ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանին կարող են «ոտքերից ներքև քաշել»

Եվրոպական հարևանության քաղաքականությունը գտնվում է վերաձևման և նորացման փուլում։ Գործընթացում տարբեր մակարդակներով և ձևաչափերով իրականացվում է գաղափարների, առաջարկների հավաքագրում։ Այդ համատեքստում Եվրոպական խորհրդարանի կողմից օրերս ընդունվեց բանաձև, որն իր  մեջ ամփոփում է ԵՀՔ բարեփոխման սկզբունքներն ու նպատակները և ներառում խորհրդարանականների առաջարկները։

Բանաձևում շեշտադրվում է, որ ԵՀՔ-ն պետք է պահպանվի որպես միասնական քաղաքականություն, սակայն, դասեր քաղելով անցյալի սխալներից, այն պետք է կարողանա առավել ճկուն, արդյունավետ լինել և հաշվի առնի գործընկեր երկրների առանձնահատկությունները։ Փաստացի նորացված քաղաքականության հիմքում դրվելու է առավել մեծ դիֆերենցման սկզբունքը։

Այս մոտեցումը կարող է արդյունավետ լինել և մի շարք հնարավորություններ ստեղծել, այդ թվում` նաև Հայաստանի համար, սակայն դրա իրագործումը, կամ առնվազն այս փուլում դրա մասին քննարկումներն իրենց մեջ մի կարևոր մարտահրավեր են պարունակում: Այն նկատելի դարձավ  դեռևս Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ առաջարկ հնչեց խմբավորելու ԱլԳ երկրներիը՝ ելնելով Ասոցացման համաձայնագիրը ստորագրած լինելու կամ չլինելու սկզբունքից։ ԵՀՔ բանաձևում ևս ընդգծվում է, որ Ասոցացման համաձայնագրերը հարևանների հետ ԵՄ երկկողմ հարաբերությունների ամենաառաջադեմ ձևն են, իսկ Ասոցացման համաձայնագիրը չստորագրած երկրների հետ առաջարկվում է զարգացնել սեկտորալ հարաբերությունները։

Բաժանման այս սկզբունքը զգալիորեն խեղում է իրականությունը և իր մեջ մեզ համար մարտահրավեր է պարունակում, քանի որ եթե ԱլԳ երկրների տարանջատման սկզբունք ընտրվի միայն Ասոցացման համաձայնագիրը ստորագրած լինել-չլինելը, Հայաստանը մի խմբի  մեջ է հայտնվում Բելառուսի և Ադրբեջանի հետ։

Նման խմբավորումը մարտահրավեր է, քանի որ միայն քաղաքական կոռեկտության կամ դիվանագիտական էթիկայի խնդիր չէ, այլ կարող է լիովին չափելի վնաս հասցնել: Հայաստանն այս երկրների շարքին դասելը նշանակում է ստեղծել իրավիճակ, երբ վերջիններս Հայաստանին «ոտքերից ներքև են քաշում», ինչը շատ կոնկրետ և շոշափելի վնաս է:

Մյուս կողմից, այս մոտեցումը չի խրախուսում Ադրբեջանին և Բելառուսին ավելի մեծ հավակնություններ ունենալ և չի նպաստում, որպեսզի նրանք զգան իրենց խնդիրներն ու քայլեր ձեռնարկեն դրանց հաղթահարման ուղղությամբ: Ադրբեջանում տեղ գտած մարդու իրավունքների կոպիտ խախտումները, մեծ թվով քաղբանտարկյալների առկայությունը, կարելի է ասել, աննախադեպ են: Եվ այս պարագայում երեք երկրների միջև տարբերակում չդնելը, նրանցից յուրաքանչյուրին իրավիճակը բարելավելու խթան չտալը թերևս այնքան էլ նպատակահարմար չէ:

Բացի այդ, ԱլԳ ստեղծումից ի վեր նրա թիրախ-նպատակների թվում մշտապես ընդգծվել է ընդհանուր արժեքային համակարգի շուրջ գործընկերության կառուցումը: Մինչդեռ այսօր Ադրբեջանում և Բելառուսում տիրող իրավիճակի պատճառով այդ երկրներում ձևավորված արժեքային դաշտը որևէ կերպ համադրելի չէ հայաստանյան իրավիճակի հետ` արժեքային դաշտի առումով: Եվ երեք երկրներին մեկ զամբյուղում դիտարկելը օբյեկտիվ չէ:

Հետևաբար, ԵՀՔ բարեփոխումների այս փուլում Հայաստանը մեծ անելիք ունի՝ թույլ չտալու նման խմբավորում, և ԵՄ հետ կառուցելու այնպիսի հարաբեություններ, որոնք կհամապատասխանեն մեր ակնկալիքներին, հնարավորություններին և մինչ օրս ունեցած ձեռքբերումներին։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: