ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ամերիկան վերադարձել է». Ջո Բայդենի արտաքին քաղաքականությունը

Lev Radin / Shutterstock

Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում…

ԱՄՆ-ի նոր վարչակազմը կվերացնի ԱՄՆ նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարած մեկուսացման արտաքին քաղաքականությունը, կուժեղացնի իր ժողովրդավարացման ջանքերը արտերկրում, կխստացնի «Ռուսաստանի և Չինաստանի կողմից թշնամական քայլերի դեմ պայքարը», առավել հետևողականորեն  կպաշտպանի սեփական շահերը, նոր մակարդակի կհասցնի դաշնակիցների հետ հարաբերությունները: Ահա այս բովանդակությունն էր հիմնականում կրում արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի առաջին ելույթը:

«Ես ուզում եմ, որ աշխարհն այսօր լսի հետևյալ ազդանշանը. Ամերիկան ​​վերադարձել է: Ամերիկան ​​վերադարձել է: Դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության կենտրոն է վերադարձել», - հայտարարել է Բայդենը:

Թե ինչպես է վերադարձել Ամերիկան և ինչ քայլեր է ձեռնարկելու Ջո Բայդենը արտաքին քաղաքական ոլորտում, կներկայացնենք ստորև:

 

Ավտորիտարիզմի դեմ պայքար 

ԱՄՆ-ն կվերականգնի դաշնակիցների հետ հարաբերությունները և կաշխատի աշխարհի հետ ոչ թե երեկվա, այլ այսօրվա և վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար: Ամերիկյան ղեկավարությունը պայքարելու է «վերահաս ավտորիտարիզմի՝ ներառյալ Չինաստանի աճող հավակնությունների, ԱՄՆ-ի հետ մրցակցելու նրա ձգտման, ինչպես նաև ամերիկյան ժողովրդավարությանը վնասելու Ռուսաստանի վճռականության դեմ»:

 

Ժողովրդավարական արժեքների առաջմղում 

ԱՄՆ-ն դիմագրավելու է գլոբալ մարտահրավերները՝ համաճարակից մինչև կլիմայի փոփոխության ճգնաժամ և միջուկային զենքի տարածում: Սակայն՝ ոչ միայնակ: Այդ հարցերը պետք է լուծվեն միայն այն երկրների կողմից, որոնք միասին են աշխատում:

Ըստ Բայդենի, այն մասնավորապես կրելու է հետևյալ բնույթը. ԱՄՆ-ն նախ պետք է սկսի այն դիվանագիտությունից, որն արմատավորված է Ամերիկայի ամենանվիրական ժողովրդավարական արժեքներում: «Սա մեր ուժի անսպառ աղբյուրն է, սա Ամերիկայի կայուն առավելությունն է»,- ասում է Բայդենը:

Չնայած վերջին տարիներին այս արժեքներից շատերը ենթարկվել են ուժեղ ճնշման, վերջին մի քանի շաբաթների ընթացքում նույնիսկ մղվել են դեպի անդունդի եզրը, սակայն, Բայդենի խոսքով, «ամերիկացի ժողովուրդը պատրաստվում է այս պահից դուրս գալ ավելի ուժեղ, ավելի վճռական և ավելի լավ զինված և աշխարհը միավորելու համար պաշտպանել ժողովրդավարությունը»:

 

Մյանմա

Բայդենի վարչակազմը վերջին մի քանի օրերի ընթացքում սերտ համագործակցության մեջ է եղել դաշնակիցների և գործընկերների հետ` Բիրմայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը լուծելու նպատակով միջազգային հանրությանը միավորելու համար:

«Ես նաև կապվել եմ (Սենատի մեծամասնության առաջնորդ-խմբ.) ՄաքՔոնելի հետ` քննարկելու Բիրմայում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր ընդհանուր մտահոգությունները, և մենք միասնական ենք մեր վճռականության մեջ»,- ելույթում նշել է Բայդենը:

Ըստ նրա՝ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունում ուժը  երբեք չպետք է ձգտի գերիշխել ժողովրդի կամքին կամ փորձել ջնջել վստահելի ընտրությունների արդյունքները: «Բիրմայի զինված ուժերը պետք է հրաժարվեն իրենց կողմից բռնազավթված իշխանությունից, ազատ արձակեն իրենց կալանավորված փաստաբաններին և ակտիվիստներին և պաշտոնյաներին, վերացնեն հեռահաղորդակցության սահմանափակումները և զերծ մնան բռնություններից»,- ընդգծել է Բայդենը:

 

Համագործակցություն դաշնակիցների հետ

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ կաշխատի՝ աջակցելու ժողովրդավարության և օրենքի գերակայության վերականգնմանը:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես խոսեցի մեր ամենամոտ ընկերների` Կանադայի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի ղեկավարների հետ, որպեսզի սկսենք բարելավվել համագործակցության սովորությունները և վերակառուցենք ժողովրդավարական դաշինքների ուժը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում հյուծվել և ենթարկվել է  անտեսման»,- ասել է Բայդենը:

Բայդենի խոսքով՝ դաշինքներ ստեղծելու կարողությունը Միացյալ Նահանգների հիմնական ուժեղ կողմերից մեկն է: Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է «ևս մեկ անգամ ուս ուսի կանգնի դաշնակիցների և առանցքային գործընկերների հետ»: 

Դիվանագիտությամբ առաջնորդություն ասելով՝ Բայդենը նկատի ունի նաև ԱՄՆ հակառակորդների և մրցակիցների դիվանագիտական ներգրավումը, սակայն այն ժամանակ, երբ այն բխում է ԱՄՆ շահերից, և նպաստում է ամերիկյան ժողովրդի անվտանգությանը:

Ըստ Բայդենի, հենց այդ պատճառով է, որ Միացյալ նահանգները և Ռուսաստանը համաձայնվել են 5 տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագիրը:

 

Ռուսաստան

Ամերիկյան նոր վարչակազմը «անհետևանք չի թողնելու Ռուսաստանի գործողություններն աշխարհում միջազգային պարտավորությունների խախտման հարցում, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում»: 

Բայդենի խոսքով՝ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իր նախորդից խիստ տարբերվող ձևով, «հասկացնել է տվել, որ Միացյալ Նահանգներն այլևս չի լռելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջև, ինչպիսիք են՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելը, կիբերհարձակումները, սեփական քաղաքացիներին թունավորելը»:

«Մենք չենք վարանի բարձրացնել այն գինը, որ Ռուսաստանը պետք է վճարի այս ամենի դիմաց, և ամեն ինչ կանենք` պաշտպանելու մեր առանցքային շահերը»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ «Ալեքսեյ Նավալնիի քաղաքական դրդապատճառներով բանտարկությունը և խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքները ճնշելու Ռուսաստանի ջանքերը խորապես մտահոգիչ են ԱՄՆ-ի և միջազգային հանրության համար»:

«Պ-ն Նավալնին, ինչպես Ռուսաստանի բոլոր քաղաքացիները, ունի իրավունքներ Ռուսաստանի սահմանադրությամբ: Նա թիրախավորվել է: Թիրախավորված է կոռուպցիան բացահայտելու համար: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի և առանց պայմանների»,- ասել է Բայդենը:

 

Չինաստան

Միացյալ Նահանգները նաև «ուղղակիորեն կչեզոքացնի այն մարտահրավերները, որոնք սպառնում են ԱՄՆ բարեկեցությանը, անվտանգությանը և ժողովրդավարական արժեքներին իրենց ամենալուրջ մրցակից Չինաստանի կողմից»:

«Մենք պայքարելու ենք Չինաստանի տնտեսական չարաշահումների դեմ, հակազդելու ենք նրա ագրեսիվ, հարկադրական գործողություններին, հետ ենք մղելու Չինաստանի հարձակումները մարդու իրավունքների, մտավոր սեփականության և գլոբալ կառավարման դեմ»,- ասել է Բայդենը:

Սակայն, միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը պատրաստ է լինելու աշխատել Պեկինի հետ այն ժամանակ, երբ դա կբխի Ամերիկայի շահերից:  «Մենք ուժի դիրքերից կմրցենք՝ ավելի լավ վերակառուցելով երկրի ներսը, աշխատելով մեր դաշնակիցների և գործընկերների հետ, վերականգնելով մեր դերը միջազգային ինստիտուտներում և վերականգնելով մեր վստահելիությունն ու բարոյական հեղինակությունը, որոնց մեծ մասը կորսված է:

Ահա թե ինչու մենք արագ շարժվեցինք, որպեսզի վերականգնենք ամերիկյան ներգրավվածությունը միջազգային մակարդակում և վերադարձնենք մեր ղեկավար դիրքը` կատալիզացնելու համընդհանուր մարտահրավերների վերաբերյալ գործողությունները»,- նշել է Բայդենը:

 

Միջազգային պայմանագրեր, միջազգային կառույցներ

Ինչպես հայտնի է՝ Բայդենն առաջին օրը ստորագրեց Փարիզի կլիմայի պայմանագրին միանալու փաստաթղթերը: Ըստ նրա՝ այժմ վարչակազմը քայլեր է ձեռնարկում`ինտեգրելու կլիմայի խնդիրները դիվանագիտական բոլոր ոլորտներում:

«Այդ կերպ մենք կարող ենք մարտահրավեր նետել այլ ազգերին ևս: Կլիմայի ճգնաժամը կարգավորելու համար ես հյուրընկալելու եմ կլիմայի առաջնորդներին`կլիմայի առաջնորդների գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կունենա այս տարի՝ Երկրի օրը»,- ասել է Բայդենը:

Ըստ նրա, Ամերիկան պետք է առաջնորդի այս էքզիստենցիալ սպառնալիքի դեմ պայքարը, և ինչպես համաճարակի պարագայում, այն պահանջում է գլոբալ համագործակցություն:

«Մենք սկսել ենք կրկին համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Այդ կերպ մենք կարող ենք ավելի լավ գլոբալ պատրաստվածություն ստեղծել COVID-19-ին հակազդելու, ինչպես նաև ապագա համաճարակները հայտնաբերելու և կանխելու համար, քանի որ ավելի շատ համաճարակներ են սպասվում»,- ընդգծել է Բայդենը:

Միացյալ Նահանգները սկսում է նաև հրատապ նախաձեռնություն՝ կիբերտարածքում իր կարողությունները, պատրաստակամությունը և կայունությունը բարելավելու համար:

 

Արտաքին քաղաքականության փոփոխություն

«Ես հայտարարում եմ լրացուցիչ քայլեր` ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ուղղելու և մեր ժողովրդավարական արժեքները մեր դիվանագիտական ղեկավարության հետ ավելի լավ միավորելու համար»,- ասել է Բայդենը;

Մասնավորապես, ԱՄՆ-ն կասեցնելու է Գերմանիայից զորքերի պլանավորված դուրսբերումը:

Երկիրը նաև ուժեղացնելու է իր դիվանագիտությունը՝ վերջ տալու Եմենում տեղի ունեցող պատերազմը. պատերազմ, որը ստեղծել է հումանիտար և ռազմավարական աղետ: Բայդենի խոսքով՝ այդ պատերազմը պետք է ավարտվի: «Եվ մեր հանձնառությունն ընդգծելու համար մենք դադարեցնում ենք Եմենի պատերազմում հարձակողական գործողություններին ամերիկացիների ամբողջ աջակցությունը, ներառյալ զենքի համապատասխան վաճառքը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա Բայդենը խնդրել է այդ տարածաշրջանով զբաղվող իր թիմին ապահովել ԱՄՆ աջակցությունը հրադադարի ռեժիմ հաստատելու, մարդասիրական ուղիներ բացելու և սառեցված հակամարտությունների խաղաղ բանակցությունները վերականգնելու համար՝ ՄԱԿ-ի գլխավորած նախաձեռնության ներքո:

Խոսելով Սաուդյան Արաբիայի մասին, Բայդենը նշել է, որ «Սաուդյան Արաբիան ենթարկվում է հրթիռային, այդ թվում անօդաչու սարքերի հարձակումների՝ իրանամետ ռազմական խմբավորումների կողմից»: Հետևաբար՝ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել և օգնել Սաուդյան Արաբիային՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իր ժողովրդին:

 

Փախստականներ

Ըստ Բայդենի՝ ԱՄՆ-ն բախվում է նաև ավելի քան 80 միլիոն տեղահանվածների ճգնաժամի հետ, որոնք տառապում են ամբողջ աշխարհում: Նրա խոսքով՝ փախստականների հարցերում Միացյալ Նահանգների բարոյական ղեկավարումը երկկուսակցական կոնսենսուսի դրույթ է եղել այս տասնամյակների ընթացքում: «Մենք ապահով ապաստաններ են առաջարկել բռնությունից կամ հետապնդումներից խուսափողների համար և օրինակ ենք ծառայել  այլ ազգերի համար՝ լայն բացելու իրենց դռները: Այսպիսով, այսօր ես հաստատում եմ մի հրաման` վերականգնելու փախստականների ընդունման մեր ծրագիրը, որպեսզի օգնենք բավարարել աննախադեպ համաշխարհային կարիքը»,- ասել է Բայդենը:  

Ըստ նրա՝ այս կատարողական հրամանը կստիպի, որ ԱՄՆ-ն կարողանա փախստականների ընդունման մակարդակը բարձրացնել մինչև 125,000 մարդու ՝ Բայդեն-Հարիսի վարչակազմի առաջին լիարժեք ֆինանսական տարվա ընթացքում:

Բացի այդ, բարոյական ղեկավարության վերականգնման համար, Բայդենը նաև հուշագիր է տրամադրել՝ ԼԳԲՏ հիմնախնդիրների շուրջ ղեկավարումը աշխուժացնելու և դա միջազգային մակարդակով կատարելու համար…

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: