ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սփյուռքի հետ ի՞նչ հարաբերություններ ընտրեց ՀՀ քաղաքացին

noravank.am

Ապրիլի երկուսին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակից ինը քաղաքական ուժերը ներկայացրել էին իրենց նախընտրական ծրագրերը, որոնցում արտացոլված տարբեր դրույթներով, ցանկանում էին ստանալ ընտրողի աջակցությունը: Իհարկե, սխալ կլինի ընտրությունների արդյունքները պայմանավորել գլխավորապես արտաքին քաղաքականության այս կամ այն հարցի շուրջ կուսակցությունների/դաշինքների որդեգրած դիրքորոշումով՝ անտեսելով հարակից օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այնուամենայնիվ, նման զուգահեռները թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել հանրության՝ տարբեր հարցերի շուրջ ունեցած ընդհանրական դիրքորոշումների մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն իսկ հաստատված վերջնական արդյունքների համաձայն՝ նոր ԱԺ-ում ներկայացված կլինեն 4 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը:

Վերլուծելով ինչպես անցած, այնպես էլ չանցած ուժերի նախընտրական ծրագրերը՝ կարող ենք պատկերացում կազմել, օրինակ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասով այդ ուժերի տեսլականի վերաբերյալ:

Նշենք, որ ընտրություններին մասնակից ինը կուսակցություններից միայն երկուսի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրերում չկար Սփյուռքի հետ կապված անդրադարձ: Մնացած կուսակցությունների պարագայում հիմնական թեզերը հետևյալն էին.

Քաղաքական ուժը

Սփյուռքի հետ կապված հիմնական թեզերը

Հավաքած ձայներն՝ ըստ ԿԸՀ վերջնական արդյունքների

ՀՀԿ

Հայաստանի Հանրապետությունը համայն հայության Հայրենիքն է»:  «Պետք է անենք հնարավորից ավելին, որ մեր բոլոր հայրենակիցները միավորվեն Հայրենիքի շուրջ: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք: Հայաստանը պետք է բիզնես ստեղծելու, զարգացնելու և շահույթ ստանալու համար գրավիչ լինի նաև նրանց համար:

770 հազար 441

«Ծառուկյան» դաշինք

Դաշինքն առաջարկում է հնարավորություն ընձեռել Սփյուռքին ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ ՀՀ կառավարությունում հատուկ ծրագրեր հաստատել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գաղթօջախի առանձնահատկությունները:

428 հազար 836

ՀՅԴ

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է: Ըստ այդմ՝ ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար: Գործադրել Հանրապետության և հայության տարբեր հատվածների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, համազգային ներուժի բացահայտման և օգտագործման ամբողջական ռազմավարություն:

103 հազար 048

«Ելք» դաշինք

Ելքը, մասնավորապես, Հայաստանի բնակչության թիվը հնարավորինս կարճ ժամկետում կրկնապատկելու միջոց դիտարկում է Մեծ հայրենադարձությունը: Ծրագրում նախատեսվում է Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ձևավորում, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը, ինչպես նաև Ներգաղթի և Սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ:

122 հազար 065 ձայն

«ՕՐՕ» դաշինք

Կարևորվում է սփյուռքահայ համայնքների հայապահպանման խնդիրն, ինչպես նաև խոսվում  ներգաղթ ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին: Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ Դաշինքը առաջարկում է ստեղծել համաշխարհային հայության ամբողջականացված համակարգ, իրականություն դարձնել համահայկական միասնականության գաղափարը, սփյուռքահայերին մասնակից դարձնել հայաստանյան կարևոր իրադարձություններին և գործընթացներին։

32 հազար 508

ԱԴԿ

Կուսակցությունը նախատեսում է Սփյուռքի տնօրինած կապիտալը (տարբեր հաշվարկներով՝ 440-450 մլրդ ԱՄՆ դոլար) Հայաստանի տնտեսություն ուղղորդել Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամի միջոցով:

14 հազար 739

ՀՎԿ

կարևորվում է  Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման հարցը, որի համար «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է համահայկական կառույցների ձևավորում` ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ  փորձաքննություն կանցնեն մի դեպքում Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում՝ Կառավարության և գործադիր իշխանության որոշումները, կտրամադրվի խորհրդատվություն: Առաջարկվում է նաև սփյուռքահայերի` երկրի զարգացման գործում ներգրավման նորարական այլ մեխանիզմների ներդրում, ինչպես նաև խրախուսում սփյուռքահայերին` Հայաստանում ներդրումներ կատարելու, ձեռներեցությամբ զբաղվելու համար:

 

58 հազար 265

 Ներկայացված քաղաքական ուժերի մոտեցումներից առանձնանցնենք Խորհրդարան չանցած ուժերին: Մասնավորապես, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, որը ներկայացրել է Սփյուռքի կապիտալի հաշվարկ և իր նախընտրական ծրագրում ՀՀ-Սփյուռք հարաբերությունները տեսնում է միայն այդ կապիտալը Հայաստան բերելու շրջանակներում, հավաքել է 14 հազար 739 ձայն:  Հայկական վերածնունդ կուսակցությունն, ի նախընտրական ծրագրում նշելով Համահայկական խորհուրդ և Համահայկական խորհրդարան ունենալու անհրաժեշտությունը՝ սակայն չմանրամասնելով դրանց գործունեության ոչ մի մեխանիզմ, հավաքել է ընտրողների 58 հազար 265 քվե: Եվս մի չբացատրված համակարգի մասին է ամրագրված «ՕՐՕ» դաշինքի նախընտրական ծրագրում՝ ի դեմս «համաշխարհային հայության ամբողջականացված համակարգի»: Հիշեցնենք, որ դաշինքն արժանացել է 32 հազար 508 ընտրողի համակրանքին:

Պետք է ուշադրություն դարձնել, որ Խորհրդարան չանցած այս երեք ուժերն էլ Սփյուռքի մասով նոր գաղափարներ են առաջարկել, մինչդեռ դրա հետ մեկտեղ անորոշության բավական բարձր մակարդակ, քանի որ նշվածներից ոչ մեկի պարագայում չի բացատրվում առաջարկվող էլեմենտների գոնե հակիրճ բացատրություն:

Պետք է նշել, որ նորարարական տարրով է հանդես եկել նաև մեկ այլ՝ «Ելք» դաշինքը, որը, սակայն, ի տարբերություն նախորդիվ նշված երեք ուժերի, ունի բացված փակագծեր: Դաշինքը, մասնավորապես, առաջարկում է  ստեղծել Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ձևավորում, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը, ինչպես նաև Ներգաղթի և Սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը կլինի ԱԺ 6-րդ գումարման քաղաքական ուժ՝ հավաքելով 122 հազար 065 ձայն:

Սա, իհարկե, ոչ ամբողջական եզրակացություն է, քանի որ ընտրության որոշման կայացման վրա ոչ միայն նախընտրական ծրագրերն են ազդում, սակայն որոշակի եզրահանգման կարելի է գալ առ այն, որ ՀՀ քաղաքացին  Սփյուռքի հետ նոր, լիովին չճշտված, անորոշ հարաբերությունների կառուցման կողմնակիցը չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: