ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թոքատի ոսկե ջրհորների գաղտնիքը

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

 

Պատմում է Նունե Բեքարյանը

 


Իմ հոր ընտանիքը, ինչպես Հայաստանում են ասում, գաղթականների ընտանիք է եղել: Նրանք Արևելյան Հայաստանում հայտնվել են 1924 թվականին, մինչ այդ ապրել են Արևմտյան Հայաստանում. Կիլիկիայի ջարդերից հետո գաղթել են Սեբաստիա և հիմնավորվել այնտեղ: Ես այս բոլոր պատմությունները լսել եմ տատիկիցս։ Ցեղասպանության ականատեսը նա դարձել էր յոթ տարեկանում:

Տատիկիս ընտանիքը մեծ հեղինակություն է վայելել Սեբաստիայում: Ունեցել են տներ և´ Սեբաստիայում, և´ Պոլսում: Սեբաստիային հարող փոքր Թոքատ գյուղում էլ ամառանոց են ունեցել: Տատիկիս հորական պապը հայտնի մարդ է եղել Սեբաստիայի եկեղեցական համայնքում, նրան Տեր Բզեկ են անվանել, ազգանունը Բզեկյան էր: Բնականաբար, որպես մեծ հեղինակություն վայելող մարդ՝ բազմաթիվ թուրք ընկերներ է ունեցել: Ջարդից առաջ ողջ գերդաստանով Թոքատում են եղել, երբ վիլայեթի բարձր պաշտոնյաներից մեկը, ինչպես տատիկս էր ասում՝ "երկրորդ մարդը", գալիս է Թոքատ և այցելում է տատիկիս պապին: Տատիկս պատմում էր, որ այդ ընթացքում մեծահասակները երկար նստել և զրուցել են: Տանտերերը թուրք պաշտոնյային սուրճ, անուշեղեն են հյուրասիրել, բայց նա հրաժարվել է: Ինչպես պատմում էր տատս, թուրքի հետ զրույցից հետո պապը սենյակից դուրս է եկել սևակնած, մթնած, ընտանիքի բոլոր անդամներին հավաքել է մեծ սենյակում, թենեքեներով՝ պղնձե մեծ սկուտեղներով, բերել է տան ողջ ոսկին և ասել. "Ով ինչքան կարող է, թող վրան առնի":      

Տատիկս ասում էր. "Դա մի բան էր, որ մեզ մինչ այդ թույլատրված չէր անել: Բոլորիս համար նաև թզաչափ ոսկե գինդեր կային պահված. այդ գինդերը բոլորիս ականջներին կախեցին:" Տատիս խոսքով իրենք լսել էին, թե ինչպես է թուրք պաշտոնյան ասել. "Տե՛ր Բզեկ, ջարդ է սպասվում, մեծ ջարդ: Դու հնար ունես, հարուստ մարդ ես, կարող ես ընտանիքդ հավաքել և փախչել":     

Տատս պատմում էր. " Մնացած ոսկիները պապս լցրեց տան ջրհորը, մեզ բոլորիս կանգնեցրեց ջրհորի պատի մոտ և ասաց` ով որ փրկվի, թող գա գտնի ոսկիները":      

Տատս պատմում էր, որ Թոքատի հայկական տներում ջրհորները տանն էին կառուցում, որպեսզի հարձակումների ժամանակ ստիպված չլինեն տանից դուրս գալ, բայց և կարողանան ջուր հանել:      

"Առավոտյան բոլորս գնացինք մեր տները, մի մասը՝ Սեբաստիա, մյուսներս՝ Պոլիս",- պատմում էր տատս:

Տատիկիս ընտանիքը գալիս է Պոլիս, նրա հայրը Պոլսում զինվորական պաշտոնյա է եղել: Տատս պատմում էր, որ լարվածություն էր զգացվում, տարբեր լուրեր էին պտտվում …մեծերը հավաքվում էին սենյակներում, խոսում էին, լացում էին, փոքրերին ներս չէին թողնում: "Մի օր հորս թուրք զինվոր ընկերներից մեկը գաղտնի եկավ մեր տուն: Քույրս՝ Սաթենիկը, ինձնից երկու տարի փոքր էր: Խառնաշփոթի մեջ մեր մասին մոռացան, և ես ականջ դրեցի: Լսեցի, որ զինվորականն ասաց, թե մի շաբաթվա ընթացքում այստեղ էլ է սկսվելու … "Ջարդը կամաց-կամաց գալիս է, կնոջդ վերցրո՛ւ և փախի՛ր: Դուք դեռ ջահել եք, երեխաներ կունենաք: Ո՞վ չգիտի, որ սրանք քո երեխաները չեն: Ես ամեն ինչ կկազմակերպեմ, որ դու Պոլսից դուրս գաս: Ես քո արած լավությունները չեմ մոռացել"", - հիշում էր տատս թուրք զինվորականի խոսքերը: Տատս մինչ այդ զրույցը չի իմացել, որ իրենք իրենց մոր առաջին ամուսնության զավակներն են, և, փաստորեն, իրենց հայրն այլ մարդ է, որին չեն էլ ճանաչել։ Շատ ազդված լսածից՝ տատս որոշում քրոջ հետ փախչել տանից։ 

"Մեր տան փողոցի վերջում ամերիկյան որբանոց կար, առավոտյան ես հագնվեցի, վերցրի քրոջս ու միասին գնացինք որբանոց: Մեզ որոշ ժամանակ փնտրելուց հետո գտան, հայրս խիստ բարկացավ, բայց հետո հասկացան, որ փրկվելու համար մեզ որբանոց տանելը լավագույն տարբերակն է, որի մասին մինչ այդ ոչ ոք չէր մտածել: Որբանոցից իմացան, թե մեզ ինչ ուղղությամբ են տանելու և խոստացան անպայման մեզ գտնել: Մայրս որքան հնարավոր էր ոսկի կախեց մեզ վրա ու պատվիրեց չափսոսալ՝ փոխել հացով, հագուստով… այն ամենով, ինչի կարիքը կունենանք: Այսպես մեզ Պոլսից ֆրանսիական նավերով տեղափոխեցին Սալոնիկ, որտեղ մնացինք մինչև 1924 թվականը: Հիշում եմ, որ նավ բարձրանալիս մի զինվորական քրոջս ականջից քաշեց ոսկե գինդը և ականջն էլ հետը պոկեց: Նրան մի կերպ վիրակապեցին և արնահոսելով նավ տեղափոխեցին:

Հայրս, ինչպես խոստացել էր, գտավ մեզ և մինչև կյանքի վերջը հարազատ երեխաների պես մեծացրեց։ Ցեղասպանության տարիների մասին հիշողությունները չէին լքում նրան",- պատմում էր տատս:

Տատս շատ լավ ֆրանսերեն և թուրքերեն գիտեր: Իր մտքերով միշտ Թոքատում էր: Ասում էր, որ մի օր անպայման գնալու և գտնելու է իրենց տունը: Մահվանից առաջ նույնիսկ հաջողել էր Թուրքիա մեկնելու թույլտվություն ստանալ, բայց չհասցրեց իրագործել երազանքը: Ինձ միշտ ասում էր, թե կարող է գծել իրենց տան հատակագիծը և նշել ջրհորի տեղը, որպեսզի ես կարողանամ գտնել իրենց ոսկիները…


Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: