ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Իրեն փրկած թուրքի տանը հայրս ապրել է 13 տարի"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։



Պատմում է ԱՄՆ-ի բնակիչ Օհաննես Քուլաք Ավետիքյանը:

Հորս անունը Մանուկ է, Մանուկ Գրիգորի Ավետիքյան. նա Կեսարիայի պատկառելի մարդկանցից էր այժմյան Յոզղատ կոչվող գավառում: Յոզղատի նահանգի Հյուռնէջ գյուղում, որն այժմ անվանում են Քոնուքլար (թուրք.` Հյուրընկալներ), կար հայկական դպրոց, եկեղեցի և քոլեջ: 

Հորս նախնիներն Անիից էին: Բայց երբ 1021 թ.-ին Սենեքերիմ թագավորը տեղափոխվում է Սեբաստիա, իմ նախնիները նույնպես ամենքի հետ միասին գաղթում են: 

Հորս գյուղի անունը Հյուռնէջ է, որ նշանակում է "հուրն իջել է անտառի մեջ": Մի բացատ է բացվել, այդ բացատում գյուղ են կառուցել: Այդ շրջանում մինչ այսօր անտառ կա: Կողքին Ակտա լեռն է, որտեղ 1915-ից հետո հայ ֆիդայիները պատերազմել են՝ թե՛ մորս, թե՛ հորս գերդաստանից:

Հորս գերդաստանը Ավետիքյան է. մեծ հորս անունը Ավետիք էր: Ավետիքը "ծուռ" մարդ էր, Սասնա ծռերի պես` հերոս: Մի անգամ մեծ հորս մոտ գալիս են տասանորդ հարկահավաքի, նա վճարում է, սակայն երբ նորից են գալիս հարկ հավաքելու, մեծ հայրս չի վճարում` ասելով, թե ինքն արդեն մեկ անգամ վճարել է: Հարկահավաքն ասում է, թե նորից պետք է տա, մեծ հայրս զայրանում և նրան ծեծում է: Միջադեպը հարթվում է, քանի որ պապս ծանոթ է ունենում: Սակայն որոշ ժամանակ անց այս հարկահավաքը կրկին գալիս է պապիս մոտ, արդեն փաշայի հովանու ներքո, Ավետիքը կրկին հրաժարվում է վճարել: Մեծ հայրս ծեծում է հարկահավաքին, նրան պատժում են` կտրելով ականջը, քանի որ հրաժարվում է հնազանդվել: Այդ պահից ի վեր մեր տոհմի մականունը Քուլաքսըզյան է` առանց ականջ:

1915-ին հայրս ընդամենը 12 տարեկան է եղել, երբ նրա աչքի առջև սպանել են պապիս, մեծ մորս, հորս քրոջն ու ավագ եղբորը:

… Հայրս ամեն գիշեր մղձավանջներ էր տեսնում` իր ընտանիքի սպանության տեսարաններով:

Մի թուրք՝ Շերքեթ անունով, ցանկանալով փրկել երեխաներին, վերցրել է հորս` Մանուկին, և նրա կրտսեր քրոջը` Դալիթային: Այդ մարդը, սակայն, ասել է, որ երեխաներն իր մոտ կարող են ապրել թրքացվելու դեպքում միայն: Մանուկը պետք է անունը փոխեր, դառնար Շերքեթ: Թուրքը որոշ ժամանակ պահել է հորս և նրա քրոջը: Որոշ ժամանակ անց հայրս Դալիթային հանձնել է մանկատուն: Ինքը, սակայն, չի գնացել:       Նա մտածում էր, որ հոր թողած հողերն իրեն են պատկանում և ցանկանում էր կրկին տիրել դրանց: Քույրը մանկատան մյուս երեխաների հետ տեղափոխվում է Բեյրութ, որտեղ էլ մեծանում և ամուսնանում է մի ռուս զինվորի հետ:      

Հայրս` Մանուկը, իրեն փրկած և ապաստան տված թուրքի մոտ ապրել է 13 տարի: Ամառներն արտում, ձմեռները ախոռում է ապրել: Ասում էր, որ այդ թուրքն իր տարիքի աղջիկ է ունեցել, որի հետ էլ մեծացել են: Այդ թուրքը նրան խորհուրդ է տվել տիրություն անել իր հոր հողերին:       Մի օր Մանուկը գնացել է հայրական տուն, որտեղ արտում ինչ-որ անծանոթի է հանդիպել, ով պնդել է, թե դրանք իր հողերն են: Մանուկին պահած թուրքը, խոսել է արտում հանդիպած անծանոթի հետ և ասել, որ երեխայի ամբողջ ընտանիքը սպանվել է, մի՞թե հնարավոր չէ գոնե հողերը թողնել նրան: Նրանք համաձայնության են եկել, և Մանուկը գնացել է այդ հողերի սեփականատիրոջ վկայականը ստանալու: Այնտեղ նրան ասել են, որ քանի որ իր հայրը ժամանակին չի հնազանդվել իշխանություններին, այդ հողերն այլևս իրեն չեն պատկանում, այլ պետության սեփականությունն են: Հայրս ժամանակին այդ թղթերն իր ձեռքով է այրել՝ ասելով, որ իրենից ամենը վերցրել են, ու թո՛ղ դա էլ իրենց մնա…

Մանուկի մյուս քույրը՝  Ծիածան անունով, մի թուրք կրոնականի հետ էր ամուսնացել, սակայն հաճախ էին հանդիպում հորս հետ: Հորաքրոջս թուրք ամուսինն էլ մի օր պատմում է հորս, որ հայ, սակայն կրոնափոխ եղած մի աղջիկ կա, և առաջարկում է ամուսնանալ նրա հետ: Այդ աղջիկը մայրս էր` Արմանուշը, որը "ծուռ" Մելքոնյան էր: Մորս հայրը մասնակցել է Չանաքալեի պատերազմին թուրքական բանակի կազմում, այդ պատճառով նրան ավելի ուշ են աքսորել: Մորս` Արմանուշին, փրկել են չերքեզները, նրանք խոսում էին իվոներեն: Ես գիտեմ` իվոնները չերքեզների մասնիկ են, սակայն նրանք թրքացած էին: Երբ մեծ հայրս պատերազմից վերադառնում է, իր գյուղը դատարկ է գտնում: Մայրս` Արմանուշը, անվանափոխվել, դարձել էր Աիշե, իսկ տատս՝ Հռիփսիմեն էլ` Գյուլսիմա: Այնուհետև հայրը միացել է նրանց, Յակուբ անունով: Ծնվել են նրանց երկու կրտսեր դստրերը: Այնուհետև՝ ամուսնու մահվանից հետո, Հռիփսիմեն իր աղջիկների հետ վերադարձել է Հյուռնէջ գյուղ: Այստեղ էլ հայրս` Մանուկ Ավետիքյանը` Շերքեթը, ամուսնացել է Աիշեի հետ:       Հայրս ինձ խրատել է, որ երբեք ու երբեք չգնամ Հյուռնէջ, որովհետև ինքն այնտեղ շատ դաժան իրողությունների է ականատես եղել: 

Այնուհետև հայրս տեղափոխվում է Կեսարիա` ընտանիքին էլ հետը տեղափոխելով: Տարիներ անց նրանք գաղթել են ԱՄՆ, որտեղ էլ ծնվել եմ ես: Մեր գյուղի` Հյուռնէջի անունն այսօր Քոնուքլար է: Այն այսօր ներառված է Յոզղատ նահանգի սահմաններում": 

Պատմությունն ավարտելուց հետո Օ. Ավետիքյանը համացանցում փորձեց գտնել իրենց գյուղը` ինձ ցույց տալու համար: Փնտրելիս որդու հետ պատահաբար գտան մի հոլովակ, որը պատմում էր հենց Հյուռնէջի մասին: Հայր ու որդի հուզմունքով սկսեցին դիտել և, ի զարմանս ինձ, ճանաչեցին իրենց պապենական տունն ու բացատը, որի մասին լսել էին բազմիցս, բայց երբևէ չէին եղել այնտեղ: Մեր զրույցի ավարտին զրուցակիցս հուզումնալից երգեց` հայերենից սահուն անցնելով թուրքերենի. երկու լեզուն էլ իրեն հարազատ են, երկուսն էլ իրենն են:

 

 

 Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: