ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով. Ի՞նչ է այն և ի՞նչ խնդիրներ է ի հայտ բերում

Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրեց: Հանձնաժողովի կազմում, համաձայն որոշմանը կից հավելվածի, ընդգրկված են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ով նաև հանձնաժողովի նախագահն է, ինչպես նաև պաշտպանության նախարարի տեղակալը, արտաքին գործերի նախարարի տեղակալը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ոստիկանության պետի տեղակալը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, սահմանապահ զորքերի հրամանատարը և Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալը:

Թե՛ հանձնաժողով ստեղծելու փաստը և թե՛ այդ հանձնաժողովի կազմը մի շարք հարցեր են առաջացնում: Նախ, կառավարության կայքում որոշման հրապարակումից հետո որևէ պաշտոնական մեկնաբանություն չեղավ ստեղծվող հանձնաժողովի գործառույթների, խնդիրների, նպատակների մասով: Սա կարևոր հարց է՝ հաշվի առնելով այն, որ բոլորիս ընկալումներում հանձնաժողովի ձևավորումն ասոցացվում է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիրների հետ: Արդյո՞ք սա հենց դելիմիտացիոն հանձնաժողով է, որն այսքան ամիս ձգձգելուց և սահմանների որոշ հատվածներում արդեն GPS-ով տեղորոշումն անելուց ու թշնամուն հանձնելուց հետո, վերջապես ձևավորվում է: Առնվազն չի բացառվում՝ հաշվի առնելով և հանձնաժողովի կազմը:

Ես հիշեցնեմ, որ նորմալ պետությունների պարագայում պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն իրակացնելու նպատակով նախ և առաջ ձևավորվում են համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնց առաջնային խնդիրն է լինում իրավական, քաղաքական, տնտեսական և տեխնիկական իրավիճակի հետ կապված զեկույցի ներկայացումը: Ի դեպ, նման հանձնաժողովների ձևավորումը, որպես կանոն, զուգահեռ գործընթաց է լինում սահմանակից երկու պետություններում (այսօր Ադրբեջանում նման հանձնաժողովի ձևավորման մասի տեղեկատվություն, առնվազն, չունենք):   

Հանձնաժողովի կազմում, ըստ անհրաժեշտության, ստեղծվում են նաև առանձին աշխատանքային խմբեր՝ մասնագիտական ուղղվածությամբ: Այնուհետև արդեն գործընթացը հասնում է սահմանակից երկրի հետ բանակցություններին ու խառը հանձնաժողովի ձևավորմանը: Բայց մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչ էր ի վերջո Փաշինյանի որոշմամբ վերջերս ստեղծված հանձնաժողովը:

Եթե, այնուամենայնիվ, այն սահմանների դելիմիտացիայի նպատակով ստեղծված հանձնաժողով էր, ապա  այստեղ անհասկանալի է դրա կազմում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պաշտոնյայի ընդգրկումը: Սովորաբար, միջազգային պրակտիկայի համաձայն, նման միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկվում են պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները: Երրորդ պետության միջնորդական աջակցության դիմելը ևս ընդունված պրակտիկա է, միայն թե արդեն հաջորդ փուլում՝ դեմարկացիայի և խառը հանձնաժողով ձևավորելու ընթացքում՝ երկու կողմերի համաձայնությամբ: Ինչով է պայմանավորված ռուս պաշտոնյայի ընդգրկումը՝ ևս հարց է, որի պատսխանները, սակայն, ոչ մի դրական եզրահանգման չեն բերում:

Եվ որպես ամփոփում՝ նշենք, որ պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց Հայաստանի Հանրապետությունում նոր միայն ձևավորվում է պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ անորոշ գործառույթներով, անհասկանալի նպատակներով և մտահոգիչ կազմով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: