ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական «գարնան» 10 տարին

AFP

Տասը տարի առաջ՝ 2011 թվականի մարտի 15-ին Սիրիայում սկսվեց «արաբական գարունը»: Ասադի հրաժարականը պահանջող և ժողովրդավարական արժեքների համար պայքարող սիրիացիները, սակայն, ստացան երկար ու արյունալի հակամարտություն, որը երկիրը վերածեց ավերակների, հանգեցրեց ավելի քան 387 հազար զոհի՝ այդ թվում նաև մոտ 115 հազար՝ խաղաղ բնակչության շրջանում, միլիոնավոր սիրիացիներ դարձան փախստական կամ ներքին տեղահանված: Այսօր Սիրիան մարդասիրական ճգնաժամ է ապրում, իսկ ներքաղաքական խնդիրները, որոնք հանգեցրեցին Սիրիայում արաբական գարնան, այսօր շատ ավելի խորացած են:

Չնայած վերջին շրջանում սիրիական հակամարտությունն այլևս միջազգային լրահոսի գլխավոր թեման չէ, ակտիվ ռազմական գործողություններ չեն վարվում արդեն մեկ տարի, սակայն հակամարտությունը հեռու է ավարտված լինելուց:

Վերջին 5 տարվա ընթացքում պաշտոնական Դամասկոսին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ (Սիրիայի տարածքի երկու երրորդը), սակայն սա դժվար է հաղթանակ անվանել, ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ երկրի զգալի մասը, որտեղ, ի դեպ գտնվում է Սիրիայի բնական պաշարների առյուծի բաժինը, դուրս է պաշտոնական Դամասկոսի վերահսկողությունից, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասադը բավականին սահմանափակ ինքնիշխանություն ունի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Այսօր Սիրիայի ապագան գլխավորապես կախված է արտաքին դերակատարների աշխարհաքաղաքական խաղից: Իսկ սիրիական համակարտությունում ընդգրկված արտաքին դերակատարները հաճախ գտնվում են հակառակ ճամբարներում, կամ ունեն  լուրջ հակասություններ, ընդ որում ոչ միայն սիրիական հակամարտության կարգավորման մոտեցումներում, այլև այլ օրակարգային հարցերում:

Այսպես, այսօր Սիրիայում բավականին մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը, որի ակտիվ ներգրավման արդյունքում Ասադը կարողացավ նման հաջողություններ գրանցել հողի վրա: Սիրիայում գործընթացների վրա էական ազդեցություն ունեն Թուրքիան, որն այդ երկրում ներկայացված է ինչպես թուրք զինվորականներով, այնպես էլ զինված տարաբնույթ խմբավորումներով, հաճախ նաև ծայրահեղական, Միացյալ Նահանգները, որը նաև աջակցություն է ցուցաբերում երկրի հարավ-արևելքը վերահսկող քրդական ուժերին, Իրանը, «Իսլամական պետություն» և ահաբեկչական այլ կազմակերպությունները, տարբեր ընդդիմադիր զինված խմբավորւմներ: Նրանք բոլորը Սիրիայում միանգամայն տարբեր խնդիրներ են հետապնդում, որոնք հաճախ որևէ առնչություն չունեն Սիրիայում երկարատև խաղաղության և կայունության հաստատման հետ:

Նման պայմաններում Սիրիայում ակտիվ ռազմական գործողությունները կարող են վերսկսել ցանկացած պահի: Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծ է հատկապես երկրի հյուսիսում՝ Իդլիբում, որը շարունակում է մնալ, այսպես կոչված, զինված ընդդիմության վերահսկողության տակ: Իդլիբում ցանկացած էսկալացիա կարող է վերաճել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բախման, ինչի նախաշեմին գտնվում էին կողմերը 2020 թվականի առաջին ամիսներին: Նույն վտանգը կա նաև երկրի արևելքում, որտեղ ներկան են ինչպես ամերիկյան, այնպես էլ թուրքական և ռուսական ուժերը, որոնք միագամայն հակառակ նպատակներ ունեն այդ շրջանների և մասնավորապես Սիրիայի քրդերի ապագայի վերաբերյալ:

Թեև Իսրայելը հողի վրա ներկա չէ Սիրիայում, սակայն բավականին մեծ ազդեցություն ունի իրավիճակի զարգացման վրա: Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ իր համար ձեռնտու զարգացումների բացակայության դեպքում չի բացառվում, որ Թել-Ավիվն էլ ավելի ինտենսիվ սկսի «աշխատել» Սիրայում Իրանի հետ կապված ուժերի դեմ՝ ապակայունացնելով այդ երկրում հաստատված հարաբերական անդորրը: Ընդ որում, Իրանի հետ պայմանավորվածությունների չհասնելու դեպքում սա հավանական գործելաոճ է նաև Միացյալ Նահանգների համար:

Իսկ առայժմ հակամարտության մեջ ներգրաված դերակատարների համար առավել նպատակահարմար է հակամարտությունը սառեցված պահել: Դա վերջիններիս հնարավորություն է տալիս Սիրիան օգտագործել իրար հետ քաղաքական առևտրում: Մյուս կողմից քաղաքական կարգավորման վերաբերյալ և՛ Սիրիայի ներսում, և՛ արտաքին դերակատարների մոտ պահպանվում են լուրջ տարաձայնությունները: Թեև Ասադի հրաժարականը պահանջող թևը՝ Արևմուտք, Թուրքիան, Ծոցի արաբական երկրներ, այսօր այդքան կտրուկ չեն արտահայտվում Ասադի իշխանության մնալու հարցում, սակայն Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը պայմանավորում են Ասադի հեռնալու հետ, ինչը էականորեն բարդացնում է հետպատերազմական վերականգնման գործընթացը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: