ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրության նոր նախագծով հասարակությունն ընդլայնում է ազդեցության իր լծակները

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ ներկայացնում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:

Ժողովրդավարության հիմնաքարային սկզբունքներից մեկը որոշումների կայացման գործընթացի նկատմամբ հասարակության ազդեցության ապահովումն է: Ընտրություններին և հանրաքվեներին մասնակցությունից բացի՝ հասարակությունն այդ լծակը կարող է կիրառել մեկ այլ կարևոր գործիքի միջոցով, այն է՝ համապետական կարևորության հարցերի շուրջ հանրաքվե նախաձեռնելով և իշխանություններին հանրային կամքը թելադրելով:

Ըստ գործող Սահմանադրության՝ ՀՀ-ում հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն Ազգային ժողովը և երկրի նախագահը։ «Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ»,- նշված է Սահմանադրության 111-րդ հոդվածում: Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվող ՀՀ Սահմանադրության նախագծով նախատեսվում է ընդլայնել հանրաքվեների նախաձեռնման հնարավորությունը։ «Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»,- նշված է նախագծի 202-րդ Հոդվածում։

Հետևաբար Սահմանադրության բարեփոխումների նախագիծն առաջարկում է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն տալ նաև հանրությանը՝ ընդլայնելով նրա ազդեցության լծակները: Բացի այդ՝ նոր նախագիծն ընդլայնում է նաև հանրության օրենսդրական նախաձեռնությունների հնարավորությունը:

Ըստ նախագծի՝ «ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 հազ. քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք»: Իսկ եթե Ազգային ժողովը մերժում է «սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո՝ վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանն ընտրական իրավունք ունեցող ևս 300 հազ. քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող»։

Ուստի այս դրույթով հնարավորություն է տրվում հասարակական նախաձեռնության մակարդակով ԱԺ-ին առաջարկելու օրենսդրական նախաձեռնություններ, իսկ պատգամավորների համաձայնությունը չստանալու դեպքում հանրաքվեի միջոցով «պարտադրել» ժողովրդի կամքը:

Փաստացի, Սահմանադրական բարեփոխումների նախագծով հասարակությանը տրվում է ԱԺ-ին և Կառավարությանը գրեթե հավասար օրենսդրական նախաձեռնության իրավունք և հնարավորություն՝ նախաձեռնելու Սահմանադրական փոփոխություններ: Սա մասնակցային քաղաքական մշակույթի ուղղությամբ զգալի առաջընթացի քայլ է, որը բավական փոքր տարածում ունի նույնիսկ եվրոպական երկրներում: ԵՄ անդամ երկրներից շատերում հասարակությունը չունի հանրաքվեներ նախաձեռնելու իրավունք, կամ դրանց արդյունքները չունեն իրավական պարտադիր ուժ՝ կրելով զուտ խորհրդակցական բնույթ:

 Քաղաքացիների նախաձեռնությամբ հանրաքվեի կազմակերպման հնարավորություն է տալիս Հունգարիայի Սահմանադրությունը, որով հանրաքվեն նախաձեռնվում է 200 հազ. քաղաքացիների, նախագահի կամ կառավարության հայտի հիման վրա։

Լատվիայում Սահմանադրական փոփոխություններ ենթադրող հանրաքվեի նախաձեռնման համար անհրաժեշտ է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների մեկ տասներորդ մասի ստորագրությունը։

Շվեյցարիայում հանրաքվեները երկրի քաղաքական կյանքի կարևոր մաս են կազմում։ Հանրաքվեներ անցկացվում են ֆեդերալ, կանտոնային և ՏԻՄ մակարդակով: Առանձնացվում է երկու տեսակի հանրաքվե՝ պարտադիր և ոչ պարտադիր ուժ ունեցող: Ոչ պարտադիր բնույթ կրող հանրաքվե անցկացվում է 100 օրվա ընթացքում 50 հազ. քաղաքացիների ստորագրության առկայության դեպքում. վերաբերում է դաշնային օրենքներին, բանաձևերին, միջազգային պայմանագրերին։

 Պարտադիր բնույթ կրող հանրաքվեն անցկացվում է խորհրդարանի, կանտոնի կամ քաղաքացիների նախաձեռնությամբ, դրա համար անհրաժեշտ է 100 հազ. ստորագրություն 18 ամսվա ընթացքում։

Փաստացի, քաղաքացիների կողմից հանրաքվեների նախաձեռնման հնարավորությունը՝ հանրաքվեի պարտադիր իրավական ուժ ունենալու պարագայում, բավական քիչ տարածված քաղաքական պրակտիկա է, սակայն այն իր մեջ արտացոլում է ժողովրդավարական հիմնական սկզբունքն ու ընդլայնում ժողովրդի իշխանությունը: ՝

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: