ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Հայրս մինչև կյանքի վերջ հիշում էր Զաբիթ էֆենդիին"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։


Պատմում է Հակոբ Մարգարյանը, վերարտադրողական առողջության,
պերինատոլոգիայի,  մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետականշ
ինստիտուտի անեստեզիայի և գինեկոլոգիայի բաժանմունքի
վարիչ, 2013թ. 3 բժիշկների կազմում մրցանակի է արժանացել
ունիկալ վիրահատության համար


Մեր իսկական ազգանունը Մալխասյան է, սակայն ճակատագրի բերումով դարձանք Մարգարյան:

 Իմ հայրը՝ Հարություն Մարգարյանը, ծնվել է Վանի Էվջիլեր քաղաքում 1899թ.-ին: Հորս հայրը՝ Վարդանը, երբ սկսել են կառուցել Բեռլին-Բաղդադ երկաթգիծը, վերակացու է եղել: Այնտեղ տարբեր ազգերի աշխատողներ են եղել՝ հայեր, հույներ, թուրքեր, քրդեր, արաբներ: Երբ աշխատավարձ էին ստանում, այն բերում-պահ էին տալիս տատիս՝ Վարդուհուն: Նա բոլորի անունները գրանցում էր ցուցակում և այդ գումարները դնում էր սնդուկում:

Երբ սկսվել է 1915-ի կոտորածը, առաջինների շարքում տարել են Վարդան պապիս: Առաջին զոհերից մեկը նա է եղել: Նա ունեցել է մի լավ թուրք ընկեր՝ Զաբիթ էֆենդին, ով ամբողջ ընտանիքին փախցրել է և 4-5 տարի պահել իր տանը: Տատս էր, հայրս, հորս ավագ եղբայր Միհրանը՝ ծնված 1895թ., Հայկը (1898թ.) և նրանց քույրը՝ Աղավնին (1897):     

Նրանք թուրքի ընտանիքի հետ ապրել են, աշխատել: Այդ մարդը երբեք իր տղաներից չի տարբերել հորս, հորեղբայրներիս … նրանց նույն կերպ կերակրել է, հագցրել …     

Միհրանը՝ մեծ եղբայրը, այդ քաղաքի խաղատանն է աշխատել:
1918-ին Միհրանին տանում են բանակ: Այդտեղ նրա թուրք հրամանատարն ասում է. "Կնոջս ու երեխայիս վերցրո՛ւ, տա՛ր Պոլիս, այնտեղից հետո կփախչես, ուր կուզես՝ գնա՛, միայն թե այլևս չվերադառնաս":     

Միհրանը հրամանատարի ընտանիքը հասցնում է Պոլիս: Այնտեղ նավահանգստում մի բուլղարական նավ է կանգնած լինում, գնում է, ասում, թե հայ եմ, ուզում եմ էստեղից փախչեմ: Նրան վերցնում են նավի վրա: Այսպես նա հայտնվում է Հունաստանում:     

Երբ սկսվում է ջարդի երկրորդ ալիքը, Զաբիթ էֆենդին ասում է. "Ես այլևս չեմ կարող ձեզ պահել, պետք է հեռանաք": Նա խուրջինները ուտելիքով է լցնում, ճանապարհի համար ամեն անհրաժեշտ բան դնում, և տատիկս իր զավակների հետ ճանապարհ է ընկնում:     

Թուրքի տղան հորս հետ կռված է լինում: Դե, երևի թուրք երիտասարդին դուր չէր գալիս, որ իր հայրը հայերին այդպես լավ էր վերաբերվում: Բայց ճանապարհելիս նա մոտենում է հորս, գրկում նրան և ասում. "Իմ մասին վատ չհիշես":     

Այդպես նրանք հասնում են մինչև Կիլիկիա՝ Մերսին քաղաքը: Ճանապարհին տարբեր դեպքեր են տեղի ունենում, սակայն նրանք առանց կորուստների տեղ են հասնում:

Իրենց հետ էր Միհրան հորեղբորս նշանած Եպրաքսիան: Ճանապարհին նա հիվանդանում է բնական ծաղիկով, ինչը շատ վտանգավոր է շրջապատի համար: Նրան մեկուսացնում են: Սակայն հայրս իտալացի բժշկին գումար է տալիս, որ այդ աղջկան կարողանան հիվանդանոցից դուրս հանել: Եվ նրան, դիակների մեջ դրած, հիվանդանոցից դուրս են հանում, բերում տուն: Ամեն օր բժշկին մեկ ոսկիէին տալիս, որ նրան տանը բուժի: Եվ Եպրաքսիան կենդանի է մնում:     

Հասնում են Մերսին քաղաքը: Ամբողջ նավահանգիստը դիակներով էր լցված, մարդիկ դրանց վրայով քայլում էին: Գնում էին նավ բարձրանալու: Այնքան շատ էին, որ նավից նրանց վրա եռման ջուր էին լցնում, որ չբարձրանան: Նավից մի հաստ ճոպան են գցում ամբոխի մեջ: Ով ճոպանի այս կողմում էր մնում, նա նավ էր նստում, ով մյուս կողմում՝ մնում էր ափին: Մեծ դժվարությամբ, բայց ողջ ընտանիքին էլ հաջողվում է նավ բարձրանալ:      

Մեկ էլ այդ թոհուբոհի մեջ տեսնում են, որ իրենց փայտե արկղը չկա: Կհիշեք, երևի, փողոցում կոշիկ մաքրողներն այդպիսի արկղ ունեին: Նրանք ողջ ճանապարհին այդպես փող էին աշխատել և ոսկիները պահել այդ արկղի գաղտնի դարակում: Հայկը նկատում է, որ արկղը ջրի մեջ լողում է: Նետվում է ջուրը և արկղը գրկած՝ նորից նավ բարձրանում:

Սկզբում եղել են Զակինտոս կղզում: Ջարդերից հետո, երբ հայերը ցաքուցրիվ էին, հայկական եկեղեցիներում իրենց մասին տեղեկություններ էին թողնում, թե "մենք գտնվում ենք այսինչ տեղում": Եվ այսպես շատերը միմյանց գտնում էին:     

Միհրանի նշանածը՝ Եպրաքսիան, եկեղեցում երկտող է թողնում՝ "մենք գտնվում ենք Զակինտոս կղզում": Եվ մի գեղեցիկ օր դուռը բացվում է, ներս է մտնում Միհրանը:

Այնտեղ շատ գաղթականներ են եղել: Մի օր հորս ասել են, որ շատ գեղեցիկ աղջիկներ կան: Հայրս գնում ու տեսնում է մորս՝ Սրբուհուն, որն այդ ժամանակ 16 տարեկան էր: Հայրս ասում է. "Արի՛ գնանք, քեզ հետաքրքիր բաներ ցույց կտամ": Այդպես տանում է իրենց տուն և այլևս թույլ չի տալիս հետ գնալ: Դրանից հետո նրանք ամուսնանում են, դա 1926 թվականն էր, և տեղափոխվում են Աթենք: Այստեղ կոշիկի արհեստանոց են հիմնում, այնուհետև՝ խանութ: Մի անգամ հայրս պանդոկում խմում է և վիճաբանության բռնվում մի հույնի հետ: Սա ասում է. "Կորե՛ք, գնացե՛ք ձեր երկիրը, ի՞նչ գործ ունեք այստեղ": Հայրս հարվածում է հույնին: Դրա պատճառով մոտ ութ ամիս բանտ է նստում: Դուրս է գալիս և որոշում, որ, իրոք, արդեն ժամանակն է գնալու Հայաստան: Ի դեպ, հայրս Նանսենյան անձնագիր ուներ: 

Հասնում են նավահանգիստ: Այնտեղ ցուցակով անուններ էին կարդում և մարդկանց թույլ տալիս նավ բարձրանալ: Կարդում են՝ "Մարգարյան", ոչ ոք ձայն չի հանում: Նորից են կարդում, ոչ ոք չի արձագանքում: Այդ ժամանակ հայրս ասում է՝ "մենք ենք Մարգարյան", ընտանիքով նավ է նստում ու գալիս Կովկաս: Դա 1932 թվականն էր: Ահա այդպես մեր ազգանունը Մալխասյանից դարձավ Մարգարյան:     

Հայրս մինչև կյանքի վերջ հիշում էր Զաբիթ էֆենդիին, խաչակնքում ու ասում. "Թող Աստված նրան ամենայն բարիք տա"… 



Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: