ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նոր հանգրվան է մեր հարաբերություններում

Փետրվարի 27-ին Բրյուսելում պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավարտվել են: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեցին նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում:

 

Բանակցությունները համաձայնագրի շուրջ ավարտված են

Հայաստցոցման համաձանը դեռևս 2013թ.-ին Եվրամիության հետ ավարտին էր հասցրել Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները, և կողմերն ամրագրել էին, որ պատրաստ են դրա ստորագրմանը: Սակայն, Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին հայտարարությունից հետո եվրոպական գործընկերներն անհնար համարեցին Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, և գործընթացն այդ փուլում կանգ առավ: Մոտ երկու տարի տևած հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը կարողացավ վերականգնել վստահության բարձր մակարդակն ու հասնել նոր շրջանակային համաձայանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին:

Բանակցություններին սկիզբ դրվեց 2015թ. դեկտեմբերին, և մեկ տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում այսօր արդեն համաձայնեցված է նոր փաստաթուղթը:

Ինչպես Բրյուսելում նշել է Սերժ Սարգսյանը. «Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ժամանակն ամեն բան իր տեղը դրեց»:

Շրջանակային նոր համաձայնագիրը կոչվելու է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»: Իսկ դա նշանակում է, որ այն անդրադառնալու է ՀՀ-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներին՝ ներառելով դրանց զարգացման տեսլականը՝ քաղաքականից մինչև տնտեսական: 

Ակնկալվում է, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:

 

Հայաստանը կնպաստի ԵԱՏՄ-ԵՄ մերձեցմանը

Հայաստանը երբեք չի կատարել քաղաքակրթական ընտրություն, քանի որ հավատարիմ է թե´ եվրոպական արժեքներին, թե´ իր ավանդական գործընկերների հետ հարաբերություններին: Ուստի, եվրոպական և եվրասիական վեկտորների համատեղումն ու համադրումը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնքարերից մեկը:  «Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել»,- նշել է նախագահը՝ շեշտելով, որ ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է արժեքային հիմքի վրա: 

Հայաստանը, գիտակցելով երկու ինտեգրացիոն գործընթացները հակադրելու, ինչպես նախագահն է նշել, «հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականության» անարդյունավետ ու վնասակար լինելը, ջանք է գործադրում ոչ միայն համատեղել, համադրել դրանք, այլև նպաստ բերել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի մերձեցմանը:

Այս համատեքստում կարևոր է նաև Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ ասոցացված գործընկերոջ, միջև հարաբերությունների որակը: Եվ դա ընդգծվել է ամենաբարձր մակարդակով: Այցի ընթացքում ամրագրվեց, որ «Հայաստանը պատրաստ է դառնալ այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակմանը և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին»:

 

Բարեփոխումները շարունակվելու են

ՀՀ նախագահի Բրյուսելյան այցի ընթացքում ընդգծվել է նաև, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները բոլոր ոլորտներում և կարևորում է այդ գործընթացում ԵՄ աջակցությունը:

Ընդհանուր բարեփոխումների համատեքստում հատուկ ուշադրության են արժանացել Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել բարեփոխումների այդ գործընթացում ԵՄ ցուցաբերած աջակցությանը: «Հայաստանի համար այս կարևոր փուլում ԵՄ-ն մեր կողքին է և զգալի միջոցներ է տրամադրում Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման համար։ Վստահ եմ, որ այս օժանդակության և մեր համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն բոլորի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է հատկապես ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության բարձրացման նպատակն ու ընդդիմության հետ շարունակական աշխատանքն ընտրությունների կազմակերպման գործընթացում:

«Մեր սահմանած նշաձողը բարձր է. անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վստահ եմ՝ իրականություն կդարձնենք մեր այդ նպատակը, և ընտրությունների մթնոլորտն ու ընտրական գործընթացի արդյունքները կհաստատեն մեր մոտեցումների ճշմարտացիությունը»,- ասել է Սարգսյանը:

 

Ադրբեջանն այլընտրանք չի թողնում

Նախագահի այցի ընթացքում, բնականաբար, անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հակամարտությանն ու Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականությանը: Նախագահն ընդգծել է. «Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի»:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ստատուս քվոյի փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարություններին և ամրագրվել է, որ ստատուս քվոյի փոփոխության միայն մի տարբերակ կա՝ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:

Հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին՝ ՀՀ նախագահը զգուշացրել է, որ «Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար»:

Ուստի, Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը որոշակի տոնայնության փոփոխության է հանգեցրել նաև Հայաստանի վարած քաղաքականության մեջ:

Բացի այդ, եվրոպական հանրության ուշադրությունը հրավիրվել է նաև Արցախում  ընթացող ժողովրդավարական գործընթացների և Արցախի ժողովրդի՝  ժողովրդավարական աշխարհի հետ հավասար համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները վայելելու իրավունք վրա:

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ Բրյուսելյան այս այցն ազդարարեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների անցումը նոր որակի՝ նոր իրավական հիմքի վրա, որը համապատասխանում է հարաբերությունների առկա բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարները: Դրա հետ մեկտեղ, հարկավոր է ամրագրել, որ շրջանակային համաձայնագիրը նոր գործընթացի սկիզբ չէ, այլ շարունակական և միշտ առաջընթաց ապրող գործընթացի հերթական հանգրվան: Մոտակա մի քանի ամիսներին ժամանակ կպահանջվի այն ԵՄ անդամ երկրների լեզուներով թարգմանելու, ստորագրելու և վավերացնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: