ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 407.52 դրամ +0,52 EUR - 425.9 դրամ +0,9 RUB - 7.41 դրամ +0,41 GBP - 494.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն՝ առանց Ադրբեջանի համաձայնության ԼՂ չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը.

Ազգային ժողովի հարգելի նախագահություն,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի աշակերտներ,

Սիրելի ժողովուրդ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության շահագրգիռ քննարկումների համար: Բյուջեն երկրի առանցքային փաստաթղթերից է, և նրա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական հատկանիշները նախորդ հինգ ամիսների ընթացքում հրապարակային քննարկելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել: Այդ քննարկումներում առանձնակի տեղ է զբաղեցրել Արցախը և 2021 թվականի ընթացքում Հայաստանի կառավարության կողմից Արցախին հատկացված ֆինանսական աջակցությունը:

Այս համատեքստում պիտի նորից ընդգծեմ, որ 2021 թվականի ողջ ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ էր զարգացնում.

առաջինը՝ որ կառավարությունը միայնակ է թողել Արցախի և երկրորդը՝ նրանք պահանջում էին որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում: Հիշեցնեմ, որ այսօր ծայրահեղ ընդդիմության դիրքում գտնվում են մարդիկ, ովքեր 1998-2018 թվականները, այսինքն՝ 20 տարի, եղել են իշխանության ղեկին, և նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը:

Այսօր ցանկանում եմ որոշ մեկնաբանություններ անել թե՛ առաջին, և թե՛ երկրորդ պնդման վերաբերյալ:

Առաջին թեզը, կարծում եմ, հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով, որոնց մասին խոսել ենք մի քանի անգամ: 2021-2022 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության: Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձր է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած: Այս գումարից 57.8 մլրդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել: 2021 թվականին արդեն Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարած գումարն է:

Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել: Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության աջակցությունը Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոսով՝ 2019 թվականի համեմատ կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի՝ Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և 2021 թվականին Հայաստանի կառավարության աջակցությունն Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն: Այսինքն՝ 2021 թվականին միայն Հայաստանի աջակցության մասը Արցախին եղել է ավելի շատ, քան 2019 թվականին Արցախի ամբողջ բյուջեն միասին վերցրած:

2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ավարտը, հիշեցնեմ, 136 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացրել Արցախում: Այդ ժամանակահատվածում հենց Հայաստանի բյուջեից հատկացված միջոցներով են վճարվել Արցախի բոլոր բյուջետային հիմնարկների բոլոր աշխատողների բոլոր աշխատավարձերը, բոլոր կենսաթոշակները և նպաստները, հատուցվել առողջապահական և կրթական համակարգի ծախսերը: 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ողջ ընթացքում արցախցիների բոլոր կոմունալ ծախսերը նույնպես հատուցվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

2022 թվականին արդեն Արցախին Հայաստանի կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 մլրդ դրամ: Այսինքն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատությամբ, Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 մլրդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 102 մլրդ դրամով: Այս միջոցներով Արցախում կենսաթոշակների ու նպաստների շուրջ 20 տոկոսանոց բարձրացում է տեղի ունեցել: Տեղի է ունենում լայնածավալ բնակարանային շինարարություն:

Հարգելի գործընկերներ,

Այս ամենը մենք առանձնապես չենք էլ թմբկահարել, և կարծում եմ՝ ճիշտ ենք արել, որովհետև դա մեր աշխատանքն է, և Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել: Այս նպատակի՝ նկատի ունեմ Արցախ-Հայաստան հակասություններ սերմանելու համար արմատական ընդդիմությունը, որը, ինչպես ասացի, 1998-2018 թվականներին եղել է իշխանության ղեկին և Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի պատասխանատուն է հանդիսացել, փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանության տարիներին իրենք առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ռազմավարությամբ:

Եվ քանի որ այս իմաստով մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել. այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը և այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ «Դաշնակցությունը» Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով: Կրկնում եմ՝ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը, այսպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ «Դաշնակցությունը» Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով:

Բնականաբար, նման պատասխանատու հայտարարությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ ապացույցներով, և ես հիմա պատրաստվում եմ դրանք ներկայացնել: 1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված այսպես կոչված «Ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է՝ մեջբերում եմ - «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում» - մեջբերման ավարտ:

Երկրորդ մեջբերումը «Ընդհանուր պետություն» փաթեթից - «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները՝ որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով» - մեջբերման ավարտ: Այս մասին բնականաբար իմացել են Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը, և թե՛ «Դաշնակցությունը»: Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ընդհակառակը, վերը հիշատակված տարբերակը հիմք ընդունելով՝ նրանք ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ավելին, նրանք այս քայլով արհամարհել են 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ընդունած Անկախության հռչակագիրը և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն և նրա արդյունքները:

«Ընդհանուր պետություն» բանակցային փաթեթին հաջորդել է այսպես կոչված «տարածքների փոխանակման» փաթեթը, որի մասին նույնպես մի քանի անգամ խոսելու առիթ ունեցել եմ: Բայց այսօր էլ ուզում եմ ընդգծել, որ այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս: Ինչո՞ւ: Որովհետև նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում Լեռնային Ղարաբաղը: Այսինքն՝ եթե Հայաստանը պիտի իր ինքնիշխան տարածքի մի մասը հանձներ Ադրբեջանին՝ Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է՝ Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք: Այստեղ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք, կարծում եմ, նույնիսկ չկա, մանավանդ որ խնդրո առարկա նախագծում հենց ուղիղ էլ գրված է, որ Հայաստանը Մեղրիի շրջանն է տալիս, Ադրբեջանը՝ Լաչինի շրջանը, Շուշին և Լեռնային Ղարաբաղը: Ուշադրություն դարձրեք՝ Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին տվողը: Նշանակում է, որ Քոչարյանն ընդունել է, թե Ղարաբաղն Ադրբեջանինն է՝ Շուշիի և Լաչինի հետ միասին, ինչպես Մեղրին է Հայաստանինը, որն իր հերթին այն տալիս է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը ստանալու համար:

Այսինքն՝ բանակցային վերը նշված երկու հանրահայտ կոնցեպտների քննարկումով մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-«Դաշնակցություն» եռյակն իր իշխանավարության տարիներին մի դեպքում ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, իսկ երկրորդ պարագայում ընդունել է, թե Արցախն Ադրբեջանի կազմում է: Այս իրողություններն ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում: Այդ սկզբունքները, հիշեցնեմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից պաշտոնապես Հայաստանին և Ադրբեջանին են ներկայացվել 2007 թվականին Մադրիդում, և հայկական կողմը համաձայնել է դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք: Երբ դա տեղի ունեցավ, Ռոբերտ Քոչարյանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետ էր, «Դաշնակցությունն» էլ կառավարության մաս էր ու իշխող թիմի անդամ ու հենարան: Նկատի ունեմ՝ ինչպես բանակցային ողջ նախորդ ընթացքում, այդպես էլ Մադրիդյան սկզբունքների ընդունման ժամանակ նրանք համատեղ պատասխանատվություն էին կրում:

Եվ ահա արձանագրենք, որ Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս և բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն: Ինչպե՞ս է հիմնավորվում իմ ասածը: Ինչպես հայտնի է, Մադրիդյան սկզբունքներով սահմանվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պիտի որոշվի կողմերի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված ժամկետներում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով: Առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. այդ դեպքում ո՞ւր մնաց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անկախության հանրաքվեն: Եթե դու ասում ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, փաստորեն հայտարարում ես, որ անցյալում, այսինքն՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն կարգավիճակի առումով որոշիչ չի եղել: Եթե որոշիչ է եղել, ինչո՞ւ ես ասում, թե կարգավիճակը պիտի որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով: Իսկ եթե ասում ես, թե նախկինում տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակի հարցով որոշիչ չի եղել, փլուզում ես Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայկական ամբողջ խոսույթն ու բանաձևը:

Որովհետև հայկական կողմի ամբողջ ասելիքը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միանգամայն օրինական եղանակով, այն է՝ հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից։ Սա եղել է հայկական խոսույթը 1991 թվականից ի վեր, և ահա 2000-ականների կեսին Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյանի ձևակերպումները ընդունելով, Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան - «Դաշնակցություն» եռյակը փաստորեն Լեռնային Ղարաբաղը վերադարձրել է Ադրբեջանի կազմ, որովհետև ասել են, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակը չի որոշել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը այդ հանրաքվեով անկախություն չի ստացել, կարգավիճակ չի ստացել, և այդ կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով։

Ավելին, Մադրիդյան սկզբունքներով բացառվել է Լեռնային Ղարաբաղի չլինելը Ադրբեջանի կազմում: Ինչու՞: Որովհետև այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցում, այսինքն՝ ուներ հնարավորություն իր համար ոչ ցանկալի որևէ կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար, և դա կարելի է ցույց տալ կոնկրետ օրինակով։ Մադրիդյան փաթեթներով նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։ Ադրբեջանն ասում էր, որ հանրաքվե պետք է տեղի ունենա ոչ շուտ, քան 50 տարի անց, Հայաստանն ասում էր, թե համաձայն չէ Ադրբեջանի դիրքորոշումների հետ՝ հանրաքվեն պետք է տեղի ունենա 5 տարի անց, Ադրբեջանն ասում էր, որ համաձայն չէ Հայաստանի դիրքորոշման հետ։ Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ հանրաքվեն տեղի չէր ունենա ո՛չ 5 տարի անց, ո՛չ էլ 50 տարի անց, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չէր ունենա վերջնական կարգավիճակ։

Լեռնային Ղարաբաղը երբեք չէր ունենա նաև միջանկյալ կարգավիճակ, որովհետև միջանկյալ կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ: Իսկ Ադրբեջանը չէր համաձայնվում Լեռնային Ղարաբաղի այնպիսի միջանկյալ կարգավիճակի, որը հետագայում Ղարաբաղին կտար հնարավորություն լինել ոչ Ադրբեջանի կազմում։ Նաև պիտի ընդգծեմ, որ Մադրիդյան սկզբունքները երբեք չեն բացառել Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը կամ հաստատումը, վերահաստատումը Ադրբեջանի կազմում՝ որ բառն ուզում եք, ըստ ճաշակի ընտրեք։

Գիտեք, որ հայկական կողմը միշտ հպարտությամբ է ընդգծել, որ բանակցություններում քննարկվում է, որ հնարավոր հանրաքվեի դրվող հարցերը չեն կարող ունենալ ձևակերպման ոչ մի սահմանափակում և կարող են ենթադրել Լեռնային Ղարաբաղի ցանկացած կարգավիճակ։ Սա ինքնին նշանակում է, որ հանրաքվեի դրվող հարցը կարող էր ենթադրել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, որովհետև եթե ո՛չ կարգավիճակի, ո՛չ հարցի սահմանափակում չկա, հարցը կարող է լինել՝ համաձա՞յն եք արդյոք, որ Լեռնային Ղարաբաղը լինի վարչական շրջան Ադրբեջանի կազմում։ Սրան կարող է լինել հակափաստարկ, որ Լեռնային Ղարաբաղը նման հանրաքվեին «այո» չէր քվեարկի։ Իսկ ինչո՞ւ եք վստահ: Ինչպիսի՞ն էր լինելու Լեռնային Ղարաբաղը, եթե տեղի ունենար այն, ինչ նախատեսված էր բանակցային տրամաբանությամբ։ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները վերադառնում են, իսկ հանրաքվեն տեղի է ունենում 50 կամ 60 տարի անց: Ինչպիսի՞ն էր լինելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական վիճակը։ Եվ այստեղ կրկին տեղին է հակափաստարկը, որ մենք չէինք համաձայնվի 50 տարի անց կայանալիք հանրաքվեին։ Ինչպես արդեն վերը նշեցի, շատ լավ, Ադրբեջանն էլ չէր համաձայնվի 5 տարի հետո տեղի ունենալիք հանրաքվեին, ինչը կնշանակեր, որ ո՛չ 5 տարի անց, ո՛չ էլ 50 տարի անց հանրաքվե տեղի չի ունենալու։

Ամփոփելով ընդգծեմ, որ իմ ժառանգած, մեր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն՝ առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ, ներառյալ միջանկյալը, և հենց սրանում է եղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրման տրամաբանությունը։ Որովհետև եթե դու ուզում ես ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ անկախություն ստանալ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը չխախտելով, ինչը դրված է Մադրիդյան սկզբունքների հիմքում, դրա միակ ճանապարհն այն է, որ տարածքային ամբողջականության սուբյեկտը համաձայնվի քո անկախության հետ։

Սա է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը, ինչի վերաբերյալ նրանք ինձ ասել են անձամբ, և ինչը երևում է բանակցային գործընթացի ողջ պատմությունից, որից բխում է թե Լեռնային Ղարաբաղը հանրաքվե անելու համար պիտի ստանար Ադրբեջանի թույլտվությունը։ Եթե Լեռնային Ղարաբաղը չեք ճանաչել Ադրբեջանի մաս, ինչո՞ւ եք նրա թույլտվությունը հայցում հանրաքվե անելու համար, այն էլ՝ 1991 թվականի հանրաքվեն չեղյալ անելու գնով։

Ընդ որում, Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում է տեղի ունենալու: Սրա մասին էլ եմ մի քանի անգամ խոսել։ Ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին, ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը համաժողովրդականի կազմում է։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն ասելով՝ նկատի է առնվում բանակցային տրամաբանությամբ ԼՂԻՄ նախկին հայեր ու ադրբեջանցիներ միասին վերցրած։

Ուզում եմ անդրադառնալ այն փաստին, որ այսօր շատերը մեզ քննադատում են, այն բանի համար, որ մենք անընդունելի չենք համարում Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը։ Բայց մեզ դրա համար քննադատողները մոռացել են, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես բազմիցս ասել եմ, ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը Հայաստանի Գերագույն խորհրդում վավերացվել է 1992 թվականին: Այդ ժամանակ, ի դեպ, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը եղել են Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:

Հաջորդը՝ արմատական ընդդիմությունն Ադրբեջանի տարածքային սկզբունքը ճանաչել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում: Նախ՝ «Ընդհանուր պետություն» առաջարկը որպես բանակցությունների հիմք ընդունելով, տարածքների փոխանակման հայեցակարգով՝ այնպես, ինչպես նկարագրեցի վերը, և Մադրիդյան փաթեթով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սկզբունքների շարքում ընդունելով նաև տարածքային ամբողջականությունը: Սրանք բոլորը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Դաշնակցության ընդունած սկզբունքներն են:

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է նաև 2010 թվականին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, երբ արձանագրել է, որ Սոթք-Մեղրի հատվածի հայաստանյան բնակավայրերը դեպի հյուսիս-արևելք և դեպի արևելք սահմանակցում են Ադրբեջանի և ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ բոլոր այդ տարածքները համարվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բայց օրենքի ընդունման պահին խորհրդարանական մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն և Դաշնակցությունը արհամարհել են Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը, և այն, ինչ այդ Սահմանադրությամբ համարվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, նրանք ճանաչել են որպես ադրբեջանական հանրապետություն:

Սա է, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այդ մարդկանց՝ 20 տարի վարած բանակցությունների բովանդակությունն ու ժառանգությունը: Եվ ահա այսպիսի բանակցային ժառանգությունն է պատերազմի հիմքեր ու պատերազմական կոնտեքստ ստեղծել և պատերազմի պատճառ դարձել: Բա եթե մենք ենք պատերազմի պատճառը, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 17-ին, կրկնում եմ արդեն չգիտեմ որերորդ անգամ, այս ամբիոնից հայտարարում՝ մեջբերում եմ - «Այս առումով, մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» - մեջբերման ավարտ:

Եթե մենք ենք բանակցությունները փակուղի մտցրել, ինչո՞ւ էր այդ նույն Սերժ Սարգսյանը այդ նույն օրը այդ նույն ամբիոնից հայտարարում՝ կրկին մեջբերում եմ -«Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց, ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար» - մեջբերման ավարտ:

Մինչդեռ, հարգելի գործընկերներ, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը պետք է շատ հստակ պատասխան տա՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի պահանջներ ներկայացնելու հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում՝ ի հեճուկս այն բանի, որ նրանք, այսինքն՝ Հայաստանի նախկին իշխանությունները, երկար տարիներ համոզում էին, թե բանակցությունները նորմալ են ընթանում, և մենք շարժվում ենք դեպի մեր նպատակների իրագործում:

Իրականում, սակայն, վերը նկարագրված բանակցային իրական բովանդակությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում: Վկայում է այն մասին, որ նրանք արտաքին աշխարհի հետ հարաբերություններում իրենց իշխանությունը պաշտպանել են՝ Արցախն ընդունելով Ադրբեջանի կազմում, կազմաքանդելով Ղարաբաղի հարցի հայկական հայեցակարգը, ինչի ամենագործնական արտահայտությունը դարձավ 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը, իսկ ներսում կեղծ և ականջահաճո ճոռոմաբանություն են կիրառել ոչ թե Արցախի շահերը, այլ սեփական իշխանությունը պաշտպանելու նպատակով: Որովհետև հանուն Արցախի հայ ժողովուրդը շատ զոհողությունների է պատրաստ եղել, հանդուրժել է շատ բաներ, միայն թե Արցախի հարցը հասնի իր լրումին:

2018 թվականի հեղափոխության խորքային պատճառներից մեկը սա էր թերևս, երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, 2016-2018 թվականներին Լեռնային Ղարաբաղի հարցով Սերժ Սարգսյանի արած մի շարք հայտարարություններից հետո մարդիկ հասկացան, որ խաբված են նաև այս հարցում: Թերևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մարդիկ վերջնականապես հասկացան, որ իրենց 25-ամյա զոհողությունները հայոց բանակի և պետականության հզորացմանը չեն ծառայել, այլ մի շարք ձեզ հայտնի մարդկանց հարստացմանը և ոսկեզօծ կյանքին: Մարդիկ հասկացան, որ իրենց զոհողությունները ոչ թե պետություն և բանակ են դարձել, այլ եվրոպական ու ամերիկյան անշարժ գույք, օֆշորներում ծվարած արտարժութային հաշիվներ:

Այսօր շատերն են զարմացած, թե 2020 թվականի աղետալի պատերազմից հետո մենք, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես և ինչու կարող էր հաղթել ընտրություններում: Իսկ պատճառը մեկն է՝ մարդիկ տեսել են, և դա եղել է իրենց աչքի առաջ, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո մենք Ղարաբաղի հարցի հայկական բովանդակությունը փրկելու հուսահատ կռիվ ենք տվել, և մեզ վրա ենք վերցրել պարտության պատասխանատվությունը: Ու չնայած մեզ վրա ենք վերցրել պարտության պատասխանատվությունը, արդարամիտ հայ ժողովուրդը, եթե ոչ տեղեկատվությամբ, առնվազն զգացողությամբ հասկացել է, որ այդ պարտությունը մեկ կամ երկու տարում չի ծնվել, այլ 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում: Մարդիկ հասկացել են, որ պարտության զանգը 2020 թվականի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմն անառիկ համարվող բարձունք կորցրեց և անառիկ համարվող տարածքներ: Դրանից առաջ ուղղաթիռ էր կորցրել, զոհերի հանգեցրած դիվերսիոն գործողություններ էին տեղի ունեցել:

2013-2015 թվականներին հրադադարի ռեժիմի ավելի քան 80 000 խախտում է եղել հայ-ադրբեջանական շփման գծում: 80 000 խախտում: Եվ նրանք սա անվանում են խաղաղություն: 1994-2018 թվականներին հազարավոր զինվորներ են զոհվել: Տարբեր պայմաններում: Եվ նրանք սա անվանում են խաղաղություն: Թե իբր խաղաղություն են ապահովել Հայաստանի ու Արցախի համար: Եթե նույնիսկ 1998-2018 թվականների ստատուս քվոն խաղաղություն համարենք, այդ խաղաղությունը նրանք չեն ապահովել, այլ աշխարհաքաղաքական իրադրությունը: Իսկ 2011-2014 թվականներին Սիրիայից մինչև Ուկրաինա տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումներն անխուսափելի դարձրին պայթյունը, փլուզումը: Բայց սա հետագայի և թերևս պատմության քննության նյութ է, որովհետև տեսանելի ապագայում տեղի ունեցածի մասին հնարավոր չի լինի բաց և շիտակ արտահայտվել:

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի գործընկերներ,

Այս ամենը, սակայն, չեմ ասում անցյալի մասին խոսելու համար: Այս խոսակցությունն իրականում ապագայի մասին է: Մենք, այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը և նրա ձևավորած կառավարությունը, դրսում և ներսում կեղծիքներով մեր իշխանությունը պաշտպանելու խնդիր չունենք: Որովհետև մենք մեր իշխանությունն ստացել ենք մեր ժողովրդից և պարտավոր ենք ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով: Եվ մենք խոսել ենք, խոսում ենք և շարունակելու ենք խոսել ճշմարտության լեզվով: Իսկ ճշմարտության լեզուն պահելու համար հարկավոր է, անհրաժեշտ է, որ կառավարությունը խուսափի բանակցային բովանդակության և հանրության հետ հաղորդակցության բովանդակության միջև անհաղթահարելի ճեղքեր առաջացնելու քաղաքականությունից: Եվ, իմիջիայլոց, իմ ելույթի քննադատության առանցքային թիրախը հենց սա է, երբ իրական, հետևողական և գիտակցաբար ճեղք է առաջացվել բանակցային բովանդակության և հանրության հետ այդ բանակցային բովանդակությունը կիսելու առումով:

Իրականությունը, իրողությունները որքան էլ դժվար ընկալելի լինեն, պետք է հասանելի դառնան հանրությանը: Այս է պատճառը, որ հանրայնացնում եմ նախորդ շրջանի ողջ բանակցային բովանդակությունը, որ բոլորին պարզ և հասկանալի լինի այն դաշտը, որում մենք գործել ենք և որում շարունակում ենք գործել: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ պիտի արձանագրեմ, որ վերը նշված փաստերն ու փաստարկները մեզ պիտի բերեն որոշակի հետևությունների: Ի՞նչ հետևություն ենք մենք արել: Այս մասին հայտարարել եմ դեռևս ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումներում՝ ասելով, որ եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները: Սա մի խոսույթ է, որ հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները և Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը: Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար:

Սա է իրականում այսօրվա հիմնական ասելիքը, սիրելի հայրենակիցներ, կամ ավելի ճիշտ, այն, ինչ բխում է սրանից:

Իսկ այդ ասելիքը հետևյալն է, որ ամենևին էլ առաջին անգամ պիտի չհնչեցնեմ. հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև, ըստ էության, ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում: Այդ 2021 թվականի հունվարին էր մեզ թվում, թե մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում: Պարզվեց, կարելի էր կռահել, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով: Դուք կարող եք տեսնել, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ, ցավոք, և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է:

Ի՞նչ է նշանակում համապարփակ խաղաղություն. դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված: Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանանք, կստացվի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է:

Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու, չնայած այն բանին, որ, ինչպես ասացի, հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ: Բայց մեկ բան հաստատ կարող եմ երաշխավորել՝ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի կործանման, և մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող: Եվ ուրեմն՝ հայ ժողովրդին, Հայաստանի ժողովրդին կոչ եմ անում համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, հայոց պետականության և նրա շահերի շուրջ, որովհետև չկա ավելի կարևոր ու բարձր բան, քան Հայաստանի Հանրապետությունը և նրա պետական շահերը:

Եվ ուրեմն՝

կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Փա՛ռք մեր նահատակներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,6 կմ/ժ
19 C°
 
31°  18° 
06.07.2022
32°  19° 
07.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: