ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աֆղանստանը՝ թալիբների ձեռքում. ո՞վ է մեղավոր

Zabi Karimi/Associated Press

Օգոստոսի 15-ին «Թալիբան» արմատական ​​շարժումը հայտարարեց, որ Աֆղանստանն ամբողջությամբ անցել է իր վերահսկողության տակ: Ընդամենը մեկ օրում ահաբեկիչներն ստիպեցին երկրի ղեկավարին լքել երկիրը և հայտնեցին, որ չեն պատրաստվում նախագահական պալատը կիսել այլ ուժերի հետ և հայտարարեցին, որ պատերազմը համարում են ավարտված: «Զինյալները հասկացրեցին, որ պատրաստ են արյունալի սպանդ կազմակերպել Քաբուլի ամբողջ տարածքում, միայն թե ինձ վտարեն: Արյունահեղությունը կանխելու համար ես որոշեցի հեռանալ»,- այսպես է մեկնաբանել իր փախուստը Աֆղանստանի արդեն իսկ նախկին նախագահ Աշրաֆ Գանին:

Չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավաստիացումներին, որ նույնիսկ ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումից հետո Աֆղանստանի կառավարությունը բոլոր հնարավորություններն ուներ իշխանության ղեկին մնալու և թալիբներին դիմակայելու համար, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ թալիբներն Աֆղանստանը գրավեցին ընդամենը հաշված օրերի ընթացքում:

Զինյալները Քաբուլ են մտել առանց դիմակայության. միայն մի քանի կրակոց և պայթյուն է գրանցվել: Տեղի ոստիկաններն արդեն վաղուց էին լքել իրենց հենակետերը, իսկ զինվորականները վաղուց դադարել էին դիմադրել: Եվ սա այն դեպքում, երբ վերջին տվյալներով Աֆղանստանի կառավարությունն ունեցել  է ավելի քան 300,000 զինվոր, որոնք վերապատրաստված էին ԱՄՆ կողմից, մինչդեռ թալիբների թիվն, ըստ տարբեր աղբյուրների, կազմել է մոտ 75,000 զինյալ:

Այստեղ հարցը կայանում է նրանում, թե իրականում ո՞վ է մեղավոր: Տարբեր երկրների մեղադրանքներն ուղղված են մասնավորապես Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը: Իսկ Միացյալ Նահանգների ներսում նախագահ Ջո Բայդենն այս պարտության համար մեղադրում է Աֆղանստանի զինված ուժերին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, Աֆղանստանի արդեն իսկ նախկին իշխանությունները և Դոնալդ Թրամփն իրենց հերթին մեղադրում են  Ջո Բայդենին:

«Այն, ինչ Ջո Բայդենն արեց Աֆղանստանի հետ, կդառնա լեգենդ: Սա կլինի ԱՄՆ պատմության ամենամեծ անհաջողություններից մեկը: Ժամանակն է, որ Ջո Բայդենը հրաժարական տա Աֆղանստանում կատարվածի, ինչպես նաև COVID-19-ի կտրուկ աճի, սահմանային աղետի, մեր տնտեսության խաթարման համար»,- ասել է Թրամփը:

Իր հերթին, Բայդենը փաստացի հրաժարվում է կատարվածի համար պատասխանատվությունից՝ մատնանշելով, որ իրերի ներկայիս վիճակը հրահրել է անձամբ Թրամփը: Նրա խոսքով՝  ԱՄՆ 45 -րդ նախագահի օրոք «Թալիբան» -ի հետ կնքած համաձայնագիրը ամրապնդեց ծայրահեղականների դիրքերը: Բացի այդ, Բայդենի խոսքով, եթե աֆղան զինվորականներն ի վիճակի չեն դիմակայել թալիբներին, ապա ամերիկացիները ոչինչ չեն կարող անել դրա դեմ: «ԱՄՆ ռազմական ներկայության ևս մեկ տարի կամ ևս հինգ տարի ոչինչ չէր փոխի, եթե Աֆղանստանի զինված ուժերն ի վիճակի չեն պահպանել իրենց դիրքերը սեփական երկրում»,- ասել է Բայդենը:

Այն, որ Միացյալ Նահանգների դերակատարությունն Աֆղանստանում բավականին մեծ է եղել, կասկածից վեր է: 20 տարի այս երկրի նախագահները՝ թե՛ հանրապետականները և թե՛ դեմոկրատները, ՆԱՏՕ-ի և դաշնակիցների աջակցությամբ պահպանել են իրենց ներկայությունն այնտեղ, որպեսզի թույլ չտան թալիբների վերադարձը: Հակամարտության ընթացքում հազարավոր ամերիկացի զինծառայողներ են զոհվել և ավելի քան 83 միլիարդ դոլար է ծախսվել աֆղանական բանակին նյութական աջակցության համար, սակայն, ըստ երևույթին, աննպատակ: Միջազգային հանրությունը մեղադրում է ԱՄՆ-ին՝ զորքերի այդքան արագ դուրս բերելու համար և Աֆղանստանում «այլ նպատակներ հետապնդելու մեջ»: Ներկայումս ամերիկացիների այս  20-ամյա առաքելության ձախողումը սպառնում է վնասել ԱՄՆ-ի հեղինակությանը համաշխարհային մակարդակով, մասնավորապես Մերձավոր Արևելքում: Ի դեպ, արդեն իսկ տարբեր երկրների կողմից հնչում են քննադատական հայտարարություններ ԱՄՆ հասցեին:

Հետաքրքականն այն է, որ Վաշինգտոնի հասցեին ամենախիստ քննադատությունը անսպասելիորեն հնչեց Լոնդոնի դաշնակիցների կողմից: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը զորքերի դուրսբերումը «մեծ սխալ» անվանեց և նշեց, որ միջազգային հանրությունը մեծ գին է վճարելու:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյն Լավրովն էլ, իր հերթին, ավելի վաղ անդրադառնալով Աֆղանստանում տեղի ունեցողին, մասնավորապես նշեց.

«Եթե նրանք (ամերիկացիները-խմբ.) չկարողացան որևէ բան անել նույնիսկ 20 տարվա ընթացքում՝ ունենալով ՆԱՏՕ-ի հարյուր հազարավոր ռազմական կոնտինգենտ, ապա ի՞նչ արդյունքների են նրանք պատրաստվում հասնել զգալիորեն ավելի փոքր ներկայությամբ Աֆղանստանի սահմաններից դուրս»,-հուլիսի կեսերին ասել էր Սերգեյ Լավրովը…

Մի կողմ թողնելով, թե ով է մեղավոր, իրականությունն այն է, որ ներկայումս թալիբների ռազմական հաղթանակը Աֆղանստանում  կայացած փաստ է, ինչը մի շարք մարտահրավերներ կարող է պարունակել Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի համար:  Չնայած նրան, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, թալիբները, որոնք վերահսկողություն են հաստատել Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանին, խոստացել են չհարձակվել Կենտրոնական Ասիայի պետությունների  վրա, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ «Թալիբան»-ը համագործակցում է գլոբալ բնույթի բազմաթիվ միջազգային ահաբեկչական կառույցների հետ, ինչպիսիք են օրինակ «Ալ-Քաիդան», «Ուզբեկստանի իսլամական շարժումը», «ԻՊ»-ն և տարաբնույթ այլ ահաբեկչական  խմբավորումներ: Հետևաբար՝ չկա որևէ երաշխիք այդ խմբավորումների հետագա գործողությունների հետ կապված, ինչն էլ բավականին վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել Կենտրոնական Ասիայում և ոչ միայն…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: