ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևելյան գործընկերությունն ավելի տեսանելի է դառնում քաղաքացիների համար

Շաբաթվա սկզբին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության նոր կառուցվածքի կյանքի կոչման առաջին հանդիպումը: Սա կարևոր գործընթաց է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱլԳ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, քանի որ համատեղ ուժերով փորձ է արվում հարմարեցնել Արևելյան գործընկերությունն առկա իրողություններին և նոր թափ հաղորդել համագործակցությանը:

2017թ. նոյեմբերին տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովի ժամանակ ամփոփվեցին անցած տարիների արդյունքները և սահմանվեցին հաջորդ 3 տարիների համար հիմնական գերակայությունները: Կարևոր է, որ տեղի ունեցավ մոտեցումների որոշակի փոփոխություն: Եթե իսկզբանե ԵՄ-ն ուներ ԱլԳ երկրների հետ աշխատանքի որոշակի «օրինակելի մեխանիզմ», որով փորձում էր առաջ շարժվել միաժամանակ բոլոր վեց երկրների հետ, ապա ժամանակի ընթացքում հասունացավ այն գիտակցումը, որ դա հնարավոր չէ: Դրա փոխարեն հիմքում դրվեց ԱլԳ անդամ երկրների հանդեպ տարբերակված մոտեցումը՝ հիմնված նրանց ակնկալիքների, ձգտումների և պատրաստակամության վրա: Այդ տրամաբանության ներքո հաջորդ տարիների համար սահմանվեցին համատեղ աշխատանքի հիմնական 20 ուղղություններ՝ 4 գերակայությունների շուրջ (ավելի ուժեղ տնտեսություն, ավելի ուժեղ կառավարում, ավելի սերտ փոխգործակցություն, ավելի ուժեղ հասարակություն), և որդեգրվեց արդյունքի վրա կենտրոնացած աշխատանքի մոտեցումը:

Ընտրվել են առավել հստակ, ավելի կոնկրետ նպատակներ, օրինակ՝ ներդաշնակեցնել թվային շուկաները, խթանել գործընկերների միջև առևտուրը, աջակցել հանրային կառավարման ոլորտում բարեփոխումներին, զարգացնել տրանսպորտային կապերը, ինտեգրել ԵՄ և ԱլԳ երկրների հետազոտական ծրագրերը և այլն: Միաժամանակ, ընդլայնվել է այս գործընթացում հասարակության տարբեր շերտերի ուղղակի ներգրավումը:

Ըստ էության, սա բազմակողմ համագործակցության ոլորտներն ու ուղղություններն են, իսկ ԵՄ հետ երկրներից յուրաքանչյուրի երկկողմ հարաբերությունները զարգանալու են առկա պայմանագրերի՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Ասոցացման համաձայնագրերի, և Հայաստանի ու ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Այժմ ԵՄ-ն ու ԱլԳ երկրները միասին մշակում են իրենց ընդհանուր տեսլականը, թե ինչին պետք է հասած լինեն մինչև տարեվերջին կայանալիք ԱլԳ Արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որպեսզի  կարողանան ընտրված 20 ուղղություններով արդյունքներ գրանցած մոտենալ 2020թ.-ին:

Տեղի ունեցող փոփոխությունները կարևոր են նրանով, որ ոչ թե ԵՄ-ն է թելադրում որոշակի «խաղի կանոններ», այլ ԱլԳ երկրները, այդ թվում՝ Հայաստանը,  իրենք են ԵՄ հետ միասին սահմանում իրենց անելիքներն այդ ուղղությամբ և իրենց առջև դրվող նպատակները: Իսկ դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Արևելյան գործընկերների համար՝ առաջ մղելու սեփական բարեփոխումները, հանդես գալու նախաձեռնություններով և մեծացնելու սեփական դերակատարումը տարածաշրջանում:

Կարելի է ակնկալել, որ գլոբալ քաղաքական հարցերից կոնկրետ առանձին քաղաքացու կյանքին առնչվող հարցերին անցումն ավելի տեսանելի կդարձնի ԱլԳ արդյունքները այդ երկրների քաղաքացիների համար: Միաժամանակ, պետք չէ մոռանալ, որ ԱլԳ-ն քաղաքական ծրագիր է, և ընդհանուր նպատակը քաղաքական է՝ ԵՄ հետ ԱլԳ վեց երկրների մերձեցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: