուլյացիներին:

Մնացականյանը հայտարարում է, որ ցեղասպանության ժխտումը, սպառնալիքները, տնտեսական շրջափակումը և Բաքվին լիակատար աջակցությունը «Հայաստանի անվտանգության համար սպառնալիք են հանդիսանում»:

«Մինչ Թուրքիան ասում է, որ չի ուզում խնդիրներ իր հարևանների հետ, իրականում իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության արտահանող, և այդ քաղաքականությունն արտահանվում է Հարավային Կովկաս; Մենք չենք կարող անտարբեր մնալ»,-շեշտում է ՀՀ ԱԳ նախարարը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: