ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ես չեմ խոսում հայերեն, բայց ես հայ եմ». Ալեն Պրոստ` «Ֆորմուլա-1»-ի կենդանի լեգենդը

«Մայրս հայուհի է, և մանկությունս անցել է պապիկիս մոտ, ով տարբեր պատմություններ էր պատմում Հայաստանի մասին: Երբ դու 10 տարեկան ես, քեզ համար դա ընդամենը պատմություն է: Այդ պատմություններն սկսում ես գիտակցել և ամբողջապես ըմբռնել ավելի ուշ: Այսօր այդ պատմություններն իմ կյանքի անբաժանելի մասը են: Ես չեմ խոսում հայերեն, բայց ես հայ եմ, և դա ամենակարևորն է»,-  ասել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ընթացքում աշխարհի լավագույն ավտոարշավորդներից մեկը` Ալեն Պրոստը:

Պրոստը ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաքում, ֆրանսիացի Անդրե Պրոստի և ծագումով հայուհի Մարիա-Ռոզա Կարատչյանի ընտանիքում: Նրա փոքր եղբայր Դանիելը մահացել է քաղցկեղից 1986 թվականին: Չնայած կարճահասակ լինելուն` Ալեն Պրոստը եղել է ակտիվ և ատլետիկ երեխա, ով բարձր ոգևորությամբ զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ ըմբշամարտով, անվաչմուշկներ քշելով և ֆուտբոլով։ Պրոստը հանուն հաղթանակի ոչինչ չէր խնայում: Ֆուտբոլ խաղալիս նա նույնիսկ մի քանի անգամ կոտրել է իր քիթը։ Նա մտածում էր դառնալ մարմնամարզական հրահանգիչ կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, սակայն ամեն ինչ փոխվեց նրա 14-րդ տարեդարձի օրը, երբ ընտանեկան հավաքույթի մաս կազմեց քարթինգ խաղալը: Երեխան մեկընդմիշտ տարվեց  շարժիչների արագությամբ և քարթինգի սիրահարից դարձավ Ֆորմուլա 1-ի չեմպիոն։

Ալեն Պրոստն աշխարհի քառակի չեմպիոն է (1985, 1986, 1989, 1993): 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Պրոստը մի շարք ռեկորդներ է սահմանել` ըստ հաղթանակների թվի, լավագույն շրջանների, միավորների, և միայն Միխայել Շումախերին է հաջողվել մեկ տասնամյակ անց գերազանցել դրանք:  

Ալեն Պրոստն արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի, որը նրան անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանն է հանձել: Պրոստի կարիերայի ամենավառ շրջանը համարվում է «Մակլարեն» թիմում նրա մրցակցությունն Այրտոն Սեննայի հետ։ Չնայած բազմաթիվ սկանդալներին և վեճերին` կարիերաների ավարտից հետո երկու մրցարշավորդների միջև չեզոք հարաբերություններ ստեղծվեց։ Սեննան մի անգամ ասել է, որ Ալենը «միշտ ձգտում էր բարձունքից էլ բարձր լինել»:

Ալեն Պրոստը միանգամից երեք մականուն ունի: Ի սկզբանե` 1986 թվականին,  Ալենին անվանում էին  «Հաշվիչ» Սան Մարինոյի Գրան Պրիի ժամանակ տեղի ունեցածի համար, երբ նա ճշգրտորեն հաշվարկել է վառելիքի սպառումը տուրբոռեժիմը օգտագործելու ժամանակ: Իր զույգի` Կեկե Ռոսբերգի` դատարկված բենզինի բաքի պատճառով Ալեն Պրոստը գլխավորեց մրցավազքը: Ալենը ստիպված էր մեծ ջանքեր գործադրել մինչև ավարտին հասնելը մեքենայում բավականաչափ վառելիք ունենալու համար: Եվ հենց այդ ճշգրիտ հաշվարկների համար էլ նա ստացավ «Պրոֆեսոր» մականունը։ Սակայն ամբողջովին անմեղ «Կլոուն» (Ծաղրածու) մականունը վիրավորական դարձավ Ալենի համար այն բանից հետո, երբ Սեննայի երկրպագուները սկսեցին այն օգտագործել նրան վիրավորելու նպատակով:

1997-ին Ալեն Պրոստը գնեց «Ligier» թիմը` վերանվանելով այն «Prost Grand Prix»: Թիմը 1997-2001 թթ. մասնակցել է «Formula 1»-ի առաջնություններին, սակայն որևէ լուրջ հաջողության չի հասել: Շատերը դա կապում են այն հանգամանքի հետ, որ Ալենը բավականին փափուկ և բարեսիրտ անձնավորություն է, իսկ նման աշխատանքում հարկավոր է կոշտ և նույնիսկ դաժան լինել:

Այսօր Պրոստը մնում է ակտիվորեն ներգրավված ավտոմոբիլային սպորտի ոլորտում` աշխատելով Formula E և Renault F1 թիմերի հետ:

Ալեն Պրոստն ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր: Ավագ որդին Նիկոլայ Պրոստը նույնպես ավտոարշավորդ է:

Պրոստ միշտ ներկայացել է նաև որպես հայ: 2007 թ. մարտին նա արժանացել է «Հայկական Սեզար» մրցանակին, որը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների համար բարձրագույն պարգև է համարվում: Այսօր Ալեն Պրոստը հայ սփյուռքի ամենապայծառ և ամենաակտիվ ներկայացուցիչներից է: Նա նաև շարունակում է մնալ «աշխարհի ամենաարագ հայը»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: