ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:

ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:

«Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,-ասել է Հակոբ Արշակյանը:

2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը:

«Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,-ասել է Հակոբ Արշակյանը:  Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:

Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: