ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԶՈւ ղեկավարման տեսանկյունից

 

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն, «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, ներկայացնում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:

 

ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումներում առանցքային խնդիրներից մեկը, ըստ էության, խաղաղ պայմաններում և ռազմական դրության ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարության խնդիրն է: Գործող Սահմանադրությամբ սահմանվում է, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է (hոդված 55 կետ 12. Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը): Սահմանադրական բարեփոխումների նախագծով սահմանվում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Նախագծի 155-րդ հոդվածի համաձայն.

1. Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը պաշտպանության նախարարի առաջարկությամբ կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվող վերոնշյալ մոդելը, բնականաբար, ունի և՛ կողմնակիցներ, և՛ ընդդիմախոսներ: Վերջիններիս պնդմամբ Հայաստանը` որպես մի երկիր, որը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, պետք է ունենա հստակ լիազորություններով (այդ թվում՝ երկրի արտաքին անվտանգության ապահովման ոլորտում) օժտված նախագահ, ով կլինի նաև գերագույն գլխավոր հրամանատարը: Որպես հակափաստարկ բերվում է նաև այն, որ ի տարբերություն կիսանախագահական և նախագահական կառավարման համակարգի՝ խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ է որոշումների ընդունման առավել երկար և որոշ դեպքերում բարդ գործընթաց, ինչը ռազմական սպառնալիքի պարագայում կարող է ճակատագրական լինել տվյալ պետության համար:

Նոր նախագծի կողմնակիցները, սակայն, նոր մոդելի վերաբերյալ բերվող հակափաստարկները համարում են խորհրդարանական կառավարման կառուցակարգերի թերըմբռնման արդյունք: Նրանց պնդմամբ կառավարման համակարգն ինքնին առնչություն չունի պատերազմական վիճակում պաշտպանության կազմակերպման արդյունավետության հետ: Պատմական փորձը ցույց է տալիս, որ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրները կարող են պատերազմի ժամանակ ձախողվել կամ հաջողվել: Ասվածի վառ օրինակ է Իսրայելը, որն իր հիմնադրման պահից գտնվում է պատերազմական վիճակում և միշտ ունեցել է խորհրդարանական համակարգ:

Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ կառավարման համակարգում ինչպիսի լուծումներ են գտնվել, որպեսզի ապահովվի զինված ուժերի օպերատիվ ղեկավարումը ու կառավարումը` ճգնաժամային իրավիճակներում արագ ու արդյունավետ որոշումներ կայացնելու համար, և սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները կարծում են, որ առաջարկվող մոդելը լիովին բավարարում է այդ պահանջները: Ավելին, ըստ նրանց, կառավարման խորհրդարանական համակարգում զինված ուժերի ենթակայությունը Կառավարությանն ավելի հեշտ է ապահովել, քան գործող համակարգում: Եթե գործող կառավարման համակարգում նախագահը և Կառավարությունը պատկանեն տարբեր քաղաքական ճամբարների, ապա արդյունավետ և օպերատիվ պաշտպանության կազմակերպումն իսկապես կբարդանա, իսկ գործող համակարգի պայմաններում նման հնարավորությունները հետագայում ևս չեն բացառվում, այնինչ նախագծով առաջարկվող խորհրդարանական համակարգը նման բախումներ թույլ չի տա, քանզի զինված ուժերը մշտապես գտնվում է Կառավարության ենթակայության ներքո, որը տիրապետում է անհրաժեշտ ֆինանսական և այլ ռեսուրսների:

Ավելին՝ բարձրաձայնվում է նաև այն, որ զինված ուժերի արդյունավետ կառավարման խնդիրը այն առաջնահերթություններից է, որի վերաբերյալ առկա են եղել որոշակի մտավախություններ հենց սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման գործընթացում, իսկ այն մշակող հանձնաժողովը խնդիր է ունեցել հնարավորինս օպերատիվ և կայուն համակարգ ձևավորել:

Անկախ հնչող կարծիքներից՝ երկրի անվտանգության ապահովման հարցում թերևս ամենակարևորը հենց պաշտպանական գերատեսչության մոտեցումները պետք է լինեն: Այս առումով հատկանշական է, որ պաշտպանության նախարարությունը Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ բավական ակտիվ համագործակցել է, և, ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, գերատեսչության կողմից  ներկայացված բոլոր առաջարկները ներառվել են նախագծում: Ավելին՝  վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն անգամ հայտարարել է, որ նախագծում ներկայացված մոդելն առաջարկվել է հենց պաշտպանության նախարարության կողմից, ինչը, բնականաբար, մշակվել է նվազագույն ռիսկերի հաշվարկով:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվող մոդելը համապատասխանում եվրոպական փորձում առկա օրինակներին, ապա միանշանակ կարելի է ասել, որ այն առավել մոտ է Գերմանիայի Սահմանադրությամբ առաջարկվող մոդելին: Վերջինիս համաձայն` զինված ուժերի հրամանատարությունը պատկանում է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ անցնում է կանցլերին: Գերմանիայում խաղաղ ժամանակներում զինված ուժերի հրամանատարությունը պաշտպանության նախարարի կողմից իրականացվում է կառավարության վարած քաղաքականության հիմնական ուղենիշերի շրջանակում, որոնց որոշման իրավասությունը պատկանում է բացառապես դաշնային կանցլերին (Գերմանիայի Սահմանադրության 115-րդ հոդված):

Եվրոպական մեկ այլ խորհրդարանական հանրապետությունում` Իտալիայում, նախագահն է զինված ուժերի գերագույն հրամանատարը, ով նաև ղեկավարում է Պաշտպանական գերագույն խորհուրդը և խորհրդարանի պալատների համաձայնությամբ պատերազմ է հայտարարում (Իտալիայի Սահմանադրության հոդված 87): Սակայն միևնույն ժամանակ, 78-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի որևէ ակտ ուժի մեջ չի մտնում, եթե այն չի հաստատվել այն նախարարի ստորագրությամբ, ով պատասխանատու է դրա համար:

Հունգարիայի սահմանադրության համաձայն՝ նախագահը երկրի Պաշտպանության ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Սակայն պաշտպանության ուժերի տեղաշարժի, դրանք արտերկրում օգտագործելու, տեղակայելու վերաբերյալ որոշումը կայացնում է կառավարությունը, ինչը պետք է հաստատի նաև խորհրդարանը (հոդված 46):

Համանման մոդել ունի նաև Իռլանդիան: Իռլանդիայի նախագահը Պաշտպանության ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ինչ վերաբերում է պատերազմ հայտարարելուն կամ զինված ուժերը կիրառելուն, ապա նման իրավասություն ունի միայն խորհրդարանը (հոդված 28):

Խորհրդարանական հանրապետություն Լատվիայում ևս նախագահն է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, սակայն պատերազմի ժամանակ նա նշանակում է գերագույն հրամանատար (հոդված 42): Նախագահը պարտավոր է նաև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, եթե որևէ պետություն պատերազմ է հայտարարել կամ սպառնում է Լատվիային, ինչպես նաև անհապաղ պետք է հրավիրի Սեյմի արտահերթ նիստ, որն էլ կայացնելու է պատերազմ սկսելու որոշումը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ յուրաքանչյուր երկիր, անկախ կառավարման համակարգից, ձևավորել է խաղաղ պայմաններում և ռազմական դրության ժամանակ զինված ուժերի օպտիմալ ղեկավարման և կառավարման սեփական համակարգը, որը, բնականաբար, մի կողմից համահունչ է այն միջավայրին, որտեղ գտնվում է այդ երկիրը, մյուս կողմից արտահայտում է տվյալ երկրի ներքին առանձնահատկությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: