ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.04 դրամ +0,04 EUR - 390.29 դրամ +0,29 RUB - 6.99 դրամ +0,99 GBP - 434.69 դրամ +0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գործադիրը 4.3 մլրդ դրամ է հատկացրել ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար։ Ըստ այդմ, առաջարկվում է պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար հատկացնել 4.3 մլրդ դրամ: Որոշման ընդունումը պայմանավորված է՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Դիլիջանի ոլորաններ), Մ-13-Անգեղակոտ-Նախիջևանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Անգեղակոթ, Շաղարտ), Գյումրի Արևիկ-Այգեբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի (Այգեբաց, Վարդաքար), Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի ավտոճանապարհի համապատասխան հատվածների հիմնանորոգման և Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի ասֆալտապատման (Արթիկ) համար կնքված պայմանագրերի շրջանակներում ՀՀ կառավարության որոշման հիման վրա կնքված համաձայնագրերով նախատեսված աշխատանքների ավարտման և դրանց համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է նաև ավարտին հասցնել 2021-2022 թթ. փոխանցիկ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածների՝ Արենի, Ելփին, Չիվա և Շաքի, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ) - Գառնի -Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածի (Գառնի, Գողթ) հիմնանորոգման, 2021թ-ից անավարտ Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի և հատվածների (Ամասիա, Ցողամարգ) հիմնանորոգման և 2020թ-ից անավարտ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածի (Ապարան) հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր առմամբ խոսքը 53,1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի մասին է, որից 35,4 կմ՝ 2021 թվականին սկսված և դեռևս չավարտված ճանապարհներն են, իսկ 17.7կմ-ի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն այս տարի: Դրանցից 8 կմ միջպետական նշանակության ավտոճանապարհներ են, 1.4 կմ՝ հանրապետական նշանակության, 8.3 կմ՝ մարզային (տեղական) նշանակության: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 4,267,513,127 դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 4,183,898,292 դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 55,864,887 դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 27,749,948 դրամ։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է շինաշխատանքները որակով իրականացնելու կարևորությունը և նշել. «Մենք անորակ աշխատանք որևէ պարագայում չպետք է հանդուրժենք: Եվ այստեղ պետք է շատ սկզբունքային մոտեցում ցուցաբերվի: Նաև անհրաժետ է մշակել կարգ շարունակաբար անորակ աշխատանք իրականացնող ընկերությունների համար: Պետք է նաև համապատասխան վերաբերմունք ձևավորել նման ընկերությունների նկատմամբ: Ճիշտ է, մենք պարտադրում ենք թերությունը վերացնել, սակայն ժամանակ ենք կորցնում»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետական գնումների համակարգով պարտավորությունները չկատարելու հիմքով նման ընկերությունները հայտվում են «սև ցուցակում», որից հետո սահմանափակվում է նրանց հետագա մասնակությունը: «Սակայն ներկայումս մշակվում է նոր կարգ, որը առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը: Ըստ այդմ նախատեսվում է, որ առանձին դեպքերում մրցույթը կամ գնումն անցկացնել գնման առարկան ըստ արդյունքի նկարագրելու եղանակով: Դա արագացված ընթացակարգ է, սկզբում մենք դա կկիրառենք միայն հրատապ դեպքերում: Բայց այդտեղ անկյունաքարային նշանակություն ունի կազմակերպության հեղինակությունը: Ունենալու են կազմակերպությունների կարճ ցուցակ, որտեղ կներառվեն այն կազմակերպոըւթյունները, որոք անցյալ պատվերների ընթացքում իրենց ճիշտ են դրսևորել»,-ասել է նախարարը: Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում սահմանված են նաև պատասխանատվության միջոցներ, տուգանքներ պայմանագրային պարտավորությունները ժամանակին չկատարող ընկերությունների համար:

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է ընկերությունների վարկանիշավորման կարգ մշակելու անհրաժեշտությունը: «Այսօր հսկայական ծավալի աշխատանքներ են իրականացվում. ֆինանսավորում է կառավարությունը, իրականացնում է մասնավոր հատվածը: Եվ մենք ուրախ ենք, որ մասնավոր հատվածը նաև եկամուտներ է ստանում, բայց կատարվածի և չկատարվածի պատասխանատվությունը կրում է կառավարությունը: Մենք պետք է այնպիսի համակարգ մտածենք, որպեսզի ռեյտինգավորենք ընկերություններին, որովհետև շինարարի վարքագիծն այստեղ շատ կարևոր է: Մենք պետք է կարողանանք նաև որոշակի վարքագիծ պարտադրել այդ ընկերություններին»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև խստացնել պայմանագրային պարտավորությունները խախտող ընկերությունների համար նախատեսված պատասխանատվության միջոցները:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընգծել է աշխատանքների որակի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու կարևորությունը. «Մենք պետք է նաև լավ աշխատանք կատարողներին քաջալերենք: Ռեյտինգավորում լինելու դեպքում, որակով աշխատանք կատարած ընկերությունները կդառնան կառավարության գործընկերները»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ որակի նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում. «53 կմ-ից 35-ը 2021 թվականին մեկնարկած աշխատանքներ են: Մենք նայել են, թերություններ ենք գտել և աշխատանքը չենք ընդունել ու չենք վճարել»:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հատկապես խոստացված ծրագրերի իրականացումը. «Մենք, իհարկե, բոլոր ճանապարհներն ենք կառուցելու, բայց այնտեղ, որտեղ խոստացել ենք՝ առաջնահերթություն են: Այսինքն՝ նախընտրական շրջանում ինչ խոստացել ենք, պետք է հատ-հատ իրականացնենք: Սա զուտ քաղաքական դիվիդենդի հարց չէ, սա մարդկանց նկատմամբ հարգանքի հարց է: Եթե խոսատացել ենք, ապա պատշաճ ժամանակում պետք է իրականացնեք»:

ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 268,5 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարության որոշմամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 268,519.5 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար: ՀՀ 18 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 20 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ հիմնականում այդ ծրագրերը ավարտվել են: «2022 թվականի հունվարից սկսած մենք արդեն 229 ծրագրի համար 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք և ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում: Ընդհանուր, այս տարի, հունիսի 17-ի դրությամբ՝ 249 ծրագիր ավարտում ենք, և 5.9 միլիարդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ Արարատի մարզում իրականացվել է 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամի հատկացմամբ, Արմավիրի մարզում՝ 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամի շրջանակներում, Գեղարքունիքում 5 ծրագիր ՝158 միլիոնով, Կոտայքում 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամով, Լոռու մարզում 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամով, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 4.6 միլիոնով, Սյունիքում 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ հատկացմամբ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կատարված սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես, Արարատի մարզի Հայանիստ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում է իրականացվել. տեղադրվել է 267 հենասյուն ընդհանուր 8 կմ տարածության վրա: Հայանիստ համայնքի համայնքապետարանի վարչական շենքն է հիմնանորոգվել: Հիմնանորոգվել է Այգեզարդ համայնքի համայնքապետարանի շենքը, բարեկարգվել է համայնքապետարանի շենքի հարակից տարածքը և զբոսայգին: Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 1-ին, 3-րդ, 9-րդ և 13-րդ փողոցների խմելու, ջրամատակարարման ցանցը 1850 գծամետր աշխատանքն է իրականացվել. շահառուների թիվը՝ 150 տնտեսություն, 350 բնակիչ: Լոկաշին համայնքում իրականացվել է Հունան Ավետիսյան փողոցն է քարապատվել: Այդ ճանապարհահատվածի վրա են գտնվում մանկապարտեզը, փոստային բաժանմունքը, համայնքապետարանը, վերանորոգված ճանապարհի երկարությունը՝ 400 մետր, ծածկի տիպը՝ իրականացվել է տուֆից:

Վարչապետը նշել է նաև, որ նախորդ շաբաթ Արարատի մարզ այցի ընթացքում նկատել է, որ ծավալուն աշխատանքներ են իրականացվել. «Այն, ինչ տեսանք, շատ ուրախալի էր. աշխատանքները պատշաճ որակով են իրականացվում: Դրական տպավորություններով և լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից և պլանավորում ենք բոլոր մարզեր նման այցեր կատարել»:

Նիկոլ Փաշինյանը կարևորելով է նաև սուբվենցիոն ծրագրերով կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ ավազանների կառուցումը. «Հաջորդը ուզում եմ խոսել գյուղական փողոցների սալարկման ծրագրի մասին: Որովհետև ի սկզբանե մենք այդ ծրագրով շատ ոգևորված էինք, հետո եկան ազդակներ, որ այդ ծրագիրն այդքան էլ լավը չէ: Բայց ես մի քանի գյուղական բնակավայրերում լինելով՝ համոզվել եմ, որ մեր գյուղերը ցեխից ազատելու միակ ճանապարհը դա է», -ասել է կառավարության ղեկավարը:

Գնել Սանոսյանը նշել է նաև, որ 2022 թվականին ստացվել է սուբվենցիոն ծրագրերի 461 խոշոր հայտ, որից 319-ն արդեն քննարկվել է, մերժվել է 2-ը: Քննարկվածների արդյունքով արդեն իսկ 30 մլրդ դրամից ավելի արժողությամբ ծրագիր է հաստատվել: Նախարարը հայտնել է նաև կարգում նախատեսվող փոփոխությունների մասին. «Այդ փոփոխությունները կնպաստեն սուբվենցիոն ծրագրերի շինաշախատանքներն ավելի վաղ սկսելուն: Առաջիկայում նախատեսվում է կարգը փոխել, 2023 թվականի սուբվենցոին ծրագրերի հայտերը կսկսենք ընդունել հիմա, համայնքները մինչև հուլիսի 10-ը հայտերը կուղարկեն մարզպետարաններ, հուլիսի 10-15 մարզպետարանները կուղարկեն նախարարություն: Եվ մենք նախատեսում ենք այդ ամբողջ փուլը ավարտել մինչև նոյեմբերի 25-ը: Մրցույթները նախատեսվում են նոյեմբերից ձմռան ամիսների ընթացքում, իսկ գարնանն արդեն կմեկնարկեն շինաշախատանքները»:

Նիկոլ Փաշինյանն արդադարձել է նաև փոփոխված կարգավորումներին և նշել. «Նախկին կարգավորումներով համայնքներն իրենց բյուջեներն ընդունում էին ընթացիկ տարվա հունվարին: Սա պրոբլեմներ էր առաջացնում, որովհետև մենք սուբվենցիաները պետական բյուջեում պլանավորում ենք, ասենք՝ 20 մլրդ դրամ ենք նախատեսում առանց հստակ իմանալու, թե հաջորդ տարի ինչ ծրագրեր են իրականացվում: Քանի որ համայնքը բյուջեն ընդունում է հունվարին, բնականաբար, հունվարից հետո նոր սկսում էին քննարկել, թե ինչ սուբվենցիոն ծրագրեր իրականացնեն: Այդ ծրագրերը մինչև ներկայացնում էին մայիսին կառավարություն, դա նշանակում էր, որ շատ մարզերում, օրինակ՝ արդեն շինարարության սեզոնն ապրիլին սկսվել է: Մայիսին նոր նախագծեր են ներկայացվում, հունիսին-օգոստոսին դրանք հաստատվում են և բավականին ժամանակ էինք կորցնում: Բնականաբար, այստեղ պլանավորման շատ մեծ խնդիրներ էր առաջանում և այդ առումով, կարծում եմ, որ իսկապես կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ են»:

Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ» -ի հիմնման աշխատանքները կտևեն 3 տարի

Վարչապետը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի կառուցման ծրագրի իրականացմանը: «Գիտեք, որ մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում՝ մեր նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում: Մենք այդ նախագիծն անվանել ենք «Կյանքի պուրակ»: Եվ մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան ընտանիքներով, ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն: Դա պետք է ընգծի կյանքի, այլ ոչ թե մահվան տրամաբանությունը»,-ասել է կառավարության ղեկավարը և Վարչապետի աշխատաակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքվել, թե որ փուլում է գտնվում աշխատանքը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած տարվա աշնանից իրականացվել են նախագծման աշխատանքներ, անցկացվել են խորհրդակցություններ. «Նախագծման աշխատանքներն ավարտվել են: Ինձ տեղեկացրել են, որ երկու օր առաջ նախագիծը պաշտոնապես փոխանցվել է ՏԿԵՆ-ին: Առաջիկայում՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում, կունենանք փորձագիտական կարծիքը, և արդեն կկարողանանք շինարարական աշխատանքի մրցույթը հայտարարել: Տեղեկացնեմ, որ ամբողջությամբ ոռոգման նոր համակարգ ենք այնտեղ կառուցելու: Նոր խողովակաշար է կառուցվելու մի քանի կմ երկարությամբ: Այս նախագծի ընդհանուր գումարը կկազմի 4.2 մլրդ դրամ, որից 200 մլն հենց այդ խողովակաշարն է: Իսկ մնացածը շինարարական աշխատանքներն են: Այսինքն՝ այս պահին 1-1,5 ամիս ժամանակահատվածում կունենանք վերջնական նախագիծը, մրցույթ կհայտարարենք, իսկ շինարարությունը կտևի երեք տարի»:

Կառավարությունը 338 մլն 100 հազար դրամ է հատկացրել սպորտային նպաստներ տրամադրելու համար

Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 338 մլն 100 հազար դրամ՝ «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման համար: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերին և ֆեդերացիաների 2022 թ. օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ լավագունս մասնակցելու համար։ Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստը հատկացնել Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներին, օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից։ Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան: Որոշման ընդունումը կնպաստի «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին և վարկանիշային մրցաշարերին Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի հավաքական թիմերի լավագույնս նախապատրաստվելուն և մասնակցության ապահովմանը, ինչպես նաև բարձր արդյունքների ձեռքբերմանը՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության վարկանիշը համաշխարհային մրցահարթակներում:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հանրապետությունում սպորտի զարգացման կարևորությունը բոլոր առումներով. «Դա և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛զուտ մարզական հարց է: Գիտեք, որ, ցավոք, սպորտի ներկայացուցիչների աջակցության համակարգն ինստիտուցիոնալ չի եղել: Դրանք շատ դեպքերում եղել են հատվածական, շատ դեպքերում՝ հայեցողական, չափանիշները շատ տարածական: Եվ մենք որոշել ենք սա նույնպես դարձնենք ինստիտուցիոնալ: Այսինքն՝ կանխատեսելի լինի: Այս որոշումը կոնկրետ վերաբերում է գործող մարզիկներին: Նրանք, ովքեր շարունակում են լինել մեծ սպորտի մեջ: Օլիմպիականների համար մենք առանձին կարգ ունենք և այդ կարգը գործում է: Եվ ըստ այդմ՝ օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500.000 դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400.000 դրամ: Խոսքն այս պահին տիտղոսակիր մարզիկների մասին է: Օլիմպիական վարկանիշային մրցաշարերի հաղթողները կստանան 300.000 դրամ նպաստ, Աշխարհի առաջնությունների հաղթողները՝ առաջին տեղը՝ 500.000 դրամ, երկրորդ տեղը՝ 400.000 դրամ, 3-րդ տեղը՝ 300.000 դրամ: Եվրոպայի առաջնություն՝ 400.000 դրամ, երկրորդ տեղը՝ 300.000 դրամ, 3-րդ տեղը՝ 200.000 դրամ: օլիմպիական խաղերի կամ աշխարհի առաջնության 4-րդ տեղի մարզիկներ՝ 150.000 դրամ: Երիտասարդական առաջնությունների առաջին տեղը՝ 200.000 դրամ, երկրորդ տեղը՝ 150.000 դրամ, երրորդ տեղը՝ 100.000 դրամ: Երիտասարդների Եվրոպայի առաջնության առաջին տեղը՝ 150.000 դրամ, երկրորդ տեղը՝100.000 դրամ, երրորդ տեղը՝ 75.000 դրամ: ՀՀ մեծահասկաների հավաքականների մարզիչներ-գլխավոր մարզիչ՝ 350.000 դրամ, 2-րդ մարզիչ՝ 250.000 դրամ, անձնական մարզիչ՝ 250.000 դրամ, բժիշկ՝ 250.000 դրամ: Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ՝ 200.000 դրամ, երկրորդ մարզիչ՝ 150.000 դրամ, անձնական մարզիչ՝ 150.000 դրամ և պատանիների ավագ մարզիչ՝ 200.000 դրամ, երկորդ մարզիչ՝ 150.000 դրամ»:

Վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կարգով նպաստներ են նախատեսված նաև 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկների համար. «Սա նշանակում է, որ մենք աջակցում ենք ոչ միայն նրանց, ովքեր արդեն հաջողությունների հասել են, այլև նրանց, ովքեր հաջողության հասնելու համար ունեն մեր աջակցության կարիքը և անհրաժեշտությունը»:

Կսահմանվեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Ըստ հիմնավորման, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ ,օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար: Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերը ընդունելու պայմաններ: Արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն տարիքով ավելի նոր և միանման արտաքին տեսքի ավտոմոբիլներ: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները:

Կբարձրացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների վճարման գործընթացի արդյունավետությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն շահառուներին հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ըստ շահառուների կարգավիճակի վճարված դրոշմանիշային վճարի գումարների վերադարձման գործընթացը հստակեցնելու նպատակով: Որոշմամբ հստակեցվում են հատուցում ստացող շահառուի մահվան դեպքում անհրաժեշտ տեղեկատվության ստացման, այդ շահառուի մասով հատուցման գումարը այլ շահառուների մեջ բաժանելու և վճարելու, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ներառյալ նրանց, ովքեր հանդիսանում են նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար, հաշվետու օրացուցային տարվա համար դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու ժամկետների սկզբի և ավարտի որոշման ընթացակարգերը: Առաջարկվում է նաև այդ գործընթացում մի շարք փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջները չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են հիմնադրամի շահառուներ: Դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու համար անհրաժեշտ ժամկետ է սահմանվում մինչև 15 աշխատանքային օրը։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 77,532.4 հազար դրամ կհատկացնի Սիսիանի համայնքապետարանին՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թ. Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։ Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։ Մեկ միավորի համար (սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։

Քանաքեռ-Զեյթունում գտնվող պետական գույքը ներկայացվել է օտարման՝ մրցույթով

Կառավարության որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը կներկայացվի օտարման՝ մրցույթով: Օտարման առաջարկվող գույքը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թ., այն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ 2020թ. գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Ըստ այդմ, առաջարկվում է անշարժ գույքը կրկին ներկայացնել օտարման՝ մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 592 490 000 դրամ։ Գույքի զբաղեցրած, օգտագորշման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը կազմում է 309 497 262 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 1 726 860 դրամ գումարը։ Սահմանվել է նաև, որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 3 տարիների ընթացքում:

Գործադիրն ընդունել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, ընկերության գործունեության հիմնական տեսակը վերականգնողական բուժումն է: Գիտահետազոտական ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում և ենթակա է մասնավորեցման: Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման. մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով, որ ընկերության բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմում է 5,023,162.620 հազ. դրամ առաջարկվում է՝ ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսը։

Անշարժ գույքի գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանվել նոր չափանիշներ

Կառավարությունը սահմանել է Մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներից: Ըստ այդմ, կանոնադրությամբ հանձնաժողովի գնահատող անդամ լինելու համար սահմանվում են նոր չափանիշներ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել որակավորման վկայական ունեցող այն գնահատողները: Կանոնադրությամբ սահմանվում են, որ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով օրենքով սահմանված ժամկետում կարող է առաջարկել մեկ գնահատողի թեկնածություն՝ պայմանավորված հանձնաժողովի կազմը օբյեկտիվ և անաչառ ձևավորվելու հանգամանքով։ Կանոնադրությունում նախատեսված են հանձնաժողովի անդամին վաղաժամկետ ազատման դրույթներ, որոնք կոչված են ապահովելու հանձնաժողովի գնահատող անդամների՝ կանոնադրությամբ իրենց վերապահված պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև դրանց կատարման թերացման համար ենթարկել պատասխանատվության: Հստակեցված են հանձնաժողովի նախագահի, քարտուղարի, գնահատող անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց նկատմամբ կանոնադրությամբ կիրառվող սահմանափակումները:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներից ելնելով՝ գործադիրը սահմանել է նաև Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը: Ըստ այդմ, ընդլայնվելու են գնահատման պարտադիր դեպքերը, որոնցից անշարժ գույքերի նկատմամբ լիազոր մարմնի կողմից իրականացվելու է տվյալների բազայի վարում: Գնահատման կազմակերպություններին ներկայացվելու են որոշակի պահանջներ: Սահմանվելու են որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշներ, ինչպես նաև պատասխանատվության սահմանում նաև կազմակերպության համար: Հանձնաժողովի գնահատող անդամները գնահատման հաշվետվությունները պետք է ուսումնասիրեն առանց գնահատումը նույնականացնող տվյալների, այսինքն գնահատման հաշվետվությունն ուսումնասիրող հանձնաժողովի գնահատող անդամը չի կարող պարզել թե, գնահատման հաշվետվությունը, որ գնահատողի կողմից է կազմված կամ, որ գնահատման կազմակերպության կողմից է հաստատված, արդյունքում բարձրացնելով հաշվետվությունների ուսումնասիրության նկատմամբ օբյեկտիվությունը և առավելագույնս բացառելով ուսումնասիրությունների արդյունքների նկատմամբ ոչ իրավաչափ ազդեցությունը կամ կողմնակալությունը: Կարգում մանրամասն անդրադարձ է արված հանձնաժողովի նախնական եզրակացության կազմման առանձնահատկություններին, հատուկ կարծիքի հասկացությանը, որը թույլ կտա հանձնաժողովի գնահատող անդամին ունենալ հատուկ կարծիք, որը կտարբերվի հանձնաժողովի մնացած անդամների կարծիքից և կներառվի նախնական եզրակացությունում:

Այլ որոշումներ

Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. կհստակեցվի, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Ընդ որում, առաջարկվում է հետադարձություն տալ առաջարկվող դրույթին՝ այն տարածելով խնդրո առարկա միջոցառման մեկնարկման ժամկետից։

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Գեղարքունիքի մարզի Ծակքարի միջնակարգ դպրոցի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքերի հրատապությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. մարտի 5-ին Ծակքար բնակավայրում տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով շրջվել և վնասվել է դպրոցի մեկ մասնաշենքի տանիքի տանիքը:

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի նպատակը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով, բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսումն է:

Գործադիրն ընդունել է մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին որոշում:

Կառավարության որոշմամբ Արամ Թանանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 12%
Քամի՝ 2,06 կմ/ժ
28 C°
 
30°  17° 
30.09.2022
29°  17° 
01.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: