ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Ցեղասպանությունից փրկված մորս պատմությունը հրաշք է հիշեցնում"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։


Պատմում է Դոնարա Թարջումանյանը



Ցեղասպանությունից փրկված մորս պատմությունը հրաշք է հիշեցնում՝ իրական հեքիաթ…    Իսկապես, հրաշք էր այն տարիներին փրկվելը, գոյատևելը գրեթե անմարդկային պայմաններում, խուսափելը յաթաղանից ու հետագայում ընտանիք կազմելը, երջանիկ ապրելը …     

ույնիսկ չգիտեմ էլ՝ կարելի է արդյոք մորս կյանքը երջանիկ անվանել: Մանկության տարիներին ապրած արհավիրքը, տեսած դաժանությունները միշտ նրա աչքերում էին… Մայրս Ցեղասպանությունից փրկվածներից էր…

Մայրս՝ Սիրանույշ Հակոբյանը, ծնվել էր 1912 թվականին, Կարսում: Ծննդյան օրը չէր հիշում, պատմում էր միայն, որ այդ օրը Վարդավառի տոն է եղել, հուլիս ամիսը: Փոքրիկ երեխա է եղել, երբ Արևմտյան Հայաստանում սկսվել է Եղեռնը: Թուրքական կոտորածները Կարս են հասել մի փոքր ավելի ուշ: Ինչպես գիտեք, մինչև 1918թ. Կարսը ռուսական հպատակության տակ էր, իսկ 1918-ին ժամանակի ամենաանմատչելի քաղաք-ամրոցը հանձնվեց թուրքերին: …Հանձնվեց ու սկսվեց մղձավանջը, որ մինչև կյանքի վերջ մորս աչքերում էր:      

Կարսի հայերի մի զգալի հատված զոհ գնաց կոտորածներին, մեծ մասն էլ բռնեց գաղթի ճամփան: Մայրս երկու եղբայրների՝ Մնացականի ու Համբարձումի հետ մեծաթիվ հայ գաղթականների շարքերում էր: Պատմում էր, որ իրենց բոլորին մի ախոռ էին տարել: Մայրս փոքր էր եղել, բայց ամեն մանրուք տպավորվել էր: Պատմում էր, որ ախոռում, շարժվելու տեղ չկար, օդ չկար … Մորս հիշողության մեջ տպավորվել էր, որ զինվորներն ամեն օր գալիս, մի քանի հոգու անուն էին տալիս ու տանում նրանց… Բոլորն էլ գիտեին, որ տանում են սպանելու: Մի օր էլ գալիս են ու հարցնում` ովքեր են Սիրանույշը, Մնացականն ու Համբարձումը… "Մենք իրար նայեցինք ու հասկացանք, որ մեր հերթն էլ հասավ", - պատմում էր մայրս:      

Նրանց երեքին տարան, բայց թե ո՞ւր՝ չգիտեին: Որբ երեխաներն ավելի ուշ են գլխի ընկնում, որ իրենց փրկել են: Հայտնվելով մի մեծ պալատում՝ նրանք հանդիպում են իրենց հորեղբոր աղջկան՝ Աղավնուն:      

Աղավնու պատմությունն էլ հետաքրքիր է: Նրան ջարդի տարիներին մի թուրք փաշա էր տեսել ու սիրահարվել: Աղավնին ամուսնացել էր թուրքի հետ, տեղափոխվել նրա ամրոց: Սակայն աղջիկը միշտ տխուր էր… Թուրք փաշան ցանկացել է որևէ բան անել նրա համար, որպեսզի ուրախանա: Աղավնին էլ խնդրել է, որ իր հորեղբոր զավակներին ջարդից փրկի: Թուրք փաշան, ինչպես տեսնում եք, կատարել է կնոջ խնդրանքն ու փրկել հայ որբերին:

 Թուրքի տանը մորս ու քեռիներիս լավ են ընդունում, նոր հագուստ են տալիս, կերակրում: Մայրս հաստատ չէր հիշում, բայց ասում էր, որ բավական երկար՝ մոտ մի տարի ապրել են այնտեղ, մինչև որ թուրքերը բացահայտել են փաշայի արարքն ու սկսել հետապնդել: Փաշան կնոջը՝ Աղավնուն, վերցրել ու հեռացել է՝ որբերին նորից մենակ թողնելով:      

Չեմ հիշում, թե հետո մայրս եղբայրների հետ ուր է գնում, բայց արդյունքում իրենց հորեղբոր կնոջը՝ Աղավնու մորն են գտնում: Նրա օգնությամբ տեղափոխվում են Գյումրի:      

Մայրս պատմում էր, որ որոշ ժամանակ Գյումրիում ապրելուց հետո լուր է տարածվում, թե թուրքերը դուրս են եկել Կարսից, բոլոր գաղթականները կարող են վերադառնալ (ամենայն հավանականությամբ 1919 թվականին է եղել, երբ հայկական բանակը կարճ ժամանակով ազատագրեց Կարսը):     

Կարսի ազատագրման լուրը լսելով՝ Հայաստանում ապաստան գտած մեծ թվով կարսեցիներ, որոնց թվում էր մայրս իր եղբայրների հետ, նորից ճամփա են ընկնում հայրենի քաղաք: Այս անգամ Կարսում նրանք շատ կարճ են մնում: Քիչ անց, երբ քաղաքը ռուս-թուրքական համաձայնությամբ վերջնականապես անցնում է Թուրքիային, նրանք նորից բռնում են գաղթի ճամփան դեպի Հայաստան: Այս անգամ որբերը մենակ են մնում. հորեղբոր կինը ճանապարհին մահանում է: Ճանապարհին մայրս կորցնում է նաև փոքր եղբորը, ով անհայտ հիվանդությամբ է հիվանդանում ու մահանում:     

Մորս ու ավագ եղբորը բերում են Երևան: Երևանում որբերին մանկատուն են հանձնում. ներկայիս Սունդուկյան թատրոնի մոտակայքում այն ժամանակ մանկատուն էր գործում: Այնտեղ նրանց համար նոր կյանք է սկսվում … 

 

 


Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: