ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Մեծ մայրս մեծացել է թուրք ընտանիքում"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։


Պատմում է Սեդա Ավեդիքյանը


Մեծ մայրս՝ Օժենի Թորոսյանը, ջարդերի ժամանակ ընդամենը երեք տարեկան էր: Նա իր ընտանիքի հետ բնակվում էր Թուրքիայի Յոզղատ գավառի Բուրունկիշլա գյուղում: Ջարդերի հետևանքով մեծ մայրս կորցնում է իր ողջ ընտանիքը՝ մորը, հորը և եղբորը: Ինքն էլ հրաշքով է փրկվում: Նրա ծնողները, շատ լավ հասկանալով, որ սպանվելու են, երեխային փաթաթում են խսիրի մեջ և կախում ծառից՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կնկատի երեխային և կփրկի: Բարեբախտաբար, մեկ այլ հայ ընտանիք,  նկատում է ծառից կախված երեխային և տանում իր հետ: Սակայն գիտակցելով, որ իրենք նույնպես չեն կարող խուսափել ջարդերից՝ երեխային հանձնում են թուրք ընտանիքի՝ խոստանալով փրկվելու դեպքում անպայման վերադառնալ և վերցնել նրան: Դժբախտաբար, այդ ընտանիքի անդամներից և ոչ ոք չի վերադառնում:

 Այսպիսով՝ Օժենի Թորոսյանը մեծանում է թուրք ընտանիքում: Որպեսզի գյուղի բնակիչները չհասկանան, որ նա հայ է, ընտանիքում նրան անվանափոխում են։      

Տարիներ անց թուրք ընտանիքը գաղթում է Սեբաստիայի գյուղերից մեկը: Օրերից մի օր հայ ջրաղացպան է գալիս գյուղ՝ առևտուր անելու: Հետաքրքիր է նշել, որ ջարդերի ընթացքում շատ հայ ջրաղացպանների հաջողվում է փրկվել շնորհիվ իրենց մասնագիտական հմտությունների, որոնք օգտակար էին թուրքերի համար: Նա, տեղեկանալով, որ հայ աղջիկ է գյուղում բնակվում, որոշում է հանդիպել մեծ մորս և խոստանում նրան քաղաք տանել: Պայմանավորվում են գաղտնի հանդիպել գիշերը: Գյուղում, բացի մեծ մորիցս, նաև մեկ այլ հայ աղջիկ է լինում, սակայն վերջինս հրաժարվում է ջրաղացպանի հետ գյուղից փախչել՝ վախենալով, որ կարող է բռնվել:      

Քանի որ այդ ժամանակ Սեբաստիայում հայկական եկեղեցիները, դպրոցները և որբանոցները նույնպես արդեն ավերված էին, քաղաքում բնակվող հայ ընտանիքները որբ երեխաներին իրենց տանն էին պահում: Այսպես մեծ մայրս սկսում է բնակվել հայ ջրաղացպանի ընտանիքում։      

Մեծ մայրս տասնհինգ տարեկան գեղեցիկ աղջիկ էր՝ սպիտակամաշկ, սև վարսերով, կապույտ աչքերով, երբ հանդիպում է մեծ հորս՝ Վահան Մամպրելյանին, ում նույնպես հաջողվել էր փրկվել ջարդերից մեկ այլ թուրք ընտանիքի շնորհիվ: Ջարդերի ժամանակ մեծ հայրս տասնհինգ տարեկան էր: Գտնվում էր Սեբաստիայում և ուսանում էր Արամյան վարժարանում: Նրան փրկած թուրք ընտանիքը նրան երկար ժամանակ թունելում է պահել՝ այդ ընթացքում միայն կարողանալով ապահովել սննդով: Այսպիսով՝ ցեղասպանությունից հրաշքով փրկված երկու հայ՝ Օժենի Թորոսյանը և Վահան Մամպրելյանը, ճակատագրի բերումով միանում և ամուսնանում են: Հետագայում մեծ հայրս, հետաքրքրված լինելով մեծ մորս ծագման պատմությամբ, գնում է Բուրունկիշլա գյուղ, որտեղ բնակվում էր մեծ մորս փրկած թուրք ընտանիքը, և փորձում մեծ մորս ծնողների մասին տեղեկություն հավաքել: Նրան հաջողվում է Թորոսյան ընտանիքի մասին ստանալ ողջ տեղեկությունը: Այնուհետև նա բոլոր եկեղեցիներին նամակ է  գրում՝ հույս ունենալով գտնել մեծ մորս փրկված ազգականներից գոնե մեկին: Կեսարիայի եկեղեցուց նամակ է գալիս, որտեղ նշվում է, որ մեծ մորս հորեղբոր տղան փրկվել է և գտնվում է Կեսարիայում: Մեծ հայրս մեծ մորս հետ միասին գնում է Կեսարիա: Այնտեղ մեծ մայրս հանդիպում է իր հորեղբոր որդուն, որի միջոցով էլ կապեր է հաստատում փրկված մյուս բոլոր ազգականների հետ:     

Այսպիսով՝ ամփոփելով մեծ մորս կյանքի պատմությունը՝ կարող եմ միայն նշել, որ նրան, չնայած կրած չարչարանքներին, հաջողվում է երկու անգամ փրկվել. Առաջին անգամ՝ ծառից կախված մնալով և չմահանալով, երկրորդ անգամ էլ թուրք ընտանիքի շնորհիվ:      

Ես հպարտ եմ, որ կյանքի դժվարին ճանապարհը նրան ոչ թե տկար, այլ հակառակը` զորավոր էր դարձրել:     

Նա մեծ հորս հետ շարունակում է երջանիկ ապրել, ունենում է չորս զավակ, թոռներ և մահանում է իննսուն տարեկան հասակում:



Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: