ԵՐԵՎԱՆ -0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396 դրամ +0,35 EUR - 431 դրամ -0,46 RUB - 5 դրամ -0,73 GBP - 490 դրամ -0,25
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը նախատեսում է վերանայել պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների հարկման ընթացակարգերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների, այդ թվում՝ ինքնակամ, անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները: Նախատեսվում է սահմանել նաև, որ շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում: Շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները: Նախագծերով նաև առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, նախագծերի փաթեթի նպատակը մի շարք անավարտ շինություններ ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է: «Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության համար: Երկրորդը՝ գտնում ենք, որ այսօր այդ անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը շինթույլտվության տեղական տուրքի դրույքաչափերի շատ ցածր լինելն է: Օրինակ՝ Երևանում ցանկացած գոտում 5 հազար քկմ շինության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ: Մենք առաջարկում ենք երկու կարգավորումներ այս առնչությամբ: Առաջինն այն է, որ առաջարկում ենք այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիներին: Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տաս անգամ: Այսինքն՝ Երևանի առաջինից չորրորդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար 5 հազար քկմ շինություն կառուցելու դեպքում թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Երևանում այս փոփոխությունները վերաբերվելու են բոլոր տիպի շենքերի և շինությունների կարգավորումներին, ներառյալ՝ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ և անհատական բնակելի տներ: Սահմանամերձ համայնքներում այդ առումով որևէ փոփոխություն չի նախատեսվում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը, որով այլ կարգավորումներ են նախատեսվում շինթույլտվության ժամկետն ավարտվելուց հետո: «Գույքային հարկեր պիտի վճարվեն: Շինթույլտվությունները երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ անեն: Սա առաջին կարգավորումն է: Տեսնենք այն իրավիճակի վրա ինչ ազդեցություն է ունենում: Հետագայում ես չեմ բացառում ավելի խիստ մեթոդների կիրառումը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր կարգավորում է: Ի վեջրո, եթե նույնիսկ այդ կառուցումը տեղի չունենա, գոնե համայնքի բյուջեն պետք է ինչ-որ փոխհատուցում ստանա դրա դիմաց, և գույքային հարկերով պետք է վճարումներ իրականացվեն»,-ասել է վարչապետը:

Այդ համատեքստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացից: Ըստ կոմիտեի ղեկավարի՝ այս պահի դրությամբ արդեն հաշվառվել է շուրջ 18000 ինքնակամ շինություն, որի մեծ մասը համայնքային և պետական հողերի վրա կառուցված ինքնակամ շինություն է: «Եվ մենք դնում ենք կարգավորում, որ այդ շինությունները ևս պետք է սկսեն հարկվել: Այստեղ ուզում եմ մի փաստ նշել՝ դա դեռևս չի նշանակում, որ համայնքը պարտավոր է այդ շինություններն օրինականացնել և հողը վաճառել համապատասխան ինքնակամ կառուցած սուբյեկտներին: Այս օբյեկտները կհարկվեն այնքան ժամանակ մինչև համայնքի ղեկավարը որոշում կկայացնի՝ կամ օտարել այդ հողը կամ ապամոնտաժել օբյեկտը: Կադաստրի կոմիտեն կիսաավարտ շինությունը կամ արդեն ավարտված շինությունը գույքահարկի բազա ներառելու համար պետք է ստանա համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Այս հարցը ևս քննարկման առարկա ենք դարձրել և նախատեսում ենք նախագիծ ներկայացնել, որով համայնքի ղեկավարը, եթե տալիս է քաղաքաշինական փաստաթուղթ որևէ օբյեկտի կամ եթե երկարաձգում է շինթույլտվությունը, ապա այդ տեղեկատվությունն անմիջապես փոխանցի Կադաստրի կոմիտեին: Կարծում ենք՝ շատ արագ տեմպերով այս նախագիծն էլ կներկայացնենք ի լրումն»,-ասել է Սուրեն Թովմասյանը:

Արձագանքելով՝ կառավարության ղեկավարը ընդգծել է նման կարգավորումների անհրաժեշտությունը, քանի որ հանրային շահը չի կարող ստորադասվել մի ինքնակամ շինության նկատմամբ իրավունք ունեցող անհատի շահին. «Եվ մենք այստեղ պետք է կարողանանք գնալ այդ թվում՝ քաղաքական որոշումների և այդ խնդիրները լուծել»:

Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

Գործադիրը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից՝ արտարժույթով, և այն, որ ներկայումս ԱՄՆ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, ինչը խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար, հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը:

Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբերին իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի։ Ինչպես նաև նրանց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։ «Նախագծի նպատակն է նաև ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին` իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարվելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի համաշխարհային բարդույթներին դիմակայելու համար։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը և պահպանել աշխատակիցների աշխատավարձերը»,–ասել է նախարարը։

Անդրադառնալով ընդուված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մի քանի ամիս է, ինչ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի մասնագետներից. «ՏՏ ոլորտի մասնագետները ահազանգում են, որ դրամի արժևորման արդյունքում որոշակի ռիսկերի առջև են կանգնում և կառավարությունից աջակցություն էին ակնկալում՝ այդ ռիսկերը կառավարելու առումով: Պետք է արձանագրել, որ մենք ամենատարբեր ձևաչափերով քննարկումներ ենք ունեցել և եկել ենք եզրակացության: Առաջին՝ մենք, իհարկե, պատրաստ էինք աջակցել, բայց մեր նախկին փորձը նաև հաշվի առնելով, խնդիր ունենք, որ աջակցություն լինի մաքսիմալ հասցեական և աջակցության արդյունքը լինի ոչ միայն տեղային, այլ ընդհանուր դրական ազդեցություն ունենա ոլորտի և տնտեսության վրա: Հիմա չենք կարող ասել կոնսենսուսային, բայց բազում քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ ռացիոնալ տարբերակը հենց այս տարբերակն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին 10 մլրդ դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որը մեր գնահատմամբ էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում: Իհարկե, հույս ունենք նաև, որ այս աջակցությամբ ոլորտը ոչ միայն ժամանակավոր, այլ երկարաժամկետ կտրվածքով իր մրցունակությունը կավելացնի՝ հարմարվելով այն նոր միջազգային և տնտեսական կոնյուկտուրային, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում»:

Գործադիրը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել մարզերին

Գործադիրի որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացվի 1,342,950.9 հազար դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 959,827.5 հազար դրամ:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, առաջին ծրագրով Արագածոտնի մարզին մեկ ծրագրի համար հատկացվում է 102 մլն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 152 մլն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար 66 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար՝ 122 մլն դրամ, Լոռու մարզին 10 ծրագրի համար՝ 459 մլն դրամ, Կոտայքի մարզին 12 ծրագրի համար՝ 260 մլն դրամ, Վայոց ձորի մարզին 2 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 2 ծրագրի համար 152 մլն դրամ: Երկրորդ ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար հատկացնել 114 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 571 մլն դրամ, Լոռու մարզին 4 ծրագրի համար՝ 146 մլն դրամ, Շիրակի մարզի 3 ծրագրի համար՝ 127 մլն դրամ:

Վարչապետը ներկայացրել է սուբվենցոին ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ բնակավայրի թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի և համայնքի 24 բնակավայրերի փողոցների, դեպի գերեզմանատուն տանող ճանապարհների ասֆալտապատում, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի շենքի առաջին հարկի տարածքի վերանորոգում, Արարատի մարզի Արարատ բնակավայրի ոռոգման ցանցի 5000 մ քայքայված խողովակաշարի փոխարինում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս բնակավայրի 710մ երկարությամբ Խ. Ստեփանյան փողոցի ասֆալտապատում, միակողմանի մայթի կառուցում և կահավորում, Լոռու մարզ Բովաձոր բնակավայրի ներհամայնքային 4-րդ փողոցի, 4-րդ փողոցի 1-ին փակուղու, 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, ընդամենը՝ 700մ երկարությամբ ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Կոտայքի մարզի Բյուրեղավան բնակավայրում 1700մ երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակներով ոռոգման համակարգի ներքին ցանցի կառուցում և վերանորոգում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին, Հորս, Քարագլուխ,Հերմոն, Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի՝ 6780 մ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցում, Տավուշի մարզի Դիլիջան բնակավայրի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում և այլն:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր: Արդյունքում կկարգավորվեն բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրները: Ըստ այդմ՝ նախատեսվում է մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 92,929.400 ՀՀ դրամ: Գումարները կուղղվեն, մասնավորապես՝ Կապան համայնքի Շիկահող բնակավայրում ԱԻՆ հենակետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերմանը, Գորիս համայնքի Ակներ գյուղի N 15 փողոցի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման և փորձաքննության, Սիսիանի բժշկական կենտրոնի մասնաշենքի վերանորոգման, Կապան համայնքի սահմանամերձ Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն, Ծավ բնակավայրերի աշխարհազորի զինանոցի կահավորման, Մեղրիի մանկապարտեզի գույքի ձեռք բերման համար:

Վարչապետը հանձնարարել է վերլուծել երկրում աղքատության կառուցվածքը և մշակել աղքատության հաղթահարման ռազմավարություն

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վիճակագրության կոմիտեի հրապարակած 2021 թվականի աղքատության ցուցանիշին: «2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս: Ընդ որում՝ եթե մենք համեմատում ենք ցուցանիշը 2020 թվականի հետ, 2021 թվականին ունենք աղքատության որոշակի նվազում, 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացում: Ես ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ դուք տեղյակ եք, որ 2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվառվում: Այսինքն՝ մենք 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել 2019 թվականից հետո առկա տվյալներին, որովհետև բացարձակապես տարբեր մեթոդաբանություններով են հաշվարկներն իրականացվել:

Հաջորդ հետաքրքիր ցուցանիշը, որ կուզենայի նշել, հետևյալն է, որ մենք ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ 2019 թվականի նկատմամբ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը` 0.8 տոկոսով աճ: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին COVID-ի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ 2020 թվականին COVID-ի մեր միջոցառումների արդյունքում մենք ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ COVID-ը ավարտվել է և հակաճգնաժամային ծրագրերն էլ ավարտվել են, մի փոքր ավելացել է»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանձնարարական է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին աղքատության կառուցվածքը խորը վերլուծելու և աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակելու վերաբերյալ: «Դա պետք է արվի մեր գաղափարաբանության շրջանակներում: Իսկ գաղափարաբանությունը հետևյալն է, դա իմ համոզմունքն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Այս առումով կարծում եմ, որ պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիակալան ոլորտի մեր քաղաքականությունը: Այսօր աշխատանքի շուկայում մենք աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք: Նախ՝ մեր երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը: Եվ մենք այսօր անընդհատ մասնավոր հատվածից ստանում ենք այդ ահազանգերը, որ իրենք աշխատող գտնելու խնդիր ունեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշել է, որ 2022 թ.-ին արձանագրվել է գործազրկության նվազում, ինչը 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով կազմում է մինչև 13 տոկոս: «Եթե համեմատում ենք 2021 թ. հետ, 14.5 տոկոս էր, այսինքն՝ գործազրկության մակարդակի նվազումը էական է: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց Վիճակագրական կոմիտեի մեկ այլ տվյալներով՝ 2022 թ. երկրորդ եռամսյակի առումով 9800 թափուր աշխատատեղ կա: Սա նշանակում է, որ այո՛, մենք մի կողմից ունենք գրանցված գործազուրկներ, որոնց թիվը այս տարվի 50400 է, 2021 թ.-ի համեմատ նվազել է 8000-ով»,-ասել է Նարեկ Մկրտչյանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ իրականացվող վերլուծության համաձայն, առաջիկա երեք տարիներին ոլորտային աշխատուժի պահանջարկը մեծանալու է գյուղատնտեսություն, շինարարություն, մեծածախ, մանրածախ առևտուր, փոխադրումների ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և առողջապահական սպասարկման ոլորտներում:

Անդրադառնալով 2023թ. պետական բյուջեով սահմանված 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու հանձնառությանը՝ վարչապետը նշել է, որ այս բոլոր ծրագրերը՝ սկսած սուբվենցիաներից, ավարտած աշխատուժի վերապատրաստման ծրագրերից, շատ էական նշանակություն են ունենալու այն ապահովելու համար: «Մենք այսօր ընկերություններից աշխատուժի բացակայության ահազանգ ենք ստանում: Այսինքն՝ ընկերությունն ընդլայնվելու պոտենցիալն ունի՝ ֆինանսական, տնտեսական, ռազմավարական, բայց աշխատուժի ներգրավման առումով խնդիր կարող է ունենալ: Սա շատ կարևոր թեմա է նաև աղքատության հաղթահարման առումով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հաջորդ տարի աղքատության ավելի ցածր ցուցանիշ կարձանագրվի. «Ինչն է հիմք տալիս այսպիսի հույս ունենալու՝ աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատավարձային ֆոնդի աննախադեպ բարձր թիվը և նաև գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը և, իհարկե, մյուս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը: Միայն պաշտպանության ոլորտը հանած, եթե ես ճիշտ եմ հիշում, մյուս ոլորտներում մոտավորապես 300 մլն դոլարից ավելի կապիտալ ներդրումներ ենք նախատեսում»:

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը նույնպես անդրադարձել է աշխատաշուկայում առկա խնդիրներին և նշել. «2021-2022 թվականների հոկտեմբեր ամսվա միջինացված հաշվարկով 0-ից բարձր աշխատավարձ ունեցող բազային ցուցանիշները հաշվի առնելով՝ մոտավորապես 30 հազար աշխատատեղ է ավելացել և 30 հազար մարդ արդեն աշխատում է: Այս առումով մեծ ներուժ կա 2023 թվականի աշխատատեղերի առումով: Տնտեսության արդյունավետության բարձրացման առումով մի շարք կազմակերպություններ սկսել են իրականացնել նոր մեթոդիկաների, նոր գիտելիքների ներգրավելու ուղղված ծրագրեր՝ աշխատակիցների կարողությունները, հմտությունները բարձրացնելու նպատակով»:

Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարման գումարը հոկտեմբերին կազմել է 162 միլիոն դրամ

Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշներին: «Մենք պայմանավորվենք ենք, որ պարբերաբար ամփոփելու ենք կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշները, որովհետև մենք այդ առևտրի ծավալներից կախված գումարների վերադարձ ենք իրականացնում հենց կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերին: Հուլիսի 1-ից է այս համակարգը ներդրվել: Ի՞նչ ցուցանիշներ ունենք և որ ամսվա ցուցանիշն ենք ամփոփել»,-հետաքրքրվել է գործադիրի ղեկավարը:

Ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա տվյալները. «Նոյեմբեր ամսվա տվյալներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կամփոփվեն, կստանանք Կենտրոնական բանկի մեր գործընկերներից: Երբ նայում ենք հոկտեմբեր ամսվա տվյալներին՝ ունենք շարունակական աճ, 30 տոկոս աճ կա: 1 մլդ 837 միլիոն է կազմում ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը: Շարունակական աճ կա ինչպես գործարքների թվի, հետվճարի ծավալի, շահառուների թվի ավելացման, այնպես էլ՝ միջին հետվճարի առումով: Այսպես՝ 10 հազարով ավելացել է շահառուների թիվը և միջին «քեշբեքի» հատվածը նույնպես: Բանկ կա, որ 3500-ն անցնում է, բայց հիմնականում՝ 3000 հազար է: Սա նշանակում է, որ ինչքան միջին հետվճարը մեծանում է, այնքան կանխիկացման ծավալն է փոքրանում: Եվ տեսնում ենք, որ դինամիկան յուրաքանչյուր ամիս 400 միլիոնով ավելանում է: Հուսով եմ, որ մյուս ամիս արդեն մենք հատած կլինենք 2 մլրդ և ավելի շեմը»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ տրամաբանությամբ փաստացի ստացվում է այն պնդումը, որ այս տարի կենսաթոշակը բարձրացվել է 2 անգամ. «Եվ այս տրամաբանությամբ ևս 2 անգամ կբարձրացնենք 2023 թվականին: Ընդ որում, այս համակարգի աշխատանքը լրջորեն պետք է վերլուծվի, և մենք նաև սոցիալական քաղաքականության ոլորտում պետք է հետևություններ անենք»:

Կապահովվի մի շարք կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և գույքով ապահովումը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում՝ 163,639.0 հազար դրամ հատկացնելով մի շարք կրթական հաստատությունների շենքերի ջեռուցման ապահովման հետ կապված շինարարական աշխատանքների կատարմանը և դրանց համար անհրաժեշտ նախագծմանը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավմանը: Մասնավորապես՝ գումար կհատկացվի Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կաթսայատան կառուցում և ջեռուցման իրականացման, Երևանի N 105 ավագ դպրոցի պարիսպի կառուցում, մուտքի դռների, արտաքին կոյուղու ցանցի և ջեռուցման մասնակի աշխատանքների, Գառնիի Ատոմի անվան հ․2 ավագ դպրոցի նոր կաթսայի տեղադրման համար, ինչպես նաև Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ, Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ.147 հիմնական, Երևանի Հ. Խաչատրյանի անվան N 199 հիմնական դպրոցների կաթսայատան կաթսաների փոխարինման համար:

Գործադիրն ընդունել է «Գույք հետ վերցնելու, ամրացնելու և նվիրաբերելու մասին» որոշում, որով առաջարկվում է թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Աշտարակում գտնվող անշարժ գույքը նվիրաբերել «Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ին կազմակերպությանը՝ Գոռ Թումանյանի անվան արվեստի դպրոց հիմնելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ նման խնդրանքով մարզպետարանին է դիմել Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ զոհված Գոռ Թումանյանի հայրը:

Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման ծրագիրը կիրականացվիլ ՀՀ մարզերում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ մարզերում իրականացված շահառու ընտանիքների վերահաշվառման արդյունքում ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու, մարզերում բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգը և պայմանները լրամշակելու նպատակով: Կապահովվի տրամադրվող ֆինանսական աջակցության չափի որոշումը, ինչպես նաև անձանց իրավունքների իրացման երաշխավորումը: Արդյունքում՝ փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձինք կունենան ծրագրից արդյունավետ օգտվելու, մշտական օթևան ունենալու հնարավորություն: Որոշման նպատակներից է լուծել 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը ՀՀ մարզերում: Հիմնավորման համաձայն՝ ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում և դրա շրջանակում բնակարանի գնման վկայագրեր են ստացել 270 ընտանիքներ, որոնցից 205-ը, 2022 թ. օգոստոսի 1-ի դրությամբ, արդեն իրացրել են վկայագրերը և գնել են բնակարաններ (փաստացի ծախսը կազմել է շուրջ 2.8 մլրդ․ դրամ)։ Այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: 2022 թ. սկզբից մեկնարկած մարզերում բնակվող հավակնորդ շահառու ընտանիքների վերահաշվառման արդյունքներով՝ ՀՀ 10 մարզերում բնակվում է 194 հավակնորդ շահառու ընտանիք։

Տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող անձինք կազատվեն ավելորդ վարչարարությունից և անհարկի ֆինանսական կորուստներից

Տրանսպորտային միջոցների ներմուծման ոլորտի զարգացմանը և այդ ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող (ֆիզիկական և իրավաբանական) անձինք կազատվեն ավելորդ վարչարարությունից և անհարկի ֆինանսական կորուստներից: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է ՀՀ սահմանից հեռու, այլ բնակավայրերում (օրինակ՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում, իսկ կազմակերպությունների կողմից տ/մ-ի ներմուծման դեպքում՝ Երևան քաղաքում), ինչից հետո նոր միայն տրանսպորտային միջոցը մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։ Շատ հաճախ ՀՀ ներմուծվող տ/մ-ները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, իսկ ներմուծողները ստիպված են լինում ավտոտարհանման համար վճարել բավականին մեծ, հաճախ կամայական և ոչ ողջամիտ գումար, նույնիսկ այն պարագայում, երբ տ/մ-ն սարքին վիճակում է և հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձևակերպման վայր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ սահմանին մաքսային մարմիներին լիազորել ՀՀ ներմուծվող և պետական գրանցման ենթակա տ/մ-ներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացնելու իրավասությամբ։

Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը

Կառավարության որոշմամբ կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը: 2020 թ. հուլիսի 1-ից, մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար) և երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։ Որոշմամբ առաջարկվում է հստակեցնել ծրագրերի իրականացման ընթացակարգերը և դրույթները, ինչպես նաև դրանք համապատասխանեցնել հիփոթեքային վարկավորման ոլորտում գործող այլ իրավական կարգավորումներին։ Մասնավորապես՝ հստակեցվում և գործող կարգերին է համապատասխանեցվում կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակում ապահովագրվող հիփոթեքային պարտավորության չափի հաշվարկման մեխանիզմը, դրամական աջակցության դադարեցման համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը: Համապատասխան փոփոխությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ստուգել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս հիփոթեքային վարկի մարումներ ունենալու վերաբերյալ պայմանը այն դեպքերում, երբ շահառուի՝ հիփոթեքային վարկի 12-րդ մարումը նախատեսված է շահառուի դիմելու ամսին և այլն: Ըստ հիմնավորման՝ ծրագրերի շրջանակում հոկտեմբերի 25-ի դրությամբ աջակցություն է ստացել 4675 շահառու, որից՝ 839-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 1289-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2547-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Ընդհանուր առմամբ վճարվել է 3,201,889,407 դրամ, որից՝ 694,905,592 դրամը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 74,185,339 դրամը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2,432,798,481 դրամը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում. կհստակեցվեն ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումները: Ծրագրում նախատեսվող լրացումներով կսահմանվեն, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կկիրառվեն երկրորդային շուկայից ձեռք բերման 2 (Երևան) և 4 (ՀՀ մարզեր) տոկոս սուբսիդավորման պայմանները:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է մեղմել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները: Ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների թիվը կազմում է 4,045 ընտանիք։ Նոյեմբերի 23-ի դրությամբ արդեն 2745 ընտանիք ստացել է հավաստագիր և սկսել հիփոթեքային վարկավորման գործընթացը, որի արդյունքում պարզվել է, որ ծրագրի սահմանափակումներն առաջացնում են արհեստական խոչընդոտներ հիփոթեքային վարկի ձևակերպման գործընթացում։ Որոշման արդյունքում հնարավորություն կստեղծվի տեղահանված ընտանիքներին անշարժ գույք վաճառողների առավել լայն շրջանակներից ընտրել և ձեռք բերել անշարժ գույքը: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է հավաստագրի փոփոխության նպատակով, անհրաժեշտության դեպքում, Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկատվության տրամադրման համար վերջնաժամկետը երկարաձգել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 20-ից և մինչև նոյեմբերի 15-ը հնարավոր չէ ապահովել բոլոր ընտանիքների հավաստագրերի ստացումը։

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներրից մեկում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Aմենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար սահմանված 22 ամսյա ժամկետը (փաստացի մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ) երկարաձգվել է մինչև 2022 թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Հոկտեմբերի 24-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 62 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. հոկտեմբերի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ մեկ ամսով երկարացվելու արդյունքում 62 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 18,600,000 դրամ: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է ներգրավել պետբյուջեով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Օրենսդրական այլ նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել ««ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ 2022թ. պետական բյուջեով այս տարվա ընթացքում կատարվել են շոււջ 140 մլրդ դրամ վերաբաշխումներ, նշված գումարի օրենքով սահմանված կարգի համաձայն վերաբաշխումների բացառությունները կազմել են ավելի քան 77 մլրդ դրամ, որից՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացումները՝ 66 մլրդ դրամ, ՔՈՎԻԴ-ի և ռազմական նշանակության ծախսերին ուղղվել է համապատասխանաբար՝ 1.6 մլրդ դրամ և 9 մլրդ դրամ, գործուղումների և պատվիրակությունների ընդունելության գծով՝ 0.6 մլրդ դրամ: Արդյունքում վերաբաշխումները բացառումներից հետո կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ, հասնելով օրենքով սահմանված 3% վերաբաշխումների շեմին։ Հավանություն է տրվել նաև «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծին:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը, որի արդյունքում Նախագծերի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի նկատմամբ:

Հավանության է արժանացել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության կառուցման, գործող վայրերում հիմնական վերանորոգման, կահավորման առանձնահատկությունները։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «Վերտեքս Գրուպ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։ Ընկերության կողմից տարվում են բանակցություններ դեպի ՌԴ և Վրաստան արտադրանքի արտահանման նպատակով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ մինչև 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 90 մլն դրամ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Տոսպ Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունն ներմուծվող հումքը կօգտագործի կանացի, տղամարդու և մանկական հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, 175 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 2.6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 70 նոր աշխատատեղ՝ մինչև 243 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ։

«ՎանՍևան» ՍՊԸ-ին նույնպես տրամադրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու թույլտություն: «ՎանՍևան»-ը ներմուծվող սարքավորումները կօգտագործի գինու արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 40.1 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 11 նոր աշխատատեղ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 40.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.8 մլն դրամ:

Միջազգային համագործակցություն. հավանության է արժանացել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը

Գործադիրի հավանությանն է արժանացել 2022 թ. սեպտեմբերի 14-ին և 2022 թ. հոկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծին: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական Միության մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարևանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) ծրագրին, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի զարգացման մեջ և տրամադրել է բազում հնարավորություններ նշյալ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցել տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին՝ նպաստելով ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների ամրապնդմանը և զարգացմանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում: Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) մասնակցությունը կաջակցի մշակութային բազմազանությանը և կխթանի մշակութային և ստեղծագործ ոլորտների մրցակցությունը:

Կառավարության որոշումներով հավանություն է տրվել 2022 թ. հոկտեմբերի 3-ին և 28-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին:

«ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է մասնավոր հատվածի բարձր մրցունակություն՝ սոցիալ-տնտեսական ավելի մեծ ազդեցություն ունենալու և ներդրումներ ներգրավելու համար: Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ինկուբացիային և արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին և ներդրումներին, քաղաքային և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի ներգրավմանը և կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը: Ծրագրով նախատեսվում է նաև ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում: Ըստ այդմ՝ աջակցություն կտրամադրվի սոցիալական պաշտպանության համակարգի ծառայությունների, մեխանիզմների ու մարդկային ռեսուրսների կարողությունների հզորացմանը, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և Միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանը և իրականացմանը, միջազգային չափորոշիչներին համապատասխան Հայաստանում հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը: Օժանդակություն կտրամադ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ձյուն
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 2,57 կմ/ժ
-0 C°
 
  -1° 
29.01.2023
   
30.01.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։