ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Մայրս ասում էր՝ թուրքին շնորհիվ էր, որ ես հայր ու մայր ունեցա"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։


Պատմում է Եղիսաբեթ Կաթրջյանը


Մեր ընտանիքը և՛ թուրքերից տուժած է, և՛ թուրքերի կողմից փրկված։ Հայրս՝ Խաչիկ Կաթրջյանը, Ճերախ գյուղից էր: Նա որբ է եղել, ծնողներին կոտորել են Ցեղասպանության ժամանակ, իսկ քրոջը՝ Եղիսաբեթին, ում անունը ես կրում եմ, փախցրել են։ Հորս իր խնամքի տակ է վերցրել մորեղբայրը, իսկ մյուս հորաքրոջս՝ իրենց հորեղբայրը։       

Մանկությունը ծանր հետք էր թողել հորս հիշողության մեջ. ողջ կյանքում ոչինչ չէր ուզում ունենալ։        

Երբ մեծ էինք, ասում էր. "Աղջի՛կս, ոչինչ պետք չի։ Փոստ մը ըլլա, փոստի վրա քնենք, որովհետև թուրքերը կուգան… նորից կփախչենք"։          

Հետո պարզվեց, որ նրա ընտանիքը բավական հարուստ է եղել։ Երբ պետք էր տանը որևէ բան պատրաստել, ասում էր. "Աղջի՛կս, ադանք բաները մեր տանը ծառաները կընեին": Պատմում էր, որ հայրենիքում գեղեցիկ, մեծ տուն են ունեցել … Իսկ մենք զարմանում էինք։ 

Երբ մեր տանը խոսակցություն էր լինում, հայրս միշտ ասում էր՝ "ադ թուրքերը․․․", իսկ մայրս ասում էր. "Թուրքին շնորհիվ էր, որ ես հայր ու մայր ունեցա"։     

Մայրիկիս ընտանիքը Խազկալից է եղել: Իրենց ասում էին խազկալցիներ։ Պապս ու տատս` Հարությունն ու Սաթենիկը, Դոդոզյաններ էին, Դոդոզյանն ազգանունը չէ, թաղի անունն է՝ Դոդոզլար: Ժամանակի ընթացքում այդպես են գրանցել և դարձել են Դոդոզյաններ:       Մայրս՝ Հայկանուշը, ծնվել է 1914թ.-ին: 1915-ի ջարդերի ժամանակ նրանց անընդհատ գյուղից գյուղ են աքսորել:     

Անցնելով աքսորի ծանր ճանապարհը՝ հայտնվել են Սալոնիկում: Պապս պատմում էր, որ աքսորի ճանապարհն այնքան ծանր է եղել, որ մտածել են նույնիսկ երեխային` մորս, թողնել ծառի տակ և գնալ, բայց հետո որոշել են մինչև վերջ տանել նրան: Այսպես 1915-1916 թվականներին փախել են Հունաստան։       Սալոնիկում մայրս սովորել է Գյուլբենկյանի հիմնած դպրոցում, իսկ 1932-ին տեղափոխվել են Հայաստան:     

Մայրս այդ թուրքի շնորհիվ է իր ծնողների հետ մեծացել և միշտ հիշում էր այդ մասին: 

 Հայրիկս նույնպես գաղթել է Հունաստան՝ Աթենք, նրանք Հայաստան ավելի ուշ են տեղափոխվել: Ծնողներս արդեն այստեղ են հանդիպել՝ Հայաստանում: 



Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: